ՈՒՐԵՄՆ ԿՈՉԵՔ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեղադրել է ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին բավականաչափ արագ չարձագանքելու մեջ, ինչը, նրա կարծիքով, այսօր հանգեցրել է վեց հայ զինծառայողների գերեվարման: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հաղորդում է Sputnik Արմենիան։

Մակունցը զինծառայողների գերեվարումն անվանել է առևանգում, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին: «Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում։ Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ»,- հայտարարել է նա։ Մակունցը հավելել է, որ հասարակությունն ու ինքն անձամբ ավելի օպերատիվ գործողություններ էին ակնկալում ՀԱՊԿ-ից և «այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիայի»:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԺԱՄԱՆԱԿՆ Է ԿՈՉԵԼ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ: Իսկ այդ դեպքում անմիջապես հարց է ծագում. ի՞նչ անունով կոչել իրեն՝ Մակունցին, որը հայկական զորամասի պատասխանատվության տարածքում հայ զինծառայողների գերեվարումն անգամ համարում Է ՀԱՊԿ-ի դանդաղկոտության արդյունք։ Հասկանալի է, որ նրա համար կազմակերպության վարկաբեկումն ու տեղի ունեցող ամենի մեղքը գործող իշխանությունից արտաքին խաղացողների վրա փոխադրելը թիվ մեկ խնդիրն է։ Բայց ի՞նչ գնով է դա արվում։ Հայաստանի քաղաքացիների կյանքի և հայկական սահմանների անձեռնմխելիության գնով։ Ուրեմն ի՞նչ անունով կարելի է կոչել իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարին։

Ի՞նչ անունով կարելի է կոչել Հայաստանի պաշտպանության նախարարությանը, Գլխավոր շտաբին, ընդհանրապես երկրի ռազմական ղեկավարությանը, երբ կարդում ենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունը տվյալ միջադեպի վերաբերյալ. «Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող»։ Ինչպե՞ս է առհասարակ հնարավոր, որ հայկական զորամասի պատասխանատվության տարածքում հակառակորդը կարող է շրջապատել մեր զինծառայողներին։ Նկատի ունեցեք, որ խոսքը ոչ թե քաղաքացիական օբյեկտի, այլ հայկական զինված ուժերի ստորաբաժանման մասին է, որի վերահսկողության տակ գտնվող տարածքում գերեվարում են նույն ստորաբաժանման ծառայողներին։ Բացարձակ անհեթեթություն։ Բայց է՛լ ավելի անհեթեթ է այն, որ նույնիսկ այս միջադեպի համար մեղադրանքներ են հնչում ՀԱՊԿ-ի հասցեին։ Այո, մեր սահմանը ներառված է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, բայց դա նախևառաջ Հայաստանի զինված ուժերի պատասխանատվության գոտին է, տվյալ դեպքում՝ կոնկրետ N զորամասի, և հետո միայն՝ ՀԱՊԿ-ի։ Այո, ՀԱՊԿ-ը դանդաղկոտություն է ցուցաբերում, բայց մի՞թե դա արդարացնում է ՀՀ ԶՈՒ կատարյալ անգործությունը։

Մակունցը պնդում է, թե հայ հասարակությունն ակնկալում է անվտանգության միասնական համակարգում Հայաստանի գործընկերների օպերատիվ գործողություններ։ Թե այդ հասարակության որ հատվածին նա նկատի ունի, չգիտեմ։ Բայց ակնհայտ է, որ հայ հասարակությունը՝ ճնշող մեծամասնությամբ, համարժեք գործողություններ է ակնկալում նախևառաջ հայկական բանակից, որին կերակրում, հագցնում, տալիս է իր որդիներին և միանգամայն արդարացված կերպով հույս տածում, որ կպաշտպանվի նրա կողմից։ Մինչդեռ այդ հույսերն ամեն ժամ փլուզում է հենց բանակի և երկրի ղեկավարությունը, որը որոշել է իսպառ անջատել ինքնապաշտպանության ու դիմադրության մեխանիզմները, փորձելով սեփական պատասխանատվության գոտում իր անելիքը գցել արտաքին խաղացողների վրա: Եվ այո՛, պետք է կոչել իրերն իրենց անուններով։ Պետք է խոստովանել, որ Հայաստանի գործող իշխանությունն այսօր զբաղված է լոկ նրանով, որ բացահայտ «ցեխն է թաթախում» ՀԱՊԿ-ի հեղինակությունը։ Ինչից էլ, ի դեպ, երեք տարի առաջ թավիշը սկսեց Հայաստանի փլուզման գործընթացը։

Իհարկե, ՀԱՊԿ-ի նկատմամբ դժգոհություններ կարող են և պետք է լինեն։ Բայց միայն այն դեպքում, եթե կազմակերպությունը հապաղում է օգնություն և աջակցություն ցուցաբերել։ Տվյալ դեպքում իրավիճակն այլ է։ Երևանը ոչ թե օգնություն է խնդրում, այլ, ըստ էության, փորձում փոխհատուցել իր անգործությունը կազմակերպության գործողություններով։ Եվ այստեղ նույնպես պետք է կոչել իրերն իրենց անուններով։