ԲԱՔՎԻ ՁԳՏՈՒՄՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԹԵՀՐԱՆԻ ՍՐՏՈՎ ՉԷ, ԿԱՄ ԻՆՉ ԿՏԱ ՀՀ-ԻՆ «ՊԱՐՍԻՑ ԾՈՑ-ՍԵՎ ԾՈՎ» ՄԻՋԱՆՑՔԸ
Հայաստանը կարևորում է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի գործարկումը և նախագծի առաջխաղացման համար պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները: Արդեն մոտ ժամանակներս այդ հարցի վերաբերյալ փաստաթղթի ստորագրում է սպասվում։
«Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման իրականացումը Հայաստանին թույլ կտա դառնալ Իրանը Վրաստանի հետ կապող առանցքային հանգույց։ Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման և տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցի քննարկման ֆոնին նախագծի նշանակությունն է՛լ ավելի է մեծացել։
Շահագրգիռ երկրների փորձագետներն ու պաշտոնատար անձինք բազմիցս նշել են, որ տրանսպորտային միջանցքի գործարկումը փոփոխություններ կբերի տարածաշրջանային լոգիստիկ համակարգում: Դա ընդգծվել է նաև Երևանում, Թբիլիսիում և Թեհրանում վերջերս կայացած քննարկումների ժամանակ։
Ի՞նչ են ասում ՀՀ պետական կառույցներում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ տրանսպորտային նախագծի իրականացումը թույլ կտա մեծացնել հանրապետության տարանցիկ ներուժը:
«Նախագիծը հատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի այն հնարավորինս արագ իրականացվի՝ բոլոր կողմերի համար ընդունելի պայմաններով»,-ասաց Սիմոնյանը:
Նախագծի նախաձեռնողը Իրանն է, դրան մասնակցում են նաև Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը:
Ինչպես հայտնեց Սիմոնյանը, ապրիլի կեսերին Երևանում այդ երկրի մասնագետների մասնակցությամբ նիստ է կայացել։ Մոտ ժամանակներս նախատեսվում է համաձայնագրի ստորագրում. այն, նախնական տվյալներով, տեղի կունենա Բուլղարիայում: Այնուհետև կես տարվա ընթացքում համակարգող խորհուրդ կձևավորվի, որն էլ կորոշի բոլոր լոգիստիկ երթուղիները։
Միջանցքը պետք է իրանական նավահանգիստները կապի վրացական նավահանգիստների հետ։ Ապրանքները Հնդկաստանից և Չինաստանից կարող են մուտք գործել Իրանի նավահանգիստներ, այնտեղից էլ երկաթուղով/ավտոճանապարհով՝ Հայաստան և Վրաստան: Իսկ արդեն Վրաստանից, կոնտեյներներով՝ դեպի բուլղարական և հունական նավահանգիստներ։
Այլ հարցեր
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց, որ այդ մասին խոսելիս իհարկե ամեն ինչ գեղեցիկ է հնչում։
Նա համաձայն է, որ միջանցքն անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ նոր հնարավորություններ կբացի մեր երկրի համար, մասնավորապես, թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատ օգտվել Իրանի նավահանգիստներից, կարևոր տարանցիկ հանգույց դառնալ։
Աղաջանյանը վստահ է, որ այդ միջանցքը Երևանին ավելի շատ է պետք, քան մյուսը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
««Պարսից ծոց-Սև ծովը» մեզ պետքական նախագիծ է։ Ադրբեջանի տարածքով ճանապարհների բացման և շահագործման վրա միջոցներ ծախսելու փոխարեն պետք է ներդրումներ կատարել Իրանի առաջարկած միջանցքում»,-ասաց գործարարը:
Սակայն բազմաթիվ հարցեր կան։ Մասնավորապես, ընկերության տնօրենին հետաքրքրում է, թե ինչպես է իրականացվելու նոր միջանցքի ստեղծման նախագիծը, ինչ տրանսպորտային հանգույցներով է այն անցնելու։ Եթե նախագծի համար Իրան-Հայաստան երկաթգիծ է անհրաժեշտ, ապա անհասկանալի է, թե ով և ում միջոցներով է այն կառուցելու։
Ո՞ր հարցում են շահագրգռված Վրաստանը և Ուկրաինան
Հարևան Վրաստանում ևս միջանցքի հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում։ Պաշտոնական Թբիլիսին գիտակցում է նախագծի կարևորությունը, բայց նաև հասկանում է, որ այն կյանքի կոչելու համար մեծ ներդրումներ են պահանջվելու։
Վրաստանի Տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ միջանցքը թույլ կտա միավորել Իրանի և Վրաստանի նավահանգիստները: Դա, իհարկե, առավելություն է, բայց թերություններ նույնպես կան։ Մասնավորապես, Թբիլիսիում վախենում են կորցնել Չինաստանից տարանցման մի մասը։
Բանն այն է, որ չինական նավահանգիստներից կոնտեյներները իրանական Բենդեր-Աբբաս նավահանգիստ են հասնում միջինը 18 օրում, իսկ մինչև վրացական Փոթի նավահանգիստ՝ 32 օրում։
«Նախագիծը ձեռնտու է նաև Ռուսաստանին, որը աբխազական երկաթուղու գործարկման դեպքում կարող է այդ երթուղով Հնդկաստանից ապրանքներ մատակարարել իր երկիր»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Ցագարեիշվիլին։
Նա կարծում է, որ կշահի նաև Ուկրաինան, որի համար Վրաստանի տարածքով դեպի Իրան ճանապարհն ամենահարմարն է։
Ցագարեիշվիլիի հաշվարկներով՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է 2 մլրդ դոլար։ Թե ով է ներդնելու՝ առայժմ անհասկանալի է։
Ինչո՞ւ է Թեհրանը Երևանին ընտրել
Պատահական չէ, որ որպես նախագծի իրականացման գործընկեր Իրանն ընտրել է հենց Հայաստանին, ոչ թե Ադրբեջանին։ Իրանագետները կարծում են, որ վերջին ռազմական գործողություններն Արցախում, Բաքվի և Անկարայի քաղաքականությունը տարածաշրջանում փարատել են այդ հարցում Թեհրանի կասկածները: Իրանը վերջնականապես կողմնորոշվել է՝ նախագիծը պետք է Հայաստանի հետ միասին իրականացվի։
Այսպես, իրանագետ Ժաննա Վարդանյանը կարծում է, որ Իրանը ճանապարհների դիվերսիֆիկացիայի կարիք ունի, իսկ Հայաստանը՝ դեպի Եվրոպա այլընտանքային ճանապարհի։
«Բացի այդ, Հայաստանի տարածքով նախագծի իրականացումը իրանցիներին թույլ կտա տրանսպորտային կախվածության մեջ չընկնել Բաքվից և Անկարայից»,-նկատեց Վարդանյանը։
Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր հերթին կարծում է, որ Հայաստանի դերը Իրանի արտաքին քաղաքականության մեջ ավելացել է, հատկապես Արցախյան պատերազմից հետո:
Նրա կարծիքով՝ Թեհրանում հաշվի են առնում բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որոնց բախվել են տարածաշրջանի երկրները։
«Հայաստանի տարածքով միջանցքի իրականացումը Իրանի կենսական շահերից է բխում։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ Նախիջևան տանող ճանապարհ ստանալու Բաքվի ձգտումն առանձնապես Թեհրանի սրտով չէ։ Իրանցիներին անհանգստացնում է նաև Անկարայի ակտիվությունն այդ հարցում»,-նկատեց Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի գործարկումը նվազագույնի կհասցնի այդ ռիսկերը և Հայաստանին այլընտրանքային երթուղի կտրամադրի դեպի Սև ծով և Պարսից ծոց:
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա