ՈՒՍԱՊԱՐԿԵՐԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

Սահմանամերձ շրջանների մասին իշխանությունը գերադասում է լոկ խոսել, իսկ երբ բանը հասնում է կոնկրետ գործին, գտնվում են տարբեր պատճառաբանություններ, այդ թվում՝ ծայրահեղ անհեթեթ։ Պատճառաբանություններ, որոնք հիանալի տեղավորվում են «ինչ գործ ասես՝ հանձն կառնեմ, միայն թե չաշխատեմ» ասացվածքի տրամաբանության մեջ։

Խոսքը տվյալ դեպքում այն օրինագծի մասին է, որը գլխադասային խորհրդարանական հանձնաժողովը, իսկ այսօր նաև «Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվեցին ընդգրկել ԱԺ նիստի օրակարգում: Նրանք չցանկացան նույնիսկ քննարկել սահմանամերձ գյուղերի բնակիչների աճեցրած գյուղմթերքի իրացման պետական երաշխիքներ տրամադրելու հարցը։ Իսկ չէ՞ որ դա զուտ գյուղատնտեսական հարց չէ։ Դա նախևառաջ մեր սահմանի հարցն է, որը պայմանավորված է սահմանամերձ համայնքների բնակիչների վիճակով։ Տարօրինակ է, որ ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ իշխանական խմբակցությունում չեն հասկանում, որ սահմանամերձ շրջանների բնակիչներին պետական աջակցություն չցուցաբերելու դեպքում սահմանը կտեղափոխվի երկրի խորք, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում Վրաստանում, որտեղ սահմանազատման բացակայության պայմաններում հատում են բնական սահման ծառայող անտառը և սահմանը հետ է գալիս, ինչպես նշեց Միքայել Մելքումյանը:

Սահմանամերձ համայնքներում ապրող ընտանիքների սոցիալական աջակցության և գնումների մասին օրենքներում փոփոխությունների փաթեթով, որը մշակել են երկու անկախ պատգամավորներ՝ Սոֆյա Հովսեփյանն ու Թագուհի Թովմասյանը, առաջարկվում է պետական երաշխիքներ տրամադրել սահմանամերձ ցանքատարածքներից ստացված գյուղմթերքի իրացման համար: Թովմասյանը նշեց, որ ինչքան շատ է պետությունը խոսում գյուղատնտեսության, հատկապես սահմանամերձ համայնքներում ֆերմերներին արտոնություններ տրամադրելու մասին, այնքան սակավաթիվ մարդիկ են զբաղվում գյուղատնտեսությամբ, և ցանքատարածքները մնում են անմշակ: Նրա խոսքերով, 2020թ. պատերազմից հետո մեր սահմանամերձ գյուղերի թիվն ավելացել է, և ակներև է գյուղատնտեսության բոլոր ճյուղերը խթանելու խնդիրը։ Իսկ դրա համար պետք է անել մեկ բան. օգնել գյուղացուն վաճառել աճեցրածը։ Դա ակնհայտ ճշմարտություն է, որն ապացուցված է պրակտիկայով։ Այդ խնդրին չեն բախվում միայն խոշոր տնտեսությունները, իսկ շարքային գյուղացիները միայնակ են մնում իրենց խնդրի առջև։

Օրինագծի հեղինակները վստահ են, որ ընդդիմախոսների կողմից որպես հակափաստարկ բերվող պատրվակը, թե իբր՝ մրցակցության խնդիր է առաջանում, անհիմն է։ Քանզի այսօր սահմանամերձ շրջանի բնակիչը չի մրցակցում այլ գյուղերի բնակիչների հետ։ «Սահմանամերձ համայնքների բնակիչների համար մենք պետք է հակամրցակցային դաշտ սահմանենք, քանի որ նրանք արդեն իսկ, մեղմ ասած, խոցելի վիճակում են»,- նշեց Թովմասյանը: Նրա խոսքերով, գյուղատնտեսության աջակցության մինչ այժմ գործող բոլոր ծրագրերն, ըստ էության, հաջող չեն եղել։ Օրինակ, ջերմոցային տնտեսությունների համար վարկերից գրեթե ոչ ոք չի օգտվում, պահանջարկ չունեն նույնիսկ անտոկոս վարկերը։ Այսինքն գյուղատնտեսության աջակցությանն ուղղված ծրագրերը, որոնք իրականացվում են այսօր, մեծ հաշվով արդիական չեն։ Քանի որ չեն օգնում, չեն լուծում այն խնդիրները, որոնց բախվում են գյուղացիները, և որոնցից գլխավորը իրացման խնդիրն է։ Օրինակ, Վարդենիսում այսօր գյուղացիներն ունեն կարտոֆիլի սերմացուի իրացման խնդիր։

ԳԼԽԱԴԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՊԱՆԻՉ ԷՐ. «Գործադիրի համակարգում չկա այն կառույցը, որը կկարողանա այդ հարցով զբաղվել»։ Այսինքն, ըստ իրենցքայլականի, ստացվում է, որ այս կառավարությունը լուծարել է Գյուղատնտեսության նախարարությունը՝ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում թողնելով մի դժբախտ վարչություն, իսկ հիմա գանգատվո՞ւմ է, որ «գործադիրի համակարգում չկա այն կառույցը, որը կկարողանա այդ հարցով զբաղվել»։ Ի դեպ, հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ այդ վարչությունում էլ կրճատումներ անցկացրեցին, իսկ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը, ի պատասխան կրճատման տակ ընկած մասնագետների բողոքի, պարծեցավ, որ ինքը միանգամից կրճատել է նույնիսկ 800 մարդու, և առաջարկեց օգնել կրճատված մասնագետ-գյուղատնտեսներին աշխատանքի տեղավորվել... կարի ֆաբրիկայում, որը բացել է իր ծանոթը։

Կրկին անդրադառնալով Ղալումյանին՝ նշենք, որ նա սկզբում գովաբանեց կառավարության աշխատանքը գյուղոլորտում, իսկ հետո հիշեց խորհրդային ժամանակները, երբ պետական համակարգն ուներ մթերման գրասենյակներ, այդ թվում՝ շրջաններում, որոնց միջոցով պետությունը գնում էր բերքը, պահեստավորում շտեմարաններում ու սառնարաններում, իսկ հետո խանութների ցանցի միջոցով իրացնում արտադրանքը։ «Առաջարկվող օրինագծի ընդունման դեպքում մենք նման կառույց չունենք»,- ասաց նա, հավելելով, որ գաղափարը լավն է, բայց չկան ֆինանսական հաշվարկներ, թե որքան կնստի դա պետության վրա։

Եթե չկա, ուրեմն ստեղծե՛ք։ Գաղափարը լավն է, ուրեմն աշխատե՛ք վրան, հասցրեք ավարտուն տեսքի, կատարեք հաշվարկները։ Բայց ո՜չ, կառավարությունն ու խորհրդարանը նախընտրում են պարզապես մերժել, ու վերջ։

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցելու խոստումներում բոլորը շռայլ են, իսկ կոնկրետ գործ անելիս անհասկանալի պայմաններում մերժումներ ենք ստանում, նկատեց Թովմասյանը։ Ղալումյանի նկարագրած գյուղատնտեսական «գեղասքանչ» պատկերի խորապատկերին նա ներկայացրեց վիճակագրական ծառայության տվյալները։ Ըստ այդմ՝ 2016-ին Հայաստանում եղել է 353400 հեկտար մշակվող հողատարածք, իսկ անցած տարի այդ թիվը կազմել է 222700 հեկտար։ «Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են ցանքատարածությունները շարունակում մնալ չզբաղեցված,- հռետորական հարց տվեց նա։- Ի՞նչ է նշանակում՝ չկա այնպիսի գերատեսչություն, որը կարող է զբաղվել գնումների և իրացման հարցերով, կառավարությունը կարող է պետական ցանկացած գերատեսչության որևէ օղակի հանձնարարել այս գործառույթը։ Ինչի՞ մասին է խոսքը, միայն թե ցանկություն լինի»։

Նրա խոսքերով, կառավարությունն ու խորհրդարանը իրենց անգործությամբ խթանում են սահմանամերձ շրջանների ամայացումը։ «Ի՞նչ խնդիր է դրել իշխանությունը. որ հողերը մշակվեն, և թշնամին տեսնի, որ այստեղ անմշակ հողեր չկան, և մեր զինծառայողները պաշտպանում են ոչ ամայի տարածքներ, թե՞ որ իրոք ունենանք այդ ամայի տարածքներն ու խթանենք դրանց առկայությունը՝ չտրամադրելով իրական օգնություն»։ Պատասխանն այստեղ, դատելով իշխանության գործողություններից, ավելի ճիշտ՝ անգործությունից, ակնհայտ է։

Բայց իրենցքայլականները հարցը քննարկելու եվ լուծում գտնելու փոխարեն՝ նախընտրեցին հարձակումները հեղինակների վրա, հասնելով այն աստիճանի, որ մեղադրեցին Թովմասյանին և Հովսեփյանին օլիգարխների օգտին աշխատելու մեջ։ Իրենցքայլականների տրամաբանությունը երկաթբետոնե է։ Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Հայաստանում կան մեծ հողատարածքներ ունեցող օլիգարխներ, իսկ Թունյանի կարծիքով, արտադրանքի երաշխավորված իրացումը կհանգեցնի նրան, որ սահմանամերձ համայնքների բնակիչները միշտ ծանր վիճակում կլինեն: Նման օրենք ընդունելու դեպքում նրանք, իբր, կօգտվեն դրանից՝ սահմանամերձ գյուղմթերքի սոուսի տակ պետությանը վաճառելով այն ամենը, ինչ աճեցնում են իրենց մյուս հողատարածքներում։ Նա ակնարկեց, թե այդ օրինագիծը անկախ պատգամավորներ Թովմասյանն ու Հովսեփյանը «բերել են օլիգարխների համար», ինչով հունից հանեց Հովսեփյանին։ «Երբ պատերազմի օրերին հայտնվում եք սահմանամերձ գյուղերում և սելֆիներ եք անում, դա դեռ չի նշանակում, թե դուք սահմանամերձ գյուղերի տեղը գիտեք»,- ասաց նա: Հովսեփյանը նշեց, որ երբ հանձնաժողովում օրինագծի հեղինակներն առաջարկել են իրենցքայլականներին միասին լրամշակել այն, նրանք հրաժարվել են դա անել։

Զարմանալի է, որ իրենցքայլականները չեն հասկանում, որ եթե մարդիկ չապրեն իրենց գյուղերում, որոնք այժմ արդեն դարձել են սահմանամերձ, ապա սահմանը կտեղափոխվի երկրի խորք, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում Վրաստանում, նշեց Մելքումյանը։ Նա ասաց, որ գյուղում ապրելը գնալով ավելի անհրապույր է դառնում, գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է, հասնելով 12% աննախադեպ խայտառակ ցուցանիշի: Իսկ իշխանական պատգամավորներին նա հակադարձեց իր փաստարկներով, որոնց հանգելը շատ հեշտ է, եթե կա աշխատելու և սահմանամերձ գոտու բնակիչներ դարձած մարդկանց համար գոնե ինչ-որ օգտակար բան անելու ցանկություն. «Ոչ ոք չի ասում, թե ամբողջ բերքը պետությունը պետք է մթերի, կարելի է նույն օրինագծում ամրագրել այդ հարցերը, առաջարկելով, օրինակ, կնքել կոնկրետ գյուղմթերքի, կոնկրետ սորտի, որակի մթերման պայմանագիր։ Սահմանամերձ համայնքների աշխարհագրությունը բոլորիս հայտնի է, մենք գիտենք, թե որտեղ ինչ մշակաբույսեր են աճեցվել։ Ընդամենը պետք է բարի կամք, ցանկություն ցուցաբերել»։

Основная тема:
Теги: