ՂԱՐԱԲԱՂ, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՌԲԿ»-ԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը էքսկլյուզիվ հարցազրույց է տվել ռուսական «RBC TV»-ի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: Հարցազրույցում նախկին նախագահն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի՝ Հայաստանի սահմանների մոտ տիրող իրավիճակից մինչև տնտեսություն և պետական կառավարման մոդելներ:
Խայտառակություն է, երբ իրավապահ մարմինները ենթարկվում են անձամբ վարչապետին
Հայաստանը պետք է բարեփոխի իշխանության համակարգը` սահմանափակելով վարչապետի լիազորությունները,- ասել է Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի` Հայաստանի համար խորհրդարանական հանրապետության մոդելն անհաջող է: «Հայաստանի ոչ մի նախագահ այնքան լիազորություններ չի ունեցել, որքան Հայաստանի վարչապետը: Դա ուղղակի անընդունելի է»,- ասել է նա:
«Խորհրդարանական հանրապետության մասին խոսելը պարզապես խելամիտ չէ: Դա, իմ կարծիքով, սխալ քայլ էր: Կարծում եմ, որ մենք պետք է գոնե մի քայլ կամ կես քայլ հետ գնանք»,- ասել է Քոչարյանը: Ըստ Քոչարյանի` վարչապետը չպետք է այնքան լիազորություններ ունենա, որքան հիմա. «Քանի որ այս իշխանությունը գրեթե ոչնչով հավասարակշռված չէ: Խախտվել են բոլոր զսպումները ու հավասարակշռությունները, որոնք պարզապես պետք է լինեն պետական իշխանության համակարգում»: Նոր կարգի փոփոխությունը, ըստ պետության նախկին ղեկավարի, պետք է զգուշորեն արվի: «Զգույշ, բայց անհրաժեշտ է այս ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել. դա պարզապես անհրաժեշտ է: Առնվազն` վարչապետի անձնական իշխանությունը կրճատելու համար: Իրավապահ մարմինները չպետք է ենթարկվեն անձամբ երկրի վարչապետին: Դա պարզապես խայտառակություն է: Դա ոչ մի դեպքում չէր կարելի անել, ոչ մի դեպքում»:
Նախկին նախագահը հիշեցրեց, որ երբ նա զբաղեցնում էր Հայաստանի ղեկավարի պաշտոնը, Սահմանադրությունը նույնպես փոխվում էր: Մասնավորապես, քաղաքացիներին թույլատրվել էր ունենալ երկքաղաքացիություն, քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցվել էր, ինչը թույլ է տվել արտասահմանում բնակվող շատ հայերի այն ձեռք բերել: Սահմանադրության մեջ երկքաղաքացիություն ունենալու սահմանափակումները պահպանվել են բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Այդպես, պատգամավոր կամ կառավարության անդամ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր վերջին չորս տարիներին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եղել:
Մեկնաբանելով կոշտ պահանջները չեղյալ հայտարարելու հնարավորությունը՝ Քոչարյանը նշեց, որ սահմանափակումները պետք է լինեն միայն ուժային կառույցների, անվտանգության ոլորտում: Սակայն այլ գերատեսչություններին մասնակցության առումով, կարծում է Քոչարյանը, այդ սահմանափակումները պարզապես պետք չեն, դրանք անիմաստ են, դրանք միայն խոչընդոտում են զարգացմանը: «Այսինքն` մենք կտրում ենք որոշակի ներուժ, որը կարող է աշխատել ի օգւոտ երկրի»,- ասաժել է Քոչարյանը: Նրա կարծիքով` էկոնոմիկայի նախարարը կարող է լինել այլ երկրի քաղաքացի` խորը գիտելիքներով, լավ իմիջով և կապերով:
Պատերազմի ողջ ընթացքը, այդ 44 օրը մարդկանց խաբում էին անամոթ քարոզչությամբ
Հայ հասարակությունը պետք է հետպատերազմական համախտանիշ վերապրի,- կարծում է ՀՀ երկրորդ նախագահը:
Պատասխանելով անցած տարվա արդյունքների մասին հարցին՝ նախկին նախագահը նշել է, որ ամենաողբերգական արդյունքը պատերազմն է և խայտակառ պարտությունը:
«Այժմ երկիրը հետպատերազմական համախտանիշ է վերապրում: Պետք է չկոտրվել, վերապերլ, փորձել վերածնման, գոյատևման նոր բանաձև գտնել»,-նշել է Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ հասարակությունը վստահ է, որ երկիրը հուսալիորեն պաշտպանված է, որ Ղարաբաղը պաշտպանված է:
«Պատերազմի ողջ ընթացքը, այդ 44 օրը մարդկանց խաբում էին անամոթ քարոզչությամբ այն մասին, որ մենք չենք նահանջում, որ մենք բարելավում ենք մեր դիրքերը: Եվ հանկարծ այլ իրավիճակ է ստեղծվում: Շատ մեծ սթրես է: Դա պետք է հաղթահարել, վերապրել, անցնել և հաղորդակցման ճիշտ բանաձև գտնել»,-ասել է Քոչարյանը:
Թուրքիան համառորեն անցնում է թույլատրելիի սահմանները
Ներքաղաքական վիճակը նպաստեց, որպեսզի պատերազմ սկսվի,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանը:
Հարցին, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը նպաստեց, որպեսզի պատերազմ սկսվի, նախկին նախագահը նշել է. «Անկասկած: Դրան նպաստեց նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացումը: Ադրբեջանն իրեն ավելի վստահ զգաց: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Թուրքիան համառորեն անցնում թույլատրելիի սահմանները: Եվ մենք տեսնում ենք՝ ինչպես է թուրքական նեոօսմանիզմի քաղաքականությունն ակտիվորեն զարգանում»:
Նախկին նախագահի խոսքով՝ ակնհայտ է թուրքական ազդեցությունը: «Ի դեպ, մենք շատ չմտածված քայլ կատարեցինք, երբ ՀՀ պաշտպանության նախարարը նոր հայեցակարգ հայտարարեց՝ նոր պատերազմ, նոր տարածքներ: Դա չմտածված, պոպուլիստական քայլ էր, որի արդյունքը դարձավ Աադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան»,-ասել է նա՝ հավելելով, որ տրամաբանությունը հետևյալն է. եթե հայկական կողմն ունի որոշ նպատակներ, ապա այդ նպատակների չեզոքացումն ավելի արդյունավետ է հենց Թուրքիայի միջոցով:
Դատական համակարգի նկատմամբ իր գնահատականը բավականին հակասական է
Քրեական ոլորտում շատ բաներ չգիտեի, բավական լիկբեզ եմ անցել այս երեք տարվա ընթացքում, բայց հետո հիշեցի, թե ինչ ճնշումներ եղան մեր դատաիրավական համակարգի վրա և ամենից հետաքրքիրն այն էր, թե ինչ եռանդով իրվաբանները, հատկապես փաստաբանները պայքարի մեջ մտան այդ երևույթի դեմ, նշեց ՀՀ երկրորդ նախագահ:
«Բավական հետաքրքիր էր այդ ամենին հետեվել: Պետաիրավական հատվածի հետ շփումներ և առնչություն ունեցել եմ, քանի որ եղել են սահմանադրական բարեփոխումներ իմ նախագահ եղած ժամանակ: Երևի ռեֆորմների մեծ մասը հենց այդ ժամանակ է հիմքը դրվել, շարունակվել: Բացի դրանից, օրենսգրքերի մեծ մասը հենց այդ ժամանակ է ընդունվել, հետագայում բարելավման գործընթաց են անցել»,-ասաց նա:
Քոչարյանը նկատեց, որ մի ժամանակ լավ փաստաբանը նա էր, ով կարողանում էր պայմանավորվել դատախազի հետ. «բայց հետո մի այլ դպրոց ձևավորվեց, որ լավ փաստաբանն այն է, ով կարողանում է պայքարել մրցակցային դատարանում: Այդ դպրոցը կա, ամբողջական դաշտը չի փակել, բայց կա: Դա մեր մեծ ձեռքբերումներից մեկն է, որվ կարելի է հպարտանալ»:
Նա հայտարարեց, որ դատական համակարգի նկատմամբ իր գնահատականը բավականին հակասական է. «Պարզվեց, որ կային մարդիկ, որ բավականին բրձր մակարդակի վրա հայտնվեցին, և կար նաև ճիշտ հակառակը: Ես չէի ասի, որ այդ համակարգը իմ ժամանակ կայացել է, եթե նայեմ բաժակի կիսադատարկ լինելու անկյան տակ: Այնուամենայնիվ կդրային առաջարկները, լուծումները միշտ չէ, որ լավն էին: Հակառակը կասեի:
Իմ ժամանակ այդ ոլորտում բարեփոխումներն առաջնորդում էր արդարադատությաննախարար Դավիթ Հարությունյանը: Ինքն էր բարփոխումների դեմքը: Երևի ամենից կարևորը եռաստիճան դատական համակարգն է՝ իրարից անկախ: Դատական ուղղահայաց համակարգը բարեփոխելու տարբերակ էլ չկար, պետք էր ուղղակի կտրուկ դեմոնտաժի ենթարկել և նոր համակարգ կառուցել»,-ասաց նա:
Իր հիմար հայտարարություններով ՀՀ ղեկավարությունը փաստորեն լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան
Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր հետևողականորեն քայքայեցին բանակի մարտունակությունը, ասեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հնարավոր եղավ պատերազմը։
Նախկին նախագահը փաստեց, որ Ադրբեջանում զգացել են Հայաստանի թուլությունը մի շարք պարամետրերով։ «Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր հետևողականորեն քայքայեցին բանակի մարտունակությունը։ Հասկանո՞ւմ էին նրանք դա, թե՞ չէին հասկանում՝ գալիք, շատ լուրջ պարզաբանման խնդիր է։ Բայց առաջին պատերազմի հերոսների մեթոդական անվանարկումը, բարոյական ոչնչացումը քրեական գործերի շարքն էր, քաղաքական հետապնդումը, մեղադրանքը կոռուպցիայի, ամեն ինչի մեջ։ Բանակային ծառայության, բանակի հանդեպ վերաբերմունքի հետ կապված բազմաթիվ պահերի վերանայում, ինչ-որ բարեփոխումներ բանակում, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեին պաշտպանունակության բարձրացման հետ։ Երկրորդը հակամարտության ռազմական լուծման լեգիտիմացումն էր։ Ըստ էության, բանակցային գործընթացը հայկական կողմը ազգերի ինքնորոշման ոլորտից տեղափոխեց տարածքային ամբողջականության հարթություն։ Նաև անհասկանալի է՝ դա արվել է գիտակցաբա՞ր, թե՞ չիմացության, անկարողության ու անգրագիտության պատճառով։ Բայց փաստորեն «Ղարաբաղը Հայաստան է և վե՛րջ» հռչակելով՝ նրանք հարցը մտցրին տարածքային ամբողջականության հարթություն։ Իսկ դա նշանակում է ագրեսիայի լեգիտիմացում։ Դե, ասենք՝ Ադրբեջանը «վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը» և վերջ»,- իրավիճակը բնութագրեց նախկին նախագահը։
Հարցազրուցավարի նկատառմանը, թե՝ Բաքվում հարցազրույցի ժամանակ նրան ասել են, որ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկը իրեն նման հայտարարություններ թույլ չի տվել, Քոչարյանն ասաց. «Դա պարզապես հիմարություն էր անել։ Ղարաբաղի գոյությունն իսկ, ողջ բանակցային գործընթացը, Ղարաբաղի անկախության գաղափարը կառուցված էր ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։ Նրանք կոտրեցին այն ամենի փաստարկային հիմքը, ինչի վրա կառուցվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դա շատ կոպիտ սխալ էր, դա ագրեսիայի փաստացի լեգիտիմացում է»։
Խոսելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու մասին՝ Քոչարյանը դա անվանեց «հայ հասարակության չտեսնված ներքին խառնակչություն»։ «Ախր, եթե դու երկիր ունես, որի հետ, մեղմ ասած, հարաբերություններդ կարգավորված չեն, ուղղակի ասած՝ թշնամական է ընկալումը, ապա առաջինը, ինչ պետք է ցանկանայիր անել, ներքին պառակտում մտցնելն էր։ Փաստորեն, մենք ինքներս արեցինք այն, ինչը պետք է ջանային անել Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հանդեպ։ Եվ նման օրինակներ ես կարող եմ բերել անվերջ քանակությամբ։ Դրա վրա կծախսվի մեր ողջ հաղորդումը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Ի դեմս վարչապետի պաշտոնակատարի ունենք անհաջողակի, քաղաքական գաճաճի
Քոչարյանը կարծում է, որ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունն իր հասցեին, այն է՝ 1999 թվականին Մեղրին հանձնելու մտադրությունը, պարզապես արժանի չէ մեկնաբանության:
«Դա անհեթեթություն է: Դա մարդ է, ով իսկապես հանձնել է ամեն ինչ: Եթե ինչ-որ բան պահպանվել է, ապա Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է»,-ասել է երկրորդ նախագահը:
Նա հավելել է, որ ի դեմս վարչապետի պաշտոնակատարի ունենք անհաջողակի, քաղաքական գաճաճի: «Չեմ կարծում, թե պետք է մեկնաբանել նրա հայտարարությունները»,-ասել է Քոչարյանը:
Կառավարությունը բավարար ուշադրություն չի հատկացնում անվտանգության հարցերին
Հայաստանի պարտությունը պատերազմում ուժեղ հարված էր նաև ռուսական ազդեցությանը տարածաշրջանում,- ասաց Հայաստանի երկրորդ նախագահը։
«Որովհետեվ փաստացի ռազմաքաղաքական դաշնակիցը՝ Հայաստանը, պարտվեց։ Փաստացի, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակիցը շահեց. ինչպես էլ իրավիճակը պտտես, այն ընկալվում է այս տեսանկյունով»,- պարզաբանեց նախկին նախագահը։
Պատասխանելով Ռուսաստանի հանդեպ Հայաստանում վերաբերմունքի մասին հարցին՝ նախկին նախագահը կարճ նշեց. ընտրությունները ցույց կտան։ «Իմ զգացողությունն այն է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակում է Ռուսաստանին՝ որպես այս տարածաշրջանում անվտանգության հիմնական երաշխավորի, վերաբերվել միակ երկրի, որը կարող է դիմակայել թուրքական ծավալապաշտությանն այս տարածաշրջանում։ Բավական է նայել քարտեզին։ Իսկ ըստ էության էլ ո՞վ կարող է դա անել։ Բոլորն են հասկանում, որ որոշ շեշտադրումներ փոխվել են, բոլորն են հասկանում, որ Թուրքիան հայտարարում է իր աճած հնարավորությունների մասին, բայց և այնպես Ռուսաստանը մնում է միակ երկիրը, որը կարող է սահմանափակել այդ ազդեցությունը։ Ինձ թվում է, որ հասարակության ճնշող մասը դեռևս չի փոխվել Ռուսաստանի ընկալման հարցում»,- նշեց Քոչարյանը։
Խոսելով վեց գերիների (գերեվարվել են ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածք անօրինական ձևով ներխուժելու ժամանակ – խմբ.) մասին և պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունենում, Ռոբերտ Քոչարյանն ասաց. Հայաստանի Հանրապետության սահմանների պատշաճ պաշտպանվածության բացակայություն։ «Հայաստանի ԶՈւ-ն հիմա այնքան թույլ է, և կառավարությունը բավականաչափ ուշադրություն չի հատկացնում անվտանգության հարցերին։ Ես կարծում եմ՝ նրանք համակերպվել են պատերազմի արդյունքների հետ։ Այդ մարդկանց այսպիսի պարտվողական վիճակը թույլ չի տալիս համարժեք որոշումներ կայացնել։ Ողջ շփման գծով մենք պետք է բավական ամուր դիրքեր ունենանք սահմանի երկայնքով։ Եթե դրանք բավարար չեն, եթե տարվել են սեփական տարածքի խորքը, բնականաբար, ադրբեջանցիները առաջ են շարժվելու, լավացնելու են իրենց դիրքերը, հարմարվեն տեղանքին՝ որտեղ է շահավետ, որտեղ՝ շահավետ չէ։ Միևնույն ժամանակ, ոգևորված և հաղթողի թրենդում լինելով՝ նրանք իրենց թույլ են տալիս քայլեր, որոնք ակնհայտորեն ընկալվում են որպես ագրեսիա»,- ասաց նախկին նախագահը։
«Զանգեզուրի միջանցքի» հանդեպ ադրբեջանցիների ախորժակի վերաբերյալ պետության նախկին ղեկավարն ընդգծեց Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության զսպող գործոնը և ռուսական կողմի հետ երկկողմ պայմանագրի առկայությունը։ «Ես կարծում եմ, որ դա ամենազսպող փաստն է այս իրավիճակում։ Ինչ-որ մեծ սպասումներ ՀԱՊԿ-ից չունեմ։ Այդ մասին ասում եմ հրապարակավ։ Ցավոք, մեր իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ինչ-որ իմաստով մթագնեն մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործն էր, և երկկողմ առումով Ադրբեջանն անհամեմատ ավելի ջերմ հարաբերություններ ունի ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների հետ։ Ռուսաստանն այս առումով կարծես առանձին լինի։ Բայց որոշումները կայացվում են կոլեկտիվ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Կողմ եմ կիսանախագահական համակարգին, բայց հեշտ չի լինելու հետ գնալը
Իմ իշխանության տարիներին սահմանադրական բարեփոխումների ժամանակ իշխանության վերաբաշխում արեցինք նախագահի լիազորություններից դեպի խորհրդարան, կառավարություն,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:
«Ամեն ինչ բալանսավորման մեջ է լավ արդյունք տալիս: Մենք հիմա անցել ենք խորհրդարանական երկրի, բայց ոչ մի նախագահ այսքան լիազորություն չի ունեցել, որքան այսօր ունի վարչապետը: Դա նորմալ երևույթ չի;
Մի քիչ դժվար է լինելու հետ գնալ կիսանախագահական համակարգին, թեև ես դրան եմ կողմնակից: Ես համարում եմ, որ դա ավելի լավ է կարգավորվում իշխանական տարբեր ճյուղերի բալանսը: Խորհրդարանականում ևս կարելի է նման բալանսի հասնել: Միշտ չէ, որ մոդելն է վատ, շատ հաճախ մեդոլի կիրառումն է բերում վատ հետևանքների: Տվյալ դեպքում նաև մոդելն է վատ, որովհետև անունը դրել են խորհրդարանական, բայց այնքան իշխանություն են բևեռացրել մեկ մարդու տիրույթում: Դա խորհրդարանական գաղափարի հետ որևէ աղերս չունի:
Դժվար է լինելու, որովհետև կուսակցությունները խորհրդարանական համակարգը դիտում են որպես կուսակցական համակարգի զարգացման նախապայման: Թեև մասնագետներն ասում են, որ պետք է զարգացած կուսակցական համակարգ լինի, որը արդյունավետ կդարձնի խորհրդարանական կառավարման մոդելը: Հավի ձվի պատմությունն է, մեկը մյուսին սնում է: Թե որն է ճիշտ, կարելի է օրերով վիճել և ամեն մեկը մնա իր կարծիքին»,-ասաց նա:
Քոչարյանը հավելեց, որ վստահ չի, որ կիսանախագահական համակարգի անցնելը հեշտ ճանապարհ է լինելու նաև այն պատճառով, որ երկիրը տրենաժոր չի, որ քաշտ ավելացնես, պակասեցնես, մեծացես, շուռ տաս: «Դու չես կարող 3-5 տարին մեկ բան փոխել: Դրա համար կփորձենք այդ ճանմապարհով գնալ, եթե դիմադրությունը շատ մեծ լինի, կան քայլեր, որոնք հենց հիմա շատ արագ կարելի էէ անել: Կոնկրետ վարչապետի ազդեցությունը դատական համակարգի վրա: Օրինակ, ՔԿ պետը, ՀՔԾ պետը պետք է ավելի անկախ լինեն: Նաև նորմալ չի, որ ուժային կառույցները հաշվետու չեն խորհրդարանին: Դրա համար կտանք արագ լուծումներ մի շրք խնդիրների, հետո տալ մի փոքր պաուզա, հասկանալու համար, թե պրոբլեմները հարթվում են, թե ոչ: Եթե չեն հարթվում, այդ ժամանակ արդեն գնալ սահմանադրական փոփոխությունների»:
Փաշինյանի թիմի հետ աշխատելու հնարավորությունը բացառված է
Ռոբերտ Քոչարյանը բացառել է Փաշինյանի թիմի հետ աշխատելու հնարավորությունը:
«Դա բացառվում է: Որեվէ համագործակցություն մարդկանց հետ, որոնք երկիրը նման վիճակի հասցրեցին: Դա պարզապես անհնար է ոչ միայն կոնկրետ իմ պարագայում, այլ կուսակցությունների ու դաշինքների, որոնք իրական հնարավորություն ունեն անցնելու հաջորդ խորհրդարան»,-ասել է Քոչարյանը:
News.am-ի նյութերով