Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ «ԷՐԱՏՈ»-Ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱ՞Ր
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կառավարության երեկվա նիստից հետո չպատասխանեց լրագրողների հարցերին և պարզապես փախավ։ Հարցերը վերաբերում էին սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև այն չարաբաստիկ տեսանյութին, որն օրերս պարզապես փոթորիկ բարձրացրեց սոցցանցերում։ Դավթյանին հարցրեցին, թե ինչ է զգում, երբ նվաստացնում են հայոց բանակին, բայց երկրի զինվորական գլխավոր պաշտոնը զբաղեցնող մարդը աճապարանքով հեռացավ։ Գուցեև լավ է, որ լռեց. ուրեմն խղճի ինչ-որ նշույլներ դեռ պահպանվել են, ի տարբերություն կառավարության այն անդամների, որոնք ցուցաբերում են սանձարձակ, ցինիկ պահվածք և բացահայտ զառանցանքներ բարբաջում։
Ֆեյսբուքի հայկական հատվածում իսկական պայթյուն առաջացրած տեսանյութի հավաստիությունը, որտեղ ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում ու քշում են ՀՀ զինված ուժերի համազգեստով մարդուն Հայաստանի ինքնիշխան տարածքում, սկզբում հերքեցին Փաշինյանի թիմի առավել խորշելի ներկայացուցիչները (Ալեն Սիմոնյան, Արփի Դավոյան և այլ ուսապարկեր), բայց այնուհետ դա հաստատվեց Պաշտպանության նախարարության կողմից: Վերջինս հայտարարեց, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17-ին Վարդենիսի շրջանում, հավելելով, թե արագ հարթվել է։ Թե ինչպես է հարթվել՝ նախարարությունը չհաղորդեց։ Իսկ այ Դանիել Իոաննիսյան անունով տխրահռչակ անձնավորությունը, որը բացարձակապես ոչ մի կապ չունի բանակի, սահմանների և Պաշտպանության նախարարության հետ, իր էջում հայտնեց, թե իբր՝ «միջադեպի շարունակությունը մեր օգտին է եղել»։ «Մեր օգտին եղած շարունակությունը» այդուհանդերձ չհրապարակվեց։
Դրանից մեկ օր առաջ Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրառում էր հրապարակել, որը դարձյալ վերաբերում էր բանակին և մեկնաբանությունների տարափ էր հարուցել: Նա հաղորդել էր հետևյալը. «Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ։ Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդ տանելն էր»։
Հիշեցնեմ, որ Դանիել Իոաննիսյանն ընդամենը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարն է, որը սնվում է բացառապես Սորոսի և արևմտյան այլ դրամաշնորհներով։ Խոսքը հայկական բանակի սահմանամերձ մարտական դիրքեր այցելելու մասին է, ընդ որում՝ պետության տարածքային ամբողջականության խախտման և գործնականում չավարտված պատերազմի պայմաններում։ Պաշտպանության նախարարության պաշտոնապես հնչեցրած այն հայտարարության խորապատկերին, թե Հայաստանն իրեն իրավունք է վերապահում պետության սահմաններ թշնամու ներխուժման հետ կապված իրավիճակը լուծել ուժային ճանապարհով՝ սեփական սահմանները պաշտպանելու նպատակով։
Ուրեմն ի՞նչ իրավունքով է գրեթե հազար հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը հնարավորություն ստանում մեկնել մարտական դիրքեր, ստանալ պետության անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկատվություն, սնունդ տանել զինծառայողներին, իսկ հետո լրացնել Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը սահմանին տեղի ունեցած սկանդալային և խայտառակ միջադեպի մասին։ Ի՞նչ աստիճանի է հասել քաոսն այդ գերատեսչությունում, որ շարքային քաղաքացուն, առավելևս՝ օտար պետությունների կողմից ֆինանսավորվող, իրավունք է տրված մեկնել մարտական դիրքեր, տեղեկություններ հավաքել և հետո օգտագործել դրանք սեփական հայեցողությամբ։
Ուշադրություն դարձրեք հենց Իոաննիսյանի նշած նպատակին. բարոյական աջակցություն ցուցաբում։ Ոչինչ չի՞ հիշեցնում։ Ճի՛շտ է, հենց այդպես բացատրեց Փաշինյանը պատերազմի ժամանակ իր կնոջ ներկայությունն Արցախում հայկական բանակի հրամանատարական կետի բունկերում։ Իբր, նա այնտեղ էր՝ գեներալներին բարոյական աջակցություն ցուցաբերելու համար։ Թե ինչ տեղի ունեցավ հետո, բացի ամենից՝ նաև «Էրատո» ջոկատի հրամանատարի այդ «մարդասիրական» ակցիայի արդյունքում, հայտնի է բոլորին։ Թե ինչով է սպառնում սորոսական սնածուի բարոյական աջակցությունը դիրքերում գտնվող զինվորներին, դեռ նոր պիտի իմանանք։
2018 թվականի գարնանը տեղի ունեցած «թավշե» հեղաշրջման արդյունքներից մեկը հասարակական-քաղաքական ասպարեզում մի շարք անձանց հայտնվելն էր, որոնք պետական ոչ մի պաշտոն չեն զբաղեցնում, բայց ունեն գործնականում անսահմանափակ հնարավորություններ և ազատ ելումուտ ամենուր, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսանկյունից պետական նշանակության օբյեկտներ: Դանիել Իոաննիսյանը «ընտրյալների» այդ խմբի առավել վառ ներկայացուցիչն է։ Հիշենք թեկուզ այն փաստը, որ նա անարգել շրջում էր առաջնագծում Արցախում պատերազմի ժամանակ, ինչպես նաև նրա քրոջ հետ կապված պատմությունը, որը վերջերս հրապարակել էր Փաշինյանի հանրահայտ «ՊՈԱԿԻ»՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» (առավել հայտնի որպես «ֆեյքերի ֆաբրիկա») աշխատակիցներից մեկը։
Պարզվեց, որ Դանիկի քույրիկը նույնպես Արցախում է եղել պատերազմական գործողությունների օրերին և փորձել է գնալ առաջնագիծ՝ անհասկանալի նպատակով։ Կենտրոնի աշխատակիցը միաժամանակ հրապարակել էր նաև հենց իր՝ Իոաննիսյանի հակահայկական գործունեության մի շարք դրվագներ։ Հաջորդ օրը Դանիկը «աջակցության խմբով» լույս էր ընկել նշված հաստատության գրասենյակ և հաշվեպարզում սկսել աշխատակիցների հետ։ Նշենք, որ այդ հաստատությունը հսկվում է ոստիկանության կողմից և առանց թույլտվության այնտեղ մտնելը բարդ է։ Բայց, ինչպես պարզվում է, միայն ոչ Իոաննիսյանի համար։
Հիշենք նաև, թե ինչպես էր սույն սուբյեկտը կարանտինի օրերին շրջում Երևանում ոստիկանի ուղեկցությամբ և փորձում հսկողություն իրականացնել քաղաքացիների նկատմամբ։ Ոչ ոք այդպես էլ չբացատրեց, թե ինչ իրավունքով է նրան տրամադրվել անձնական ոստիկան և ով է լիազորել վերահսկողական գործառույթներ իրականացնել։ Ավելի վաղ՝ 2020-ի մարտին, հենց Իոաննիսյանի կազմակերպությունն էր միակ ՀԿ-ն, որին հատկացվեց ՀՀ կառավարության պետական դրամաշնորհը՝ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների մոնիթորինգի առաքելություն իրականացնելու համար։
Այս ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել, բայց առանց այդ էլ պարզ է, որ բացի հասարակական գործիչ լինելուց՝ գործնականում որևէ այլ կարգավիճակ չունեցող անհասկանալի կերպարը իշխանությունների կողմից օժտված է առանձնահատուկ իրավունքներով, ընդհուպ մինչև գաղտնի, այդ թվում՝ ռազմական օբյեկտներ մտնելու հնարավորություն։ Եվ ոչ ոք, այդ թվում ՝ ԱԱԾ-ն, ոչ մի անգամ հաշիվ չպահանջեց նրանից, թե ինչ նպատակով է այնտեղ եղել, ինչ է արել, ինչպես է մտադիր օգտագործել ստացած տեղեկատվությունը, ինչպես նաև, ինչը պակաս կարևոր չէ, թե ով վարձատրում այդ գործունեության համար: Մի՞թե սա գիտակցաբար և նպատակաուղղված կերպով ստեղծված այն բարդակի ամենահամոզիչ ցուցանիշը չէ, որ տիրում է պետկառավարման և ազգային անվտանգության համակարգում։
Ի դեպ, երեկ ՊՆ-ն հորդորեց քաղաքացիներին զերծ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի այն շրջաններ այցելելուց, որտեղ ներկայումս իրավիճակը լարված է։
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին առանձին քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ փորձում են ներթափանցել Սյունիքի և Գեղարքունիքի այն սահմանամերձ հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքներ: Հետաքրքիր է, վերաբերո՞ւմ է արդյոք այդ խնդրանքն Իոաննիսյանին, թե՞ հատուկ կարգավիճակով օժտված այդ «սորոսականը» դուրս է կառավարության որևէ օրենքներից, կանոններից և հրահանգներից։