ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ո՞ՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Երկու շաբաթ է անցել մայիսի 12-ից, երբ անավարտ պատերազմն արդեն բացահայտ կերպով փոխադրվեց Հայաստանի Հանրապետության տարածք։ Արդեն 15-րդ օրն է, ինչ Ադրբեջանի զինված ուժերը բռնազավթել են ՄԱԿ-ի կողմից ճանաչված ինքնիշխան պետության տարածքները, ՀՀ միանգամից երեք սահմանամերձ շրջաններում թշնամական զորքերի անխռով ու վստահ ներկայության 15-րդ օրը, երկրի զինված ուժերի հրամանատարության և կառավարության բացարձակ անգործության 15-րդ օրը: Բոլոր այս օրերին հակառակորդը միայն ավելի խորն է ներթափանցել և ամրապնդել իր ներկայությունը։ 14-րդ օրը իրավիճակը պայթեց հայ մեկ զինվորի սպանությամբ և երկրորդի վիրավորումով։

Հայ պայմանագրային զինծառայողի սպանության մանրամասները, որոնք ներկայացրել է Գլխավոր դատախազությունը, պարզապես ցնցող են. «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ունենալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը: Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը»:

Այսինքն Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը հանգեցրել է նրան, որ ադրբեջանցի զինծառայողները ոչ միայն հատել են սահմանը և հաստատվել հայկական տարածքում, այլև սպառնում են ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, պահանջում (!!!) «դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը» (!!!)։

Շատ կարճ ժամանակ անց հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Սիսիանի շրջանում հակառակորդը կրակ է բացել և կան վիրավորներ։ Այս տեղեկությունը հաստատեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Անի Սիմոնյանը։ Պաշտպանության նախարարությունը հաստատեց զինծառայողի մահը Վերին Շորժայում, սակայն հերքեց Սիսիանում տեղի ունեցած կրակոցների և զինվորների վիրավորվելու մասին տեղեկատվությունը: Թե ում հավատալ. տեղի բնակիչներին, որոնք բառացիորեն սեփական մաշկի վրա են զգում «նոր Հայաստանի» բոլոր «հրապույրները», թե գերատեսչությանը, որը լկտիաբար ստել է հայրենակիցներին պատերազմի բոլոր 44 օրերին և բացարձակ անհասկանալի քաղաքականություն է վարում երկրի անվտանգության առումով, կարծում եմ, հռետորական հարց է։

Մանավանդ եթե հիշենք այդ գերատեսչության ղեկավարի, ինչպեսև Հայաստանի այսպես կոչված իշխանությունների այլ ներկայացուցիչների պահվածքն այս երկու շաբաթվա ընթացքում։ Հիշենք, թե ինչպես է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը մշտապես հրաժարվում պատասխանել ԶԼՄ-ների հարցերին, իսկ միակ պատասխանը հետևյալն էր. «Խուճապ չկա։ Ամեն ինչ ընթանում է իր հունով»։ Ինչպես էր լրագրողներից փախչում Գլխավոր շտաբի պետը, չցանկանալով պատասխանել այն հարցին, թե ինչ է զգում, երբ նվաստացնում են հայ զինվորներին։ Ինչպես էր ուսապարկերից մեկը՝ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանը, որը պատգամավորական աթոռին է հայտնվել բացառապես այդ հանգամանքի շնորհիվ, հայտարարում, թե իբր՝ Տավուշի մարզում ադրբեջանական գյուղեր կան։

Թե ինչպես ներխուժումից գրեթե մեկ շաբաթ անց՝ մայիսի 18-ին, Պաշտպանության նախարարությունը վերջապես հայտարարեց. «Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»։ Բայց այնուհետ ամեն օր հիմնավորված հարց էր առաջանում. որո՞նք են «ողջամիտ ժամկետները»՝ ինքնիշխան պետության տարածքից թշնամուն վռնդելու համար։

Թե ինչպես երկրի խորհրդարանը, որի տարածքում իրեն հանգիստ ու արտոնյալ են զգում թշնամու 600 կամ 1000 զինծառայողներ, արտահերթ նիստի հավաքվեց միայն ընդդիմության առաջարկով, բայց այդ առնչությամբ չընդունեց փոքրիշատե վճռական հայտարարություն: Վերջապես, թե ինչպես էր ինքը՝ Փաշինյանը, սկզբում սաստիկ հպարտանում, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք, բայց փոխարենը՝ ոչ մի կրակոց չի հնչել, իսկ հետո հայտնեց, որ, պարզվում է, հայ և ադրբեջանցի զինվորականների միջև զանգվածային ընդհարումներ են լինում։ Դե ինչ, Փաշինյանն ի վերջո հասցրեց այն վիճակին, որ հնչեցին կրակոցներ, որոնց հետևանքով հայկական տարածքում զոհվեց ոչ թե լկտիաբար ներխուժած թշնամին, այլ հենց հայ զինվորը։ Բայց Նիկոլը հարկ չհամարեց այդ կապակցությամբ հանդես գալ հայտարարությամբ կամ գոնե իր սիրելի ֆեյսբուքյան «լայվով»։ Եվս մեկ զինվոր գումարվեց պատերազմում զոհված 5000 տղաներին. ուրիշ էլ ի՞նչ պիտի անի կապիտուլյանտը՝ թուրքերի հանդեպ իր բոլոր պարտավորությունները կատարելու համար։

Պետության համար ամենավտանգավոր, բացարձակ անհեթեթ, անհավանական, աներևակայելի, բայց այդուհանդերձ իրական վիճակի խորապատկերին երկիրը պատրաստվում է ընտրությունների։ Պատրաստվում է այնպես, ասես նշյալ ամենը տեղի չի ունենում։ Սահմանամերձ գոտուց տեղեկատվությունը շրջանցիկ ուղիներով գալիս է հիմնականում ԶԼՄ-ների և սոցցանցերի շնորհիվ և հետո միայն հաստատվում կամ հերքվում պաշտոնական աղբյուրների կողմից: Իշխանությունները քննարկում են ամեն ինչ, բացի սահմանամերձ երեք մարզերում տիրող իրավիճակից. ձևականորեն նշանակում են ինչ-որ պաշտոնյաների, ընդլայնում սոցփաթեթներից օգտվողների հնարավորությունները, հարյուրերորդ անգամ խոստանում ավտոբուսներ գնել մայրաքաղաքի համար և այլն. սա՝ միայն երեկվա լրահոսից։ Բայց իրական ու լուրջ կրքեր են եռում ընտրացուցակների, վարկանիշների, քարոզչության, պաստառների, դաշինքների ու այլևայլ բաների շուրջ։ Կրկնում եմ, այս ամենը՝ այն պայմաններում, երբ թշնամու զորքերը կանգնած են և առաջ են շարժվում Սյունիքում, Գեղարքունիքում ու Տավուշում։

Բոլորն իրապես խելագարվել են, թե՞ հող է նախապատրաստում ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի և ընտրությունների հետ կապված ինչ-որ գործընթացների համար. ահա այն հարցը, որ այս օրերին տալիս են սթափ դատող քաղաքացիները։ Եվ մոլորվում ենթադրությունների մեջ, քանզի շատ լավ գիտեն. այս իշխանությունից կարելի է սպասել ամեն ինչ՝ «բացարձակապես ամեն ինչ» իմաստով։ Սպասելի է, օրինակ, պայմանավորված կարճատև պատերազմն ու տեղային հաղթանակը, որ ողորմածաբար կնվիրի Ալիևը Փաշինյանին՝ նվազող վարկանիշը բարձրացնելու նպատակով և ապագա տարածքային զիջումների ակնկալիքով։ Կարելի է նաև ենթադրել, որ այդ ամենը ձեռնարկված է՝ ապացուցելու համար, որ ոչ ոք, այդ թվում Ռուսաստանը, մեզ չի օգնելու և պետք է հանձնել արդեն Հայաստանի տարածքները՝ թուրքերի հետ «խաղաղություն» և «համագործակցություն» ստանալու համար։

Կարելի է ենթադրել նաև, որ կմտցվի ռազմական դրություն, և ընտրությունները կչեղարկվեն, քանի որ դա Փաշինյանի համար միակ ճանապարհն է՝ իշխանության ղեկին մնալու ևս մի քանի ամիս, Ալիևին տված բոլոր խոստումները կատարելու համար։ Նման մի բան արդեն հաջողությամբ փորձարկվել է նոյեմբերի 9-ից հետո. հիշեք վեց ամիս ժամանակ տալու և ճանապարհային քարտեզի հետ կապված պատմությունը։ Հնարավոր է, որ ամեն ինչ արվում է հայոց բանակը վերջնականապես վարկաբեկելու կամ Արցախի շուրջ ու Արցախի ներսում տեղի ունեցող իրադարձություններից ուշադրություն շեղելու համար։ Գուցե Ալիևը շտապում է զավթել տարածքները, քանի որ գիտի, որ Փաշինյանին երկար չի մնացել

Տարբերակները բազմաթիվ են։ Եվ դրանք բոլորն էլ, մեղմ ասած, Հայաստանի օգտին չեն։ Քանզի ՍՐԱՆՑԻՑ իսկապես ամեն ինչ սպասելի է, սրանք կանգ չեն առնի ոչ մի բանի առջև, այդ թվում՝ բանակում նոր զոհերի, երբ Արցախում դեռևս փնտրում ու գտնում են Փաշինյանի նախորդ դավաճանության զոհերի մասունքները։ Կրակոցները հնչել են, կա զոհ, բայց իշխանությունները՝ ի դեմս ԱԽ քարտուղարի, խոսում են ոչ թե թշնամուն վտարելու համար համարժեք միջոցների ինքնուրույն կիրառման, այլ ռազմական օգնություն ենթադրող արդեն մեկ այլ կետով ՀԱՊԿ-ին դիմելու մասին։ Եվ դա, իհարկե, նույնպես պատահական չէ։

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ։ Այս ծեծված հարցերի պատասխանները որոշակիորեն տալիս է ՀՀ Սահմանադրության 155-րդ՝ «Զինված ուժերը» հոդվածը. «Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին»:

Տվյալ կոնկրետ իրավիճակում դա նշանակում է, որ պաշտպանության նախարարը չի առաջարկում, իսկ վարչապետը որոշում չի կայացնում զինված ուժերի կիրառման մասին։ Այլ կերպ ասած, Վաղարշակ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը անհետաձգելի անհրաժեշտություն չեն համարում կիրառել զինված ուժերը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու նրա բնակչության անվտանգությանը սպառնացող իրական վտանգի իրավիճակում...

Արդյունքում թշնամին պահանջներ է առաջ քաշում, սպառնում, իսկ հետո կրակում ու սպանում մեր զինվորներին մեր իսկ տարածքում, համեմատաբար խաղաղ պայմաններում։ Քանի որ թշնամու զինվորներին երաշխավորված է, ընդ որում ՝ ամենաբարձր մակարդակով, անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ հայ զինվորներին՝ ոչ։