ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։
Այդուհանդերձ փրկչի դերի հավակնորդներն առավել քան շատ են, և դա բավական անհամարժեք է թվում երկրի ներկա վիճակին։ Սակայն իրականում, եթե ուշադիր զննենք, ոչ մի զարմանալի բան դրանում չկա։ Քանզի ապագա իշխանության խնդիրները ներկայիս իշխանավորները ծայրաստիճան պարզեցրել են։ Այո, մի կողմից՝ կասեցնել Հայաստանի ազատ անկումն անդունդ գերբարդ խնդիր է։ Չենք խոսում արդեն երկիրն այնտեղից դուրս բերելու գործընթացի մասին։ Բայց, մյուս կողմից, պարզապես թեթևակի արգելակելն էլ բավական է՝ արդյունավետություն ցույց տալու համար։ Ցանկացած հաջորդ ղեկավարություն ավելի հեշտությամբ կարող է ներկայիս իշխանությունից լավը լինել, քանի որ թավիշի երեք տարիների ընթացքում իշխանությանը ներկայացվող պահանջների նշաձողն այնքան է իջել, որ դա կարող է հաղթահարել երկրի գրեթե կեսը։
Գրեթե յուրաքանչյուր ոք կարող է Նիկոլից ավելի քիչ ստել։ Պետք է ընդամենը պաթոլոգիկ ստախոս չլինել։ Կիրթ ու դաստիարակված գրեթե ամեն ոք իշխանության մեջ շատ ավելի լավ կնայվի, քան թավիշի տգետ տղաներն ու աղջիկները։ Գրեթե ամեն ոք, ով գիտի հայկական դրոշի գույների ճիշտ հերթագայությունը, կարող է հայրենասեր համարվել՝ այդ գույները շփոթող ներկա պաշտոնյաների խորապատկերին։
Կարծիք կա, և միանգամայն օբյեկտիվ, որ հաջորդ իշխանությունը պետք է ձևավորվի հիմնականում ճգնաժամային մենեջերներից, մասնագետներից, պրոֆեսիոնալներից, փորձառու վարչարարներից, վառ արտահայտված պետական ու ազգային մտածողությամբ օժտված մարդկանցից։ Դա, իհարկե, այդպես է, բայց...
Պետք չէ լինել արդարադատության ականավոր նախարար, որպեսզի բացարձակապես անընդունելի համարես երկրի դատարանների պաշարումը վարչապետի հրամանով։ Պետք չէ ականավոր իրավաբան լինել, որպեսզի թույլ չտաս իրավական այնպիսի սանձարձակ կամայականություն, ինչպիսին տիրում է Հայաստանում արդեն երեք տարի շարունակ։
Պետք չէ լինել պաշտպանության ականավոր նախարար, որպեսզի թշնամու զինված ուժերին թույլ չտաս առանց գեթ մեկ կրակոցի ներթափանցել քո երկրի տարածք, մի քանի կիլոմետր առաջ շարժվել, խրամատավորվել ու բնակռել։
Պետք չէ լինել արտաքին գործերի երևելի նախարար, որպեսզի տեղյակ լինես, թե հատկապես ինչ միջպետական փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել թշնամուն բնակավայրեր ու տարածքներ զիջող քո երկիրը։
Պետք չէ տնտեսության կարկառուն նախարար լինել, որ գնահատես երկրի տնտեսական վիճակը ոչ թե հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով, այլ, ասենք, ներդրումների ծավալներով կամ ՀՆԱ-ի մակարդակով։
Իրականում թվարկված և չթվարկված ամենի համար նույնիսկ միջակ պաշտոնյաները, ըստ էության, միանգամայն բավարար կլինեն։ Միանգամայն բավարար կլինեն պակաս ընչաքաղց ու ցինիկ, պակաս անսկզբունքային ու բարոյազուրկ մարդիկ իշխանության մեջ, որպեսզի երկրի վերածննդի հնարավորության հույս ծնվի։ Եվ հենց սա է ներկայիս Հայաստանի գլխավոր դժբախտությունը։ Նիկոլականությունն այն աստիճան է իջեցրել իշխանության հանդեպ պահանջների նշաձողը, հասցնելով պլինթուսից ցածր մակարդակի, որ հիմա դրանից վեր բարձրանալը ոչ մեկի համար առանձնապես դժվար չի լինի։ Իհարկե, տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում Նիկոլի թիմի վերարտադրման սցենարին։
Որքան էլ ցավալի է, բայց անկախ ընտրությունների արդյունքներից՝ Հայաստանն ու հայ հասարակությունը լավագույն դեպքում դեռ երկար պիտի մարսեն նիկոլիզմը, տասնամյակներ շարունակ։ Քանզի վերականգնման հնարավոր գործընթացի մեկնակետը գտնվում է անդունդի հատակին…