ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՐՋԻՆ
Այն ժամանակ, երբ հասարակությունը ցնցված է պատերազմում զոհվածների հարյուրավոր աճյուններն Աբովյանի դիահերձարանում հայտնաբերելու փաստից, Փաշինյանի ուսերին խորհրդարան անցած ուսապարկերից մեկը հարցազրույց էր տալիս «Շանթ» հեռուստաալիքին, որտեղ պատմում էր Փաշինյանի կառավարության «ձեռքբերումների» մասին: Խոսքը Հայկ Կոնջորյանի՝ պստիկ, բայց ճստիկներից մեկի մասին է. Էդմոն Մարուքյանի սանիկի, որը նախկինում եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, բայց խորհրդարանում հաստատապես հայտնվելու համար 2018-ի տարեվերջին չվեց «Իմ քայլ»։
Կոնջորյանը խոսում էր այն մասին, թե նախկին իշխանության օրոք կար համակարգային կոռուպցիա, որն այժմ իսպառ արմատախիլ է արված... Այդ պատգամավորին անհնար է դժվար վիճակի մեջ գցել այն հարցով, թե երեք տարվա ընթացքում կա՞ արդյոք գոնե մեկ դատավճիռ, որն ապացուցում է նախկին իշխանությունների համակարգային կոռուպցիան: Կա՞ դատարանի գոնե մեկ որոշում, որը պարտավորեցնում է խլել կաշառակերից ապօրինի ձեռք բերած գույքը՝ խորհրդարանի կողմից համապատասխան օրենքի ընդունումից հետո։ Կոնջորյանին նման հարցերով փակուղի չես գցի։ Նա ունի դրա «բացատրությունը». համակարգային կոռուպցիոներները, ասում է, այնպես էին մաքրում փաստաթղթերը, որ կառչելու տեղ չունես…
Երկաթե տրամաբանություն։ Նույն տրամաբանությունն ուներ նաև «Մարտի 1»-ի գործով քննչական մարմինը։ Բանակը, ասում են, կրակում էր ժողովրդի վրա, իսկ երբ հարցնում ես՝ կա՞ն արդյոք ապացույցներ, գուցե կա՞ զինվորականներին ամրակցված զենքի կրակոցից վիրավորված մեկը, գուցե կա՞ն պարկուճներ, որոնք վկայում են, որ զինվորականները կրակել են։ Իհարկե, պատասխանում են, եղել են պարկուճներ, բայց հետո դրանք փոխել են։ Լավ, իսկ որտե՞ղ են հիմա այդ իսկական պարկուճները։ Դե, դրանք ոչնչացվել են, բայց եղե՛լ են, խաբողը թող լավ օր չտեսնի, եղել են հաստա՛տ…
Նույնպիսի երկաթե տրամաբանությամբ կարելի է պնդել, որ բոլոր ուսապարկերը դրամական պարգև են ստացել Ալիևից՝ երկրի փլուզման և պատերազմում պարտվելու համար։ Ապացույցնե՞ր։ Դե, ուսապարկերը բոլոր ապացույցներն արդեն ոչնչացրել են, իսկ փողերը կերուխումի վրա ծախսել ու տանուլ տվել խաղատներում։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ներկայիս իշխանությունների օրոք չկա համակարգային կոռուպցիա... Դա մեծ հարցական է։ Իշխանավորների մի շարք կոռուպցիոն գործարքներ արդեն հետաքննվում են, բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Այն հարցի պատասխանը, թե որքանով է համակարգային եղել կոռուպցիան ներկա իշխանության օրոք, մենք կիմանանք իշխող ռեժիմի հեռացումից շատ չանցած։ Եվ ինչ-որ բան հուշում է, որ փաստերը, որոնք ակնհայտ կդառնան, կլինեն այնպիսին, որ հասարակությունը ևս մեկ ցնցում կապրի երեք տարի շարունակ իր ականջները լցվող ստի մասշտաբներից։ Դրա համար էլ Փաշինյանի թիմն այդչափ խուճապահար վախենում է կորցնել իշխանությունը։
«Լուսավոր Հայաստան»-ից փախած երիտասարդը շատ խոսեց նաև այն մասին, թե ինչքան բան են արել իրենք դատարանների անկախության համար։ Շա՜տ բան են արել։ Դա հատկապես դրսևորվեց ուժային կառույցների ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցում, որոնք քննարկում էին, թե ինչ որոշումներ պետք է կայացնեն դատավորները «Մարտի 1»-ի գործով։ Մասնավորապես, թե ինչ գրավ նշանակեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որպեսզի նա ի վիճակի լինի վճարել ու բանտ չնստի։ Եվ ինչպես էր Հատուկ քննչական ծառայության ղեկավարը զարմանում, որ Խաչատուրովը մի քանի տասնյակ հազար դոլար չունի գրավը վճարելու համար... Իրոք որ զարմանալի է, չէ՞ որ կար «համակարգային կոռուպցիա», հետևաբար՝ Խաչատուրովից միանգամայն կարող էին ավելի մեծ գրավ պոկել…
Իսկ ինչպե՜ս նպաստեց դատարանների անկախությանը Փաշինյանի հայտարարությունը՝ երկրում դատարանների բոլոր շենքերն արգելափակելու կոչով։ Այն բանից հետո, երբ դատավորը համարձակվեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց և Լեռնային Ղարաբաղի երկու նախկին նախագահների երաշխավորությամբ... Չգիտենք, եղե՞լ է արդյոք Հայկ Կոնջորյանը նրանց թվում, ովքեր Փաշինյանի կոչով մի քանի ժամ շրջափակման մեջ էին պահում դատական ատյանները, բայց եթե եղել է, ապա չէր խանգարի, որ ծանոթանար ՀՀ Քր.օր.-ի այն հոդվածին, որով ազատազրկման միանգամայն կոնկրետ ժամկետ է նախատեսված դատարանների գործունեությանը խոչընդոտելու համար:
Սահմանադրական դատարանի էպոպեան նույնպես դժվար է չհիշել։ Ինչպես էին պարզում, թե ինչ միջոցներով է վերանորոգվել ՍԴ նախագահի տան տանիքը, ինչպես էին ոլորում ՍԴ-ի ոչ միայն դատավորների, այլև նախագահի թևերը, ինչի արդյունքում վերջինս նույնիսկ հրաժարվեց իր լիազորություններից, ասել է թե՝ ինչ ուզում եք, արեք…
Դե, իսկ Փաշինյանի օրոք օրենքի գերակայության մասին... Համացանցում այսօր տեսանյութ է շրջում, թե ինչպես է մի մերկ տղամարդ ձեռնաշղթաներով վազում Երևանի ոստիկանական բաժանմունքներից մեկի աստիճաններով։
Շիրակցիների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ ներկաներից մեկը խորհուրդ տվեց անվանել Փաշինյանի թիմին ոչ թե ուսապարկեր, այլ խուրջիններ: «Որովհետև եթե ուսապարկերը հագցնում են մարդկանց, ապա խուրջինները կարելի է դնել նաև ավանակների՞ վրա»,- արձագանքեց Քոչարյանը։