«Ժողովուրդ»․ ԴԺԳՈՀ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի նշանակման գործընթացից: Ինչպես հայտնի է, վերջինս Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր:
Ըստ պարբերականի՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր 44 զինվորականներին ՊՆ վերնախավն իր մոտ է հրավիրում, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով, ընդհուպ՝ պաշտոն առաջարկելով: ՊՆ-ում ներքին քննարկումներ են եղել, և շատերն այնքան էլ համակարծիք չեն եղել այն տեսակետի հետ, որ Ասրյանին պետք է նոր պաշտոնի նշանակել:
«Ժողովուրդը» նշում է, որ ՊՆ-ում դեմ են այդ հայտարարության տակ ստորագրածներին նոր պաշտոնների նշանակելու տարբերակի հետ, քանի որ ակնհայտ կլինի, որ կաշառում են: Մյուս կողմից՝ Էդուարդ Ասրյանը միակ գեներալը չէ, որ պաշտոն է ստացել. այլ գեներալներ ևս, որոնք ստորագրել էին Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ, առաջիկայում նոր պաշտոն կստանան: