ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Վարդենիսում ադրբեջանցի զինվորականների սադրիչ գործողություններից։

Գեղարքունիքում կատարած փաստահավաք աշխատանքների ընթացքում Արման Թաթոյանը պարզել է, որ մայիսի 12-ին Վերին Շորժա գյուղին հարակից արոտավայրերում` անասնագոմերի մոտ ադրբեջանական զինված շուրջ 10 ծառայող մոտեցել են Վերին Շորժա գյուղի հովվին ու սպառնացել զենքով` նրա հետ խոսելով նաև հայերեն:

Նույն օրը Վարդենիսի ու Այրք գյուղի 6 հովիվների մոտեցել են ադրբեջանական մի քանի տասնյակ զինծառայողներ, սպառնացել զենքով ու նրանց 5 րոպե տվել հեռանալու համար` հակառակ դեպքում սպառնալով գերեվարել նրանց:

Իսկ Գեղամասարի Կութ գյուղի հովիվը գյուղի հարակից սարատեղիում հայտնաբերել է շուրջ 50 ադրբեջանական զինծառայողների:

Մայիսի 13-ին շուրջ 50 ադրբեջանական ծառայողներ սպառնացել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու պահանջել հեռանալ ` սպառնալով սպանել կամ գերեվարել:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև փաստում է, որ նույն օրը ադրբեջանական զինուժը նույն կերպ անցել էր նաև Սյունիքի մարզի Սև լճի` ՀՀ սւվերեն տարածք ու զենքով սպառնացել այնտեղ գտնվող հայ հովվին։

«Հովիվների պնդմամբ` իրենք այլևս հնարավորություն չունեն օգտվել արոտավայրերից: Ավելին` Կութ գյուղում, օրինակ, բնակիչները նշել են, որ կենդանիներին ստիպված են այլևս չուղարկել սարատեղիներ: Հարցն այն է, որ ադրբեջանական զինվորականները ֆիզիկապես են ներկա մարդկանց օրինական իրավունքներով պատկանող արոտավայրերում, իսկ մի մասի դեպքում էլ` անհնար է օգտագործել դրանք` ադրբեջանական նշանառության տակ հայտնվելու պատճառով»,– նշում է պաշտպանը։

Ի դեպ, Թաթոյանը նաև հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների հետ շփվելիս ադրբեջանցիները եղել են դիմակներով:

Սահմանամերձ համայնքների բնակիչներին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու համար Թաթոյանն անհրաժեշտ է համարում Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը, տեղեկացնում է Sputnik Armenia: