ՉԱՐ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ. ՈՉ, ԱՎԵԼԻ ՎԱՏԹԱ՛Ր

Մեզ թվում էր, թե ավելի ցած գլորվել անհնար է և արդեն պարզապես չի կարող տեղի ունենալ այնպիսի մի բան, ինչը կցնցի շատ ավելի, քան, օրինակ, պատերազմում զոհված տղաների հաշվարկումը Փաշինյանի կողմից «պլյուս-մինուս» կատեգորիաներով, կամ իր իսկ հայտնությունն այն առնչությամբ, թե, ինչպես պարզվում է, պարտությամբ նույնպես կարելի է հպարտանալ։ Սակայն պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված ու Աբովյանի դիահերձարանի նկուղային տարածքում հատակին նետված մեր զինվորների աճյունների սարսափազդու լուսանկարները, որոնք երեկ հրապարակվեցին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում, դա մի այնպիսի բան է, որից արյունը պաղում է ցանկացած նորմալ մարդու երակներում։

Ընդ որում Առողջապահության նախարարությունը, ըստ էության՝ հաստատելով լուսանկարների իսկությունը, հայտարարեց, թե կատարվածի առնչությամբ կձևավորվի աշխատանքային խումբ (!!!): Գերատեսչությունում մտադիր են ծառայողական հետաքննության միջոցով ուսումնասիրել աճյունների պահպանման խնդիրը և պարզել, թե որքանով են պայմանները համապատասխանել պատշաճ չափանիշներին: Ըստ որում նախարարությունում հերքում են հաղորդագրություններն այն մասին, որ իրենք թաքցնում են զոհվածների մարմինների և մասունքների թիվը: Հայտարարում են, թե ինչպես նախկինում, այնպես էլ հիմա զոհված զինվորների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում և աճյունների պահպանման հետ կապված որևէ խնդիր չի հայտնաբերվել, հաղորդում Է Sputnik Արմենիան:

Ի՞նչ աշխատանքային խումբ, ի՞նչ ծառայողական հետաքննություն։ 6-8 ամիս է անցել, որդեկորույս ծնողներն այդ ընթացքում, հնարավորություն չունենալով քրիստոնեաբար հողին հանձնել իրենց զավակներին, ամեն օրն ապրում են անմարդկային տառապանքների մեջ, որոնց չափն անհնար է պատկերացնել: Իսկ դուք պատրաստվում եք ստեղծել ինչ-որ աշխատանքային խո՞ւմբ: Այո, ցանկացած համարժեք երկրում, եթե նման բան պատահեր, Առողջապահության նախարարությունն ամբողջությամբ ու առանձին-առանձին ստիպված կլիներ հրաժարական տալ՝ նախարար կոչեցյալի գլխավորությամբ: Եվ անմիջապես դատվել Քրեական օրենսգրքի ամենախիստ հոդվածով, որ հնարավոր է կիրառել տվյալ իրավիճակում։

Մինչդեռ Առողջապահության նախարարությունը զբաղվում է ինչով ասես, բայց ոչ նրանով, ինչը պետք է դառնար առաջնային կարևորության խնդիր, ելնելով թեկուզ բարոյական չափանիշներից, չենք խոսում արդեն մնացած ամենի մասին։ Բայց մենք լսում ենք ինչ ասես. սկսած նրանից, որ Հայաստանը պետք է դառնա չծխող երկիր (կարծես թե դա առաջնային կարևորության նորություն է), վերջացրած ԱԺ ամբիոնից հնչող զառանցանքով՝ փողոցում դիմակներ չկրելու թույլտվության մասին (որոնք վաղուց ոչ ոք չի կրում), բայց ոչ զինվորների աճյունների մասին, որոնք, ըստ երևույթին, բացարձակապես չեն հետաքրքրում պետությանը։ Սա չար դիտավորություն չէ, սա ավելի վատթա՛ր է, քան չարամտությունը։ Սա անփութություն է, անտարբերություն ու դաժանություն, որը տեղավորվում է հենց այն «պլյուս-մինուս» արտահայտության տրամաբանության մեջ, որը Փաշինյանի երկրպագուները շտապեցին անվանել վրիպասություն, իբր՝ սխալվել է մարդը, պատահաբար բերանից թռցրել։ Մինչդեռ նման բան պատահաբար բերանից թռցնել անհնար է։

Հիշո՞ւմ եք ցուցադրական շոուն՝ պատին հենած դրոշի շուրջ, որի առիթով ժամանակին վարչապետը ամենաիսկական հիստերիա բարձրացրեց, հայտարարելով, թե պետականության խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը պետք է պատժվի։ Եվ միանգամից հեռացրեց բոլոր նրանց, ում հընթացս համարեց նման անհարգալից վերաբերմունքի մասնակից, ինչով արժանացավ իր երկրպագուների հերթական օրգազմային հրճվանքին։ Այսինքն պատին հենած դրոշը սարսափելի հանցագործություն է, իսկ տոպրակներում փաթեթավորած, ամիսներով հատակին ընկած երիտասարդ տղաների աճյունները, որոնք մարտի դաշտում զոհաբերել են իրենց կյանքը հանուն Հայրենիքի, դա այնպիսի բան է, ինչը դեռ պետք է պարզել, աշխատանքային խումբ ստեղծել, հետաքննե՞լ։ Դուք առհասարակ մարդ արարա՞ծ եք, թե՞ ինչ-որ այլ բան։ Եվ ախր դրոշի առիթով զայրույթից բլթբլթացող վարչապետի պաշտոնակատարն ինքն էլ ոչ մի կերպ չարձագանքեց զարհուրելի լուսանկարներին. նա իր համար մեկնում է Փարիզ ու Բրյուսել՝ ինչ-որ հանդիպումների։

Մինչ անհայտ կորած զինծառայողների հարազատները փակում են Երևանի փողոցները՝ պահանջելով գոնե ինչ-որ չափով հստակեցնել իրենց զավակների ճակատագիրը, մինչ զոհվածների ծնողները ամիսներով չեն կարողանում ստանալ երեխաների աճյունները, որպեսզի հողին հանձնեն, ընդ որում հայտարարելով, որ իշխանությունները թաքցնում են մոտ 200 աճյուն և պահում մրգի արդյունաբերական սառնարաններում, «նրանց քայլը» շրջում է գյուղերում ու քաղաքներում՝ քարոզելով առաջիկա ընտրություններում քվեարկել ներկայիս իշխանության օգտին: Վարչապետի պաշտոնակատարը մեկնում է Եվրոպա, Երևանում պատրաստվում են տոնել Երեխաների պաշտպանության օրը: Ուրիշ էլ ի՞նչ է պետք իմանալ այս իշխանության մասին։ Ոչի՛նչ։