1992 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՀ ԵՎ Ադ.Հ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԻՄՔ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանի շրջակա տարածաշրջանում խաղաղության-պատերազմի դինամիկան գրավում է բոլոր այն դերակատարների սևեռուն ուշադրությունը, որոնք իրենց միջազգային անվտանգային շահերն են առաջ մղում Մեծ Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ աշխարհառազմավարական տարածքում։

Այս համատեքստում Ադրբեջանի եվ Հայաստանի միջեվ սահմանագծման ու սահմանազատման խնդիրը, լինելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, պահանջում է ՀՀ և Ադ.Հ միջև շփման գիծը որպես բանակցությունների գործընթացի մեկնակետ դիտարկելու իրավազորության գիտափորձագիտական գնահատական:

Այդ առնչությամբ բանակցող կողմերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պետք է ուշադրության առնեն միջազգային-իրավաչափ հետևյալ փաստարկների ապացուցվածությունը.

1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների խախտումով 44-օրյա ռազմական ագրեսիայի նախաձեռնման փաստի անհերքելիությունը (1),

2. Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ի (միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից հակաօրինական և ահաբեկչական ճանաչված կազմակերպության) ջիհադիստներին ներգրավելու փաստի անհերքելիությունը (2):

Այսպիսով, ջիհադիստ ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված ներկայիս շփման գիծը չի կարող դիտարկվել որպես միջազգային-իրավական հիմք՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված սահմանները հստակեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացի կազմակերպման շուրջ բանակցությունների համար միջազգային-իրավաչափ հիմք են հանդիսանում ՀՀ և Ադ.Հ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանները: Որպես տեղեկանք հարկ է ընդգծել, որ Միավորված ազգերի կազմակերպության կողմից ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների ճանաչումը միջազգային-իրավաչափ փաստ է դարձել միաժամանակ՝ 1992թ. մարտի 2-ին, ՄԱԿ-ի անդամների կազմում պաշտոնական ընդգրկման արդյունքում (3):

ԱՄՓՈՓՈՒՄ.

Թուրք-ադրբեջանական ջիհադիստական ռազմական ագրեսիայի արդյունքներով սահմանագծման և սահմանազատման միջազգային-իրավաչափ գործընթացի նախապատրաստման բանակցությունների հիմքում պետք է դրվեն ՀՀ և Ադ.Հ պետական սահմանները, որոնք ճանաչվել են 1992 թվականի մարտի 2-ին ՄԱԿ-ին անդամակցելու արդյունքում։

Հղումներ՝

1 Azerbaijani and Turkish aggression against Armenia, European Parliament, 14 of October 2020

2 Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար. ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկին: Մոսկվա, Վեստի, 2020թ. հոկտեմբերի 6

Մակրոնը հայտարարել է Ղարաբաղում ջիհադիստական խմբավորումների գրոհայինների ներկայության մասին։ Բեռլին, DW, 2020թ. հոկտեմբերի 1

3. Անդամակցության մասին: Միավորված ազգերի կազմակերպություն։ Նյու Յորք