ԱԿԱՆԱԴԱՇՏԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԵՏ

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, թե Բաքուն «կառուցողական մոտեցում չի տեսնում Հայաստանի կողմից», որը «արգելակում է եռակողմ հայտարարությունների իրականացումը, անհարկի լարվածություն և նյարդայնություն մտցնում», գրում է «Կոմերսանտ» թերթը՝ «Սերգեյ Լավրովն անցավ ականապատ դաշտով» վերնագրով հոդվածում։ Չհստակեցնելով, թե հատկապես որ հարցում է Հայաստանը «արգելակում» հայտարարությունների իրականացումը, Բայրամովն անմիջապես անցավ ականապատ դաշտերի հարցին, որոնց քարտեզները Երևանը հրաժարվում է տրամադրել, «թեև եռակողմ հայտարարությամբ դա նախատեսված է»։

Հենց նույն օրը՝ մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեղադրեց ադրբեջանցի նախարարին միջազգային իրավունքի ոտնահարման մեջ, մասնավորապես՝ հայ գերիների իրավունքների պարագայում: Սակայն քչերն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ Բայրամովն ընդ որում հրապարակավ ստեց. եռակողմ երկու հայտարարություններից ոչ մեկում, ո՛չ նոյեմբերի 9–ի, ո՛չ էլ հունվարի 11-ի, նույնիսկ ոչ թե կետ, այլ մեկ բառ անգամ չկա ականադաշտերի քարտեզների, առավելևս՝ դրանք թշնամուն հանձնելու մասին։ Այսինքն Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական ամբիոնից լկտիաբար ստում է ռուս գործընկերոջ ներկայությամբ, մեղադրելով Հայաստանին, թե իբր՝ հրաժարվելով փոխանցել քարտեզը, նա «շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել»։

Ականապատ տարածքների մասին որևէ հիշատակումը, կրկնեմ, իսպառ բացակայում է եռակողմ հայտարարություններում։ Փոխարենը, ինչպես հայտնի է լայնորեն ու բոլորին, նոյեմբերի 9-ի պաշտոնական փաստաթղթում հստակ և ըմբռնելի, առանձին, 8-րդ կետով նշվում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների» փոխանակման անհրաժեշտության մասին։ Բայրամովին, անշուշտ, հայտնի է դա, բայց Բաքվում վաղուց պատրվակ են հորինել այդ կետը կատարելուց հրաժարվելու համար. իբր՝ դրանք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ, ուստի նրանց պիտի դատեն։ Այդ թեման արժանի է առանձին խոսակցության, իսկ առայժմ վերադառնանք ականապատ դաշտերի քարտեզներին։

Սերգեյ Լավրովը, որքան էլ տարօրինակ է, նախընտրեց չնկատել Բայրամովի լկտի սուտը, փոխարենը հայտնեց, որ «Հայաստանում բանակցությունների ընթացքում շոշափվել է ականադաշտերի թեման»: «Մենք այդ հարցը քննարկել ենք Երևանում։ Կարծում եմ, որ հայկական ղեկավարությունն ըմբռնում ունի, որ այդ հարցն անհրաժեշտ է լուծել։ Եվ առաջին քայլերն արվել են»։ Թե հատկապես ինչ «քայլեր» են արվել՝ չհապաղեց հաղորդել խորշելի «անդոնքոչարյանը», որը մայիսի 12-ին հերթական անգամ աչքի ընկավ անհամարժեք ու անվայել պահվածքով։ Նրա խոսքերով, «եթե գերիների վերադարձի հարցը Ադրբեջանը կապի ականապատ տարածքների քարտեզների հետ, հայկական կողմը չի զլանա տրամադրել այդ քարտեզները»:

Այսինքն, արձանագրենք. Փաշինյանը համաձայնել է Ալիևին հանձնել ականապատ տարածքների քարտեզները՝ որոշակի թվով գերիների վերադարձի դիմաց։ Կրկին արձանագրենք. Ալիևը հրաժարվում է անել այն, ինչ ՊԱՐՏԱՎՈՐ Է անել եռակողմ հայտարարության համաձայն, որի տակ ստորագրել է, բայց պահանջում է այն, ինչը Հայաստանն ու Արցախը չեն պարտավորվել անել ոչ մի փաստաթղթում, հայտնի հայտարարություններից կամ համաձայնագրերից ոչ մեկում։ Արցախի հիշատակումը տվյալ դեպքում կարևոր է, քանի որ ականադաշտերի քարտեզները պատկանում են Արցախի Պաշտպանության բանակին։ Այսպիսով, Փաշինյանը կրկին, ինչպեսև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս, իրեն վերապահում է այն, ինչի իրավաբանական և բարոյական որևէ իրավունք ինքը չունի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին նա իրեն իրավունք վերապահեց տնօրինելու Արցախի և այնտեղ ապրող մարդկանց ճակատագիրը, իսկ հիմա կրկին խոստանում է թշնամուն տալ այն, ինչը իրեն՝ Փաշինյանին, չի պատկանում։

«Գերիների կյանքը փրկելու» մասին իբր հոգացող «անդոնքոչարյանը» թող իրեն պահի իր կոկորդիլոսի արցունքները։ Այն, որ իր շեֆը ստորագրեց գերիների վերադարձի ժամկետներ չսահմանող փաստաթուղթը, ի տարբերություն հողերի հանձնման հստակ ժամկետների, ինչպես նաև իշխանությունների հետագա ողջ վերաբերմունքն այդ ցավոտ հարցի նկատմամբ, առավել քան համոզիչ ցույց են տալիս, որ գերեվարված հայրենակիցները Փաշինյանի ու իր զինակիցների համար սակարկության նույնպիսի առարկա են, ինչպիսին Ալիևի համար են։ Հենց միայն վեց պատանի զինվորների ողբերգական պատմությունը, որոնք զոհվեցին բացառապես Փաշինյանի ու իր ոհմակի ցինիկ անգործության պատճառով, դրա ակներև ապացույցն է։ Այլ հարց է, որ Նիկոլին հիմա հույժ անհրաժեշտ է վերադարձնել գոնե ինչ-որ քանակությամբ գերիներ՝ սեփական վարկանիշը բարձրացնելու համար։

Այն մասին, որ Ալիևը մտադիր է օժանդակել իր իջևանցի յուզգյարին ընտրություններում հաջողության հասնելու գործում (եթե իհարկե դրանք կայանան), վերադարձնելով մի խումբ գերիների, խոսում են բազմաթիվ փորձագետներ ու ԶԼՄ-ներ: Դրա հետ մեկտեղ հասկանալի է, որ Ալիևը երբեք հենց այնպես չի փոխանցի անգամ մեկ գերու և կփորձի անպայման ինչ-որ բան ստանալ դրա դիմաց.՝ լինի դա տարածք, թե քարտեզներ։ Ա.Քոչարյանի խոստովանությունը հենց այդպիսի պայմանավորվածությունների շարքից է. Փաշինյանը տալիս է քարտեզները, Ալիևը վերադարձնում է մեր 3, 5, 10... գերիների։ Եվ դա հրամցվում է որպես փաշինյանական դիվանագիտության մեծ հաղթանակ. կարելի է չկասկածել, որ իր «ժող ջանը» պատրաստակամությամբ ու մեծ հաճույքով կխփշտի էժանագին լապշան։

Չեմ հոգնի կրկնել. մի քանի հարյուր հայերի առկայությունն ադրբեջանական բանտերում Փաշինյանի մեղքն է ճիշտ նույնքան, որքան Ալիևի։ Նրանց գերեվարումը, միանգամայն հնարավոր է, ի սկզբանե ծրագրված էր հակահայկական հրեշավոր մտահղացման հեղինակների կողմից՝ Բաքվին Հայաստանի վրա ազդելու լծակներ տալու և պատերազմից հետո ամեն տեսակի զիջումների պարտադրելու համար։ Այսօր այդ մտահղացումն ավելի ցինիկ ուրվագծեր է ստանում, քանի որ հարյուրավոր մարդկանց ճակատագրերն առուծախի առարկա են դարձրել նաև հայաստանյան իշխանությունները՝ իշխանության ղեկին մնալու նպատակով։

Վերադառնալով ականապատ դաշտերի քարտեզին՝ նշեմ, որ այդ հարցը Ադրբեջանի կողմից դրվում է արդեն մի քանի ամիս շարունակ. սկսած մոտավորապես հունվարի վերջից, երբ Արցախում ականների վրա սկսեցին պայթել այդ հանցավոր գոյացության քաղաքացիները։ Նշենք, որ դրանց թվում էին ինչպես տարբեր նախագծեր իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, այնպես էլ, ընդ որում՝ առավել մեծ քանակությամբ, դիակապտիչներ, որոնք փափագում են վերջապես թալանով զբաղվել հայերի լքած տարածքներում։ Ադրբեջանցիների համար ավանդական այդ հանցավոր զբաղմունքը ծաղկում էր դեռևս հակամարտության առաջին տարիներին, երբ հայերի կողմից լքված գյուղերն ակնթարթորեն դառնում էին ադրբեջանցի զինվորականների, օմոնականների և պարզապես կողոպտիչների ավար։

Կարելի է միայն կռահել, թե ինչ բաղձանքով, ափերն իրար շփելով են հայացքը հառել Արցախի բռնազավթված տարածքներին ազերական մերձակա և ոչ միայն մերձակա բնակավայրերի բնակիչները։ Ավարի որոնումներով ապօրինաբար Արցախ ներթափանցածներից մի քանի տասնյակն այդ հանցավոր գայթակղության դիմաց արդեն հատուցել են կյանքով ու առողջությամբ։ Բանն այնտեղ է հասել, որ Բաքվում արդեն տուգանք են սահմանել այդօրինակ ճամփորդությունների համար, ինչը, սակայն, առանձնապես հետ չի պահում հեշտ ավարի առանձնակի թունդ սիրահարներին։ Չենք խոսում արդեն այն մասին, որ ականապատ դաշտերը էական խոչընդոտ են հայկական տարածքները պետական մակարդակով շուտափույթ յուրացնելու համար. թրքացման և հայկական հետքի ոչնչացման, այդ թվում ՝ պատմամշակութային։

Այդ քարտեզները ստանալուց եվ ականազերծման աշխատանքներից հետո հայկական Արցախի թրքացումն ու բնակեցումն օտար էթնիկ տարրով, բնականաբար, կարագանա։ Այդ կարևոր փաստաթղթերի դիմաց Ալիևը կվերադարձնի հայ գերիների մի փոքր խումբ։ Այսինքն Ադրբեջանը կլուծի իր համար ռազմավարական խնդիրն ընդամենը կատարելով միջազգային փաստաթղթի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի փոքր մասը։

Փաշինյանի առումով ամեն ինչ վաղուց պարզ է. գերիների ճակատագիրը նրան հուզում է ճիշտ այնքանով, որքանով նրանց վերադարձը կարող է օգնել իրեն ընտրություններում։ Հանուն իր նպատակի նա պատրաստ է ամեն ինչի և արդեն բազմիցս ապացուցել է դա։

Բայց անհասկանալի է, թե ինչու է Ռուսաստանը այդպիսի ներողամտություն ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ, որը կոպիտ ու լկտիաբար խախտում է այն համաձայնագիրը, որի տակ նաև նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունն է: Մոսկվայում չեն կարող չհասկանալ, որ նման պահվածքը, ինչպեսև ադրբեջանական զորքերի ներխուժումը Սյունիք՝ Լավրովի Բաքու կատարած այցից անմիջապես հետո, հերթական հակառուսական հիստերիայի առիթ կդառնա Հայաստանում և հեշտությամբ կօգտագործվի արևմտամետ ուժերի կողմից։ Ընդ որում տվյալ դեպքում դա միանգամայն արդարացված է. իսկապես չեզոք միջնորդը չպետք է կշեռքի նույն նժարին դնի միջազգային համաձայնագրի պարտադիր կետը, որի երաշխավորն է ինքը՝ միջնորդը, և հանցագործ պետության մերկախոս պահանջը, որը նշված չէ հրապարակային փաստաթղթերից ոչ մեկում։

Իսկ մենք պետք է մտածենք, թե ինչ է պահանջելու Ալիևը գերիների հաջորդ խմբի դիմաց՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը լայն հնարավորություններ է ընձեռում թուրքական դրածոյի տերերին։ Կարմիր Շուկա, Սև լիճ, էլի՞ ինչ որ բան, ինչի մասին մենք դեռ չենք կռահում։