HR-Ի ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԱՄԵՐԻԱԲԱՆԿՈՒՄ
Ամերիաբանկի ղեկավարներն իրենց վրա են վերցնում աշխատակիցների մոտիվացիայի և անձի աճին աջակցելու պատասխանատվությունը։
Ինչպես նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցը, HR–ի ապակենտրոնացման հարցը դարձել է զեկույցներից մեկի թեման, որը ներկայացրել է Ամերիաբանկը Երևանում մայիսի 26–ին կայացած DisruptHR առաջին միջոցառման ժամանակ։
«Այսօր մասնավորապես մեր ընկերության ղեկավարները հասկանում են, որ շատ հարցերում նրանք չպետք է դիմեն HR-ին», – պարզաբանեց նա։
Վարդանյանցի խոսքով, մարդկանց մոտիվացիան, ոգեշնչումը, անձի աճին աջակցելը, ճիշտ կողմնորոշումը, հետադարձ կապի ապահովումը, այս ամենը դառնում է առաջնահերթություն, այդ թվում` ղեկավարների համար։
«Ղեկավարները չեն սպասում, որ HR բաժինը միջամտի և լուծի մարդկանց հետ կապված բոլոր խնդիրները։ Սա ղեկավարների համար մտածելակերպի շատ կարևոր փոփոխություն է, քանի որ սովորաբար սպասում են HR–ին, իսկ մեր ղեկավարությունն իր վրա է վերցնում պատասխանատվությունն ու գործում է առանց հապաղելու», – պարզաբանեց նա։
Վարդանյանցը նշեց, որ HR դեպարտամենտն, անխոս, տրամադրում է խորհրդատվություն, կազմակերպում է տարբեր թրեյնինգներ ղեկավարության համար, ունի առանձին նախագծեր միջին և բարձր օղակի մենեջերների զարգացման համար։
«Միջին օղակի մենեջերները կառավարում և վերահսկում են ռիսկերը, իսկ բարձր օղակի մենեջերները պետք է ձևավորեն կազմակերպության ռազմավարությունը, ապագա աճը, ունենան տեսլական 5–7 տարվա կտրվածքով։ Սակայն բոլորի համար կարևոր են այն հմտությունները, որոնց շնորհիվ նրանք կառավարում և մոտիվացնում են աշխատակիցներին», – ընդգծեց նա։
Ինչպես նշեց Վարդանյանցը, DisruptHR միջոցառմանը ներկայացված մեկ այլ զեկույց վերաբերում է նրան, թե ինչպես է փոխվում HR–ն այսօր։
«Մենք մանրամասն կխոսենք այն մասին, որ HR-ն իր ռեսուրսներով և ունեցած տեղեկատվությամբ պետք է գտնի այն կարևորագույն բանալին, որը նոր աճի և կազմակերպության զարգացման հնարավորություններ է տալիս։ Ներկա անորոշությունը ցույց է տալիս, որ մեքենաները պարզապես աշխատում են, իսկ մարդիկ ցանկացած իրավիճակում ստեղծում են նոր այլընտրանքային լուծումներ, ստեղծագործ տարբերակներ», – նշեց նա։
Երրորդ զեկույցը «Մշակույթն ապրում է գործընթացներում» թեմայով է։ Այս կապակցությամբ Վարդանյանցը պարզաբանեց, որ անհնար է միայն խոսել մշակույթի մասին, այն պետք է նաև ինստիտուցիոնալ արտահայտել տարբեր գործընթացներում և հետևողականորեն պահպանել։
DisruptHR-ի մասին
Մայիսի 26-ին Երևանում մեկնարկեց DispruptHR Yerevan շարժումը, որը մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 35 երկիր և 155-ից ավել քաղաք: Միջոցառման շրջանակներում տարբեր ընկերությունների 8 խոսնակներ ներկայացրին իրենց տեսակետները ավելի քան 150 ունկնդիրների։
Յուրօրինակ ձևաչափով ներկայացվող ելույթները նպատակ ունեին վաղվա առաջնորդներին զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր լի են նոր ու շրջադարձային գաղափարներ իրագործելու պատրաստակամությամբ և վստահ առաջ են շարժվում`ավելի լավ ապագա կերտելու համար:
DispruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստեցին գործընկերները՝ Ամերիաբանկը և Արմենիա Վայն ընկերությունը։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+374 10) 56 11 11 հեռախոսահամարով: