ՀՅԴ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՓԱՐԻԶ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ Նիկոլ Փաշինյանի Փարիզ այցի հետ կապված, ասելով, որ այս այցն իրենք մերժում են ու այցը միայն նախընտրական է ու Փաշինյանը պաշտոնապես չի կարող ներկայացնել Հայաստանը։

«Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան կ‘այցելէ Փարիզ: Այս այցելութիւնը, որ կը մեկնի պարզապէս նախընտրական հաշիւներով, կը մերժենք իր էութեամբ: Նախ և առաջ, ան այսուհետև պաշտօնապէս ոչ մէկ հանգամանք ունի ներկայացնելու Հայաստանը:

Ան 20 յունիսի արտահերթ ընտրութիւններուն թեկնածու մըն է, ինչպէս մնացեալ բոլոր թեկնածուները: Առ այդ, այս այցելութիւնը մենք կը համարենք զուտ անձնական այցելութիւն և ոչ մէկ ձևով կրնայ ունենալ համայնքային պարունակ:

Երկրորդ, ան Հայաստանն ու հայ ժողովուրդը առաջնորդած է նուաստացուցիչ պարտութեան և ստորագրած է անձնատուութեան խայտառակ ու ամօթալի ծանօթ փաստաթուղթը, որուն շարունակութինը տակաւին քանի մը օրեր առաջ հրապարակաւ խոստացած է կատարել անգամ մը ևս:

Երրորդ, այն պահուն, երբ մեր Հայրենիքը խոր ճգնաժամի մէջ է, երբ թշնամին հատած է մեր սահմանները, երբ թշնամի բանակը ամէն ժամ կը սպառնայ նոր յարձակումի և ներխուժումի, երբ ունինք նոր գերիներ, գերագոյն հրամանատարի կոչումին և աթոռին կառչած անձը կը լքէ երկիրը և կը մեկնի արտասահման: Այս անպատասխանատու և դասալիք պահուածքը անընդունելի ու դատապարտելի է ըստ ամենայնի:

Դաշնակցութեան մեծ ընտանիքը, իր ուղեկից միութիւններով, տարբեր միաւորներով և իր բոլոր հաստատութիւններով կը մերժէ անոր հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում և անգամ մը ևս կը զգուշացնէ բոլորին, որ ոչ մէկը համարձակի այս անտեղի ու անպատշաճ այցելութեան տալ համայնքային բնոյթ:

ՀՅԴ Արևմտեան Եվրոպայի Կեդրոնական Կոմիտէ»,-ասվում է հայտարարության մեջ։

Panorama.am