ԹՈՒՐՔԻԱՆ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ՄԵԿ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Որևէ երաշխիք ունե՞նք, որ մինչև հունիսի 20-ը թշնամին չի հասնի Երևան: Ես չունեմ այդ երաշխիքը: Եվ ես հասկանում եմ, որ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի հետ միասին մեկ խնդիր է լուծում՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու խնդիրը: Միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը կապահովի թուրքական պլանների լիարժեք կատարումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Գոլոս Արմենիի» թերթի փոխխմբագիր, փորձագետ Մարինա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի գործողությունները մի քանի նպատակ են հետապնդում. «Շարունակել վարկաբեկել Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն՝ Հայաստանի հանրության համար, որ՝ այ, տեսեք, մենք դիմեցինք, բայց իրենք ոչինչ չարեցին: Եթե հիշում եք, պատերազմի ժամանակ նրանց անընդհատ մեղադրում էին, որ ՀԱՊԿ-ին չեն դիմում, հիմա ասում են՝ դե, տեսնում եք՝ մենք դիմեցինք, բայց ի՞նչ արեցին: Դա՝ այն պարագայում, երբ դու ինքդ ոչինչ չես անում և սպասում ես, որ դաշնակիցդ գա՝ քո փոխարեն անի այն, ինչ դու պարտավոր ես անել և՛ օրենքով, և՛ Սահմանադրությամբ, և՛ միջազգային նորմերի համապատասխան:
Ընդ որում՝ ունենալով միջազգային հանրության միակարծիք աջակցությունը. Բոլոր ասում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Երկրորդ նպատակը՝ չի կարելի բացառել, որ, այո, կմտցվի ռազմական դրություն, և ընտրությունները կհետաձգվեն կամ չեղյալ կհամարվեն: Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության այնքան, ինչքան իրենց պետք է այդ դեմարկացիան և դելիմիտացիան կատարել: Պարզ է, որ եթե նույնիսկ Փաշինյանը ստորագրել է այդ փաստաթուղթը, իսկ ես 99 տոկոսով համոզված եմ, որ արդեն ստորագրել է…»:
Հետաքրքրվեցինք՝ եթե ստորագրած լիներ, արդյո՞ք այս միջադեպերը կշարունակվեին: Ի պատասխան՝ նա հետևյալն ասաց. «Այո, ինչո՞ւ ոչ: Ինքը ասում է՝ մինչև դուրս չգան, ես չեմ ստորագրի, այսինքն՝ ասում է՝ ես ստորագրելու եմ, միայն թե դուրս գան: Հիմա Ադրբեջանին ի՞նչն է ձեռնտու, որ նա ստորագրի այդ փաստաթուղթը և դրանով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ մենք Արցախից հրաժարվում ենք արդեն վերջնականապես, պաշտոնապես, Արցախը ճանաչում ենք՝ որպես Ադրբեջանի մաս»:
Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է, որ եթե նման խնդիր կա, ապա դա սկսվել է 1991թ. ԱՊՀ երկրների համաժողովում, նա այսպես արձագանքեց. «Դա սկսվեց 1992թ., երբ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի հարցազրույցում արդեն համաձայնել էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում. Դա «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի մարտի 5-ի համարում տպագրված հարցազրույցն է, և նա ասում է, որ ցանկացած հաջողություն՝ այս պատերազմում, կարող է լինել ժամանակավոր: Այսինքն՝ դեռ այն ժամանակ անկախ Հայաստանը հրաժարվում էր իր հաղթանակներից՝ այս պատերազմում: Եվ 1994թ. զինադադարից անմիջապես հետո Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր հարցը տարածքների հանձնումն էր, մենք պատրաստակամ էինք հանձնել մեր տարածքները, հասկանո՞ւմ եք, մենք ոնց որ ամաչեինք, որ հաղթանակ ենք տարել: Տեր-Պետրոսյանն ասում էր՝ Արցախը տանք՝ Սերգո ջանը հանգիստ կապրի, հիմա մենք հանգի՞ստ ենք ապրում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում