«ԻՆՉ ՈՒԶԵՄ, ԷՆ ԷԼ ԿՍՏՈՐԱԳՐԵ՛Մ». ՆԻԿՈԼԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ
Ալիևը սեփական ձեռքով կգծի Հայաստանի պետական սահմանը:
ՆԱՏՕ-ի քարտուղար Յեն Ստոլտենբերգը խիստ կզարմանար, եթե դաշինքի անդամ պետություններից մեկի առաջնորդը բողոքեր ՆԱՏՕ-ին, որ իր երկրի սահմանն անցել է հարևան պետության 250 (հետագայում՝ մինչև 600) զինված քաղաքացի:
Ստոլտենբերգն ակնհայտորեն կմտածեր, թե իր հետ կատակում են. 250 (և նույնիսկ 600) մարդը բնավ առիթ չէ ռազմական դաշինքներին դիմելու համար, եթե, իհարկե, խոսքը պետության մասին է: ՀԱՊԿ-ում Փաշինյանի մասին բոլորին ամեն ինչ հայտնի է, ուստի այնտեղ նույնիսկ չզարմացան, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը հրաման է տվել չկրակել, իսկ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարել է, թե իբր՝ գուցե նրանց (ադրբեջանցիների) ուզածն էլ հենց դա է, որ իրենց վրա կրակ բացեն... Իրականում Փաշինյանը ձեռնարկել է պրիմիտիվ բազմաքայլ խաղ, որպեսզի բարդի սեփական մեղքը ՀԱՊԿ-ի վրա։
Բռնազավթման 9-րդ օրը՝ մայիսի 20-ին, վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց սահմանագծի ողջ երկայնքով հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ընդհարումների մասին։ Այդ ժամանակ խոսքն արդեն Հայաստանի տարածքում գտնվող 500-600 ադրբեջանցիների մասին էր։ Այսօր-վաղը նրանց թիվը կարող է ավելանալ մի քանի անգամ։ Ի՞նչ եղավ վերջնագիրը՝ ուժի կիրառման թեմայով։ Թե՞ ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը առաջվա պես չեն միջամտում իրենց իսկ գործերին։
Մայիսի 12-ից Սյունիքի մի մասն ու Գեղարքունիքի մի մասը բռնազավթված են, հերթը Տավուշի և Արարատի մարզի համայնքներինն է։ Փաշինյանը հայտարարեց մի փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին, որի մի մասը հրապարակել Է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ նախնական պայմանավորվածությունները «ոչ թե 99,9%-ով, այլ 100%-ով համապատասխանում են Հայաստանի շահերին»: Մարդը, որը խաբել է ժողովրդին պատերազմի բոլոր 44 օրերին, նախօրեին հայտարարեց, որ կստորագրի Հայաստանի շահերին համապատասխանող փաստաթուղթ։ Փախեք-փրկվե՛ք։ Եթե Նիկոլի կարծիքով ինչ-որ բան համապատասխանում է Հայաստանի շահերին, ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան. հասունանում է նոր դավաճանություն։
Կապիտուլյանտը պատրաստ է ստորագրել պետական սահմանի վերջնական և անդառնալի գծագրման մասին փաստաթուղթը՝ Բաքվի և Անկարայի ծրագրերին համապատասխան, իսկ եթե կոչենք իրերն իրենց անուններով, ապա Փաշինյանը համաձայն է, որ Ալիևը սեփական ձեռքով գծի Հայաստանի պետական սահմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եռակողմ հանձնաժողովը լոկ շղարշ է: Ռուսները չեն պայքարի մեր սահմանների համար, եթե Փաշինյանը ամեն ինչում համաձայն լինի Ալիևի կարծիքին։
Ալիևը համաձայնել է մի փաստաթղթի, որը 100%-ով բխում է Հայաստանի շահերի՞ց
Մայիսի 12-ից ի վեր երկիրը գտնվում է պատերազմի և ստորացուցիչ բռնազավթման արանքում՝ առանց մեկ կրակոցի։ Որոշ քաղաքագետներ կարծում են, որ մայիսի 12-ից երկրի գլխավերևում նոր պատերազմի վտանգ է կախված, մյուսները համարում են, որ ադրբեջանցիները չեն համարձակվի կրակ բացել այն դիրքերի վրա, որտեղ հայ զինվորականների հետ մեկտեղ գտնվում են ռուս սահմանապահները: Ընդ որում բոլոր առաջատար քաղաքագետներն իրենց մեկնաբանություններում համակարծիք են այն հարցում, որ ՀԱՊԿ-ին դիմելու նպատակը հետագա իրադարձությունների մեղքը ռազմական դաշինքի վրա բարդելն էր:
Լուրերն այն մասին, որ սահմանների վերաբերյալ Ալիևի հետ կապիտուլյանտի սեպարատ պայմանավորվածություններն արտացոլված են համապատասխան փաստաթղթում, արդեն իրականություն են: Մնում է տարակուսել, թե ո՞ւր են հետևանքները։ Երեկ կառավարության շենքի մոտ «Զարթոնք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի ակցիան, ցավոք, չկրկնեց կապիտուլյանտի հրաժարականի պահանջով ընդդիմության զանգվածային ելույթները։ Առհասարակ զանգվածների վիճակն ու ընթացիկ գործընթացների նկատմամբ հասարակության արձագանքը արժանի են առանձին խոսակցության. այդ արձագանքը չի արդարացնում սպասելիքները, ինչը հստակ դրսևորվեց նախօրեին կառավարության և ԱԳՆ շենքերի մոտ տեղի ունեցած ակցիաների ժամանակ։ Բնակչության անհամարժեք արձագանքի պատճառների մասին կխոսենք առաջիկա օրերին…
Ուշագրավ հանգամանք. մայիսի 15-ին Նիկոլն ու իր ընտանիքի անդամները գիշերել են կառավարության շենքում, ոստիկանության պահախմբի ուժեղ հսկողության տակ: Այս անգամ կապիտուլյանտը որոշել է, որ ՊՆ բունկերը պատսպարվելու համար հարմար չէ, ուստի խրամատավորվել է կառավարության շենքում: Ինչո՞ւ։ Փաստաթղթի մասին, որը մասամբ գաղտնազերծել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտնի դարձավ մայիսի 19-ին, որից հետո մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը սակավաթիվ տարերային ակցիա տեղի ունեցավ կառավարության շենքի և կառավարական ամառանոցների մուտքի մոտ, որտեղ այդ պահին գտնվում էր Փաշինյանի ընտանիքը: Թե ինչից էր այդչափ վախեցած կապիտուլյանտը մայիսի 15-ին, այդպես էլ մնաց առեղծված…
Երբ կապիտուլյանտը խոստացել էր Ալիևին լուծել սահմանների հարցը, Հայաստանում արտահերթ ընտրությունների նախապատրաստություն դեռևս չէր ընթանում, իսկ այսօր Ալիևը շտապեցնում է Նիկոլին, վախենալով հունիսի 20-ի քվեարկության արդյունքից։ Կրկնվում է «Ինչ որ պետք է, էն էլ բանակցո՛ւմ ենք», հայտարարության հետ կապված իրավիճակը, որը Փաշինյանը հնչեցրեց խորհրդարանի ամբիոնից պատերազմից ոչ շատ առաջ։ Այդ հայտարարությանը հաջորդեց թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, ինչը հստակ հաստատեց ընդդիմության ներկայացրած այն մեղադրանքների արդարացիությունը, որ իշխանությունը տապալել է բանակցությունները։ Այսօր, Արցախը հանձնելուց հետո, կապիտուլյանտը հնչեցնում է «ինչ ուզեմ, էն էլ կստորագրե՛մ» մոտեցումը։
Նիկոլը փորձում է համոզել ժողովրդին, թե Ալիևի հետ համաձայնեցված է Հայաստանի շահերին համապատասխանող փաստաթուղթ։ Նման բան չի կարող լինել ոչ մի պարագայում։ Չի կարող Հայաստանի շահերին համապատասխանել մի փաստաթուղթ, որին համաձայն է Ալիևը, փոխարենը՝ դա միանգամայն կարող է համապատասխանել Փաշինյանի շահերին, քանզի այդ գործիչների շահերը համընկնում են։
Փաշինյանն իրավունք չունի մասնակցել եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին
Իրավագիտական հանրության ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ խորհրդարանի կողմից երկու անգամ վարչապետ չընտրված մարդն իրավունք չունի պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարել պետությունը, այլ կերպ ասած՝ Փաշինյանը յուրացրել է իշխանությունը, իսկ հիմա պատրաստվում է Ալիևի հետ ստորագրել ճակատագրական փաստաթուղթ, որը կորոշի պետական սահմանները՝ առանց խորհրդարանի և ՍԴ-ի կողմից իր ստորագրության վավերացման։
Փաշինյանն իրավունք չունի անմիջականորեն կամ միջնորդավորված մասնակցել եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին, իրավունք չունի փաստաթղթեր ստորագրել Հայաստանի Հանրապետության անունից, քանի որ հրաժարական է տվել և ապօրինաբար յուրացրել է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները: Փաշինյանի օրինական կարգավիճակը սահմանափակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի լիազորություններով և այդպիսին կմնա ԿԸՀ-ի կողմից գրանցվելուց հետո, ընդհուպ մինչև հունիսի 20-ի համաժողովրդական կամարտահայտություն, իսկ ամենայն հավանականությամբ՝ նաև արտահերթ ընտրություններից հետո։
Նախօրեին ակտիվացան լուրերը ԱԳ նախարար Արա Այվազյանի հնարավոր հրաժարականի մասին։