Մարգարիտա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ. «ՊԱՐՈՆԱՅՔ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ, ՀՀ ՔՐ.ՕՐ.-ՈՒՄ ԿԱ 265-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ

Երեկ երեկոյան համացանցում հայտնվեց նոր, է՛լ ավելի զարհուրելի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես են զոհվածների ծնողները մտել Աբովյանի դիահերձարան և սառնարաններից զուրկ նկուղային տարածքում տեսել պարկերով հատակին գցած զինվորների աճյունները: Տեսանյութ, որում նշվում է նման իրավիճակում միանգամայն հասկանալի ծանր օդի փաստը։ Բացարձակ անտանելի տեսարան։

Մինչդեռ, ըստ «Դեժավյու» տելեգրամ-ալիքի տվյալների, Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի դիահերձարանում, որտեղ բացակայում են սառնարանները, աճյունները տեղավորելու հրաման է տվել անձամբ առողջապահության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ներկայիս ղեկավար Արսեն Թորոսյանը: Այդ մասին «Դեժավյու»-ն տեղեկացել է Առողջապահության նախարարության իր աղբյուրներից։

Адвокат Маргарита Гюлумян

Իսկ չէ՞ որ արդեն գրեթե երկու օր է անցել տեղեկատվության և դիահերձարանում նկարահանված առաջին տեսանյութերի հրապարակումից հետո։ Սակայն մինչ այս պահը Գլխավոր դատախազությունը հանդես չի եկել համապատասխան հայտարարությամբ, չի կարգադրել ոստիկանությանը քրեական գործ հարուցել և անմիջապես սկսել հետաքննություն, որը պետք է ընթանա անձամբ գլխավոր դատախազի հսկողության ներքո: Այդպես պետք է լինի անվերապահորեն, քանզի Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին ահազանգը ստացել է ԶԼՄ-ների միջոցով, ինչը, համաձայն օրենքի՝ պարտավորեցնում է նրան անհապաղ գործողություններ ձեռնարկել: Թեպետ, ինչի՜ մասին եմ խոսում։ Մի՞թե Արթուր Դավթյանը չէ այդ գերատեսչության ղեկավարը։ Այն ամենից հետո, ինչ իրեն թույլ է տվել անել երբեմնի հարգված այդ իրավաբանը վերջին 3 տարիների ընթացքում, մի՞թե կարելի է լրջորեն ակնկալել, որ նման զարհուրելի փաստը կազդի նրա վրա և միջոցներ կձեռնարկի։ Չազդեց։ Քրեական գործ չկա, կան լոկ խոսակցություններ, այն էլ՝ Առողջապահության նախարարության մակարդակով։

Նախօրեին առողջապահության նախարար Արևիկ Ավանեսյանը, անխռով ու առանց խղճի խայթի մեկնաբանելով զոհված զինվորների աճյունները յոթ ամիս անց հայտնաբերելու փաստը, անվանեց դա լոկ «բացթողում» և ներողություն խնդրեց՝ հավելելով, որ նշանակվել է ծառայողական քննություն: Այդքան բան։ Սահմռկեցուցիչ, աղաղակող հանցագործության առնչությամբ, որի կադրերը համապատասխան մեկնաբանություններով եռանդագին տիրաժավորվում են ադրբեջանական ԶԼՄ-ներում, մեզ մոտ ընդամենը ծառայողական քննություն է անցկացվում։

«Յոթ ամիս շարունակ հայ հերոսների աճյուններն անտեր գցած են եղել դիահերձարանում, և պատասխանատուների ողջ շղթան լռություն է պահպանել. պահակից մինչև դիահերձարանի տնօրենը (հասկանալի է, որ դա հրամայված է եղել վերևից), ընդհուպ միչև Առողջապահության նախարարության բարձրաստիճան աշխատակիցներ՝ տիկին նախարար կոչեցյալի գլխավորությամբ։ Եվ դա մեզանում կոչվում է «բացթողո՞ւմ»,- « ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում վրդովմունքով հայտարարեց փաստաբան Մարգարիտա Գյուլումյանը։ Մինչդեռ, ի գիտություն իրավապահ մարմինների, ուզում եմ հիշեցնել, որ մեր Քրեական օրենսգրքում գոյություն ունի 265-րդ հոդվածը, որը պատիժ է նախատեսում մահացածների մարմինների կամ հուղարկավորության վայրի նկատմամբ անարգանքի համար։ Ուզում եմ մեջբերել դա ամբողջությամբ։

Ըստ հոդվածի՝ դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով, գերեզմաններում գտնվող կամ դրանց վրա եղած առարկաները հափշտակելով, պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Պարոնայք դատախազներ և ոստիկաններ, դուք դա չգիտեի՞ք։ Վերընթերցեք Քրեական օրենսգիրքը, հիշեք ձեր տված երդումը և գործե՛ք վերջապես։ Մի՞թե իսպառ մոռացել եք հայրենասիրության ու համազգեստի պատվի մասին։

Ուզում եմ նշել ևս մեկ հանգամանք։ Նախարարի պաշտոնը պետական քաղաքական պաշտոն է։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ այդ պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն իրավունք ունի քաղաքական որոշումներ կայացնելու, այլև քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի գործունեության սկզբունքների հետ կապված հարաբերությունները և կազմակերպման կարգը նախորոշված են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

Չմոռանանք, որ վարչապետն է նախագահին գրավոր առաջարկ ներկայացնում նախարարի պաշտոնում թեկնածուին նշանակելու մասին, որից հետո միայն նախագահը հրամանագիր է հրապարակում առաջադրված թեկնածուին Կառավարության անդամ նշանակելու մասին։

Այսպես, նախարարը.

1)ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը,

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ,

3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ,

4) կառավարության քննարկմանն է ներկայացնում կառավարության որոշման օրինագծերը:

Նախարարի հրապարակային ելույթները պետք է համապատասխանեն կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին։

Ինչո՞ւ եմ նշում այս ամենը։ Նախարարը ներկայացնում է այն քաղաքական ուժին, որը բերել է իրեն այդ պաշտոնին։ Մեր նախարարուհին իր ծայրաստիճան անհաջող ելույթում փաստացի ընդունեց իր մեղքը։ Ընդունեց ու հանգիստ գնաց տուն, վստահ լինելով, որ դա կներվի իրեն, քանզի որպես այս կառավարության ներկայացուցիչ՝ իրեն թույլատրված է ամեն ինչ։

Իրականում նրա հրաժարականն արդեն պետք է ստորագրված լիներ։ Իրեն հարգող քաղաքական ուժը անմիջապես կհեռացներ նրան պաշտոնից՝ պարտականությունները չհաղթահարելու, իրեն նշանակողներին վարկաբեկելու համար։ Ողջ քաղաքական ուժը պատասխանատու է տեղի ունեցածի համար, և սրանք լոկ խոսքեր չեն։ Բոլոր պատասխանատուները, սկսած առողջապահության նախարարից, պետք է պատժվեն։ Բայց ասես հերթական ծաղր՝ առավոտյան մեզ «ոսկոր նետեցին» այն հաղորդագրության տեսքով, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից, իսկ կենտրոնի տնօրենը «նույնիսկ» ստացել է «խիստ նկատողություն»։ Այսինքն խոստացած «ծառայողական քննության» արդյունքում պաշտոնը կորցրել են բնավ ոչ խայտառակության ու ողբերգության գլխավոր մեղավորները, այլ ավելի շուտ «սլաքավարները»։ Ի՞նչ սրտով ու խղճով են ապրելու մարդկային ահավոր վշտի մեղավորները, անգամ եթե այսօր խուսափեցին պատժից։ Շղթայական ռեակցիայով նրանք փտելու են իրենց ողջ կյանքում...»։