ԴԵ ԻՆՉ, ՓԱԿՎՈ՞ՒՄ ԵՆՔ

Ըստ էության, ոչ մի անսպասելի բան տեղի չի ունենում: Նիկոլի ժամկետը մոտենում է ավարտին, և Ալիևն իրեն չի զրկի նրան ծաղրել շարունակելու հաճույքից։ Եվ միաժամանակ՝ նաև մեզ։ Խիստ պատժեցին մեզ գոռոզամտության համար, ինչ խոսք

Ադրբեջանի ներկայացուցիչները երեկ չներկայացան նախապես հայտարարված բանակցություններին։ Դրանով իսկ ևս մեկ անգամ գունդ թքելով մեր Պաշտպանության նախարարության վրա, որը նախքան ամսի 19-ին նշանակված բանակցությունները՝ շարունակ սպառնում էր, որ եթե ողջամիտ ժամկետում ադրբեջանցիները դուրս չգան մեր տարածքից, ապա ինքներս կլուծենք հարցն ուժային ճանապարհով։

Իսկ ադրբեջանցիները վերցրեցին ու չեկան բանակցությունների։ Ասել է թե՝ լուծեք, դատարկախոսներ։ Իսկ մենք կնայենք, թե ինչ և ինչպես եք լուծում «ուժային ճանապարհով». դուք դրա պլոճիկը չունեք, տղաներ։ Կա՛մ կլինի այնպես, ինչպես ուզում է Ալիևը, կա՛մ թքած ունենք ձեր քարտեզների ու բանակցությունների վրա։ Դե, իսկ հետո ադրբեջանցիները հրապարակեցին այն տեսանյութը, հասկացնել տալով, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում հարցերն ուժային ճանապարտով լուծել սպառնացող մեր ՊՆ-ն։

Ըստ էության, այդ բանակցությունները պետք են Ադրբեջանին նույն այն նպատակով, ինչ որ պատերազմի ժամանակ ընթացող բանակցությունները։ Այն ժամանակ մենք ասում էինք, որ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպում է միջնորդների հետ և քննարկում հրադադարի պայմանները ոչ թե զինադադար կնքելու, այլ լոկ Ադրբեջանի ագրեսիայի շարունակման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Նույնն էլ հիմա. Հայաստանի հետ այն բանակցությունները, որոնք երբ ուզում, իբր վարում է, իսկ երբ ուզում, չի վարում Ադրբեջանը, հետապնդում են միայն մեկ նպատակ. ստեղծել առավելագույն բարենպաստ պայմաններ, որպեսզի ադրբեջանցի զինվորականները ամուր հաստատվեն Հայաստանի տարածքում զավթած դիրքերում։ Այդ խնդիրը Բաքուն հաջողությամբ լուծում է՝ ամրացնելով իր զինվորականների դիրքերը Սև լճի մոտ, այնտեղ տանող գրունտային ճանապարհ հարթելով։ Եվ եթե նախկինում խոսվում էր ադրբեջանցի 200 զինվորականների մասին, ապա այժմ Փաշինյանը կառավարության նիստում գոհունակությամբ ընդունում է, որ հանրապետության տարածքում կա 600 ադրբեջանցի զինվորական։ 8 օրում դրանց թիվը եռապատկվել է, ակտիվորեն բազմանում են, չնայած մեր Պաշտպանության նախարարության հավաստիացումներին, թե իբր՝ փակել ենք նրանց թիկունքային ապահովումը։

Ճար չկա, ստիպված ենք դիմանալ։ Ինքներս իշխանության բերեցինք կյանքից նեղացած այս մանր բանսարկուին, հիմա պետք է դիմանանք։ Մինչև հունիսի 20-ը: Այդժամ գուցե մի հնար բացվի։ Բայց փաստ չէ, քանզի, ինչպես ասում է Սեմյոն Բաղդասարովը, «Փաշինյանը ոտուձեռով կառչած կմնա իշխանությանը, որպեսզի զուտ տղավարի անի հանձն առած գործն ու վերջնական փլուզման հասցնի հայոց պետականությունը»։ Դե ինչ, եթե մենք դա թույլ տանք նրան, ապա, ինչպես ասում է սոցցանցերի մի օգտատեր, «Հայաստան» նախագիծը հոգին կավանդի։ Եվ այդ պատմական առիթով հայկական առատ սեղանի շուրջ մենք միասին բաժակ կբարձրացնենք՝ խմելով բոլոր նրանց կենացը, ովքեր ոգևորված դըմփ-դըմփ-հու էին գոչում 2018-ի ապրիլին:

... Սրանք ստացան կայացած պետություն, կայացած բանակ, կայացած Արցախ։ Երեք տարվա ընթացքում ուսապարկերի, գործակալական ցանցի և «ժողովրդավար մտավորականության» կողմից խրախուսվող այս մանր բանսարկուն փլուզեց ամեն ինչ։ Մենք զգուշացնում էինք՝ ինչպես կարող էինք, առաջին իսկ օրվանից։ Ներող կլինեք, ընթացքը կասեցնել չկարողացանք. մի կողմից՝ շատ բան արդեն բաց էր թողնված, իմ մյուս կողմից՝ լավ նախապատրաստված էր։

Եվ այո, իհարկե, Նիկոլի հրաժեշտի վարագույրը փակվելուց առաջ՝ Ալիևը հույս ունի նրանից պոկել նոր տարածքներ և փաստաթուղթ, որը կհաստատի Հայաստանի համաձայնությունը Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակին։ Իսկ ինչո՞ւ պիտի չցանկանա դա, եթե ստեղծված են բոլոր նախադրյալները։

Основная тема:
Теги: