«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ, ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

ՔԴՄ առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտարարեց «ԳԱ»-ին տված հարցազրույցում. «Կրկին սկսել են խոսել Պուտինի առաջարկի մասին»:

-Նախընտրական քարոզարշավի տվյալ փուլում Փաշինյանը ձևացնում է, թե ստացել Է Եվրամիության աջակցությունը։ Չի բացառվում, որ կապիտուլյանտը ծածուկ միտք է փայփայում արտաքին քաղաքական վեկտորը փոխելու առնչությամբ. ի՞նչ է սա, բուռն գործունեության իմիտացիա, թե՞ նա իսկապես հույս ունի վերադառնալ վարչապետի աթոռին՝ հավաքական Արևմուտքի աջակցությամբ։

-Նախընտրական քարոզարշավում խաղի գլխավոր մասնակիցները երեքն են. Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը և Փաշինյանը, քանի որ նա դեռևս իշխանության ղեկին է: Հաջորդ խորհրդարան կանցնի նաև Ծառուկյանի ԲՀԿ-ն, և հնարավոր է, որ ներս սպրդի նաև Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը։ Ֆավորիտների ցանկը հազիվ թե փոխվի։ Արտաքին քաղաքական վեկտորի հարթության վրա արվող ակնարկները վկայում են կարճ մրցատարածքում իրավիճակը հարթելու փորձի մասին. Փաշինյանը բազմիցս և հաճախ է ապավինել հյուսիսին։ Այժմ, հնարավոր է, նա հուսով է ստանալ արտաքին քաղաքական այլ կենտրոնների աջակցությունը։ Ես այդ ճիգերին առանձնակի կարևորություն չէի տա, քանզի արդեն դուրս գրված եմ համարում նրան։ Որքան ավելի է մոտենում քվեարկության օրը, այնքան ավելի մեծ թվով մարդիկ են հասկանում, թե ինչ չարիքի են իրենք բախվել։

Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների աճյունների հայտնաբերման հետ կապված պատմությունը շատերի աչքերը բացեց իրական վիճակի վրա, հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանը մեկնաբանեց այդ աղաղակող փաստը՝ ամեն ինչում մեղադրելով մարդկային գործոնը։ Բացի ամենից, եթե մարդը հպարտանում է իր պարտություններով, ապա դա մանկամիտ մտածելակերպ է: Կրկին նրա հետ կապել սեփական ճակատագիրը՝ կշանակի ևս 5 տարի ապրել մղձավանջի մեջ։ Այս ըմբռնումն աճում է և արդեն գերիշխող դառնում հասարակության մեջ։ Նույնիսկ եթե ընտրությունների ժամանակ օգտագործի բոլոր լծակները՝ ֆինանսականից մինչև քրեական, նա չի կարողանա իրեն վերադարձնել իշխանությունը։

-Այսինքն 60% և 50+1%-ը անիրական սցենա՞ր է։

-Թող մտածի 20%-ի մասին, եթե ստացվի…

-Համապետական բոլոր ընտրությունների նախօրեին ընդդիմությունը կանխատեսումներ է արել՝ հենվելով իշխանության հանդեպ ժողովրդի բացասական վերաբերմունքի վրա, իսկ հետո իշխանությունը վերարտադրել է իրեն քվեարկության արդյունքներով. չէ՞ որ Հայաստանում իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով։ Ի՞նչ կասեք։

-Համաձայնեք, ներկայիս իրավիճակը բացարձակապես անհամեմատելի է նախկին ընտրությունների հետ։ Ընտրողների մեծամասնությունը հիասթափություն է ապրում ամեն օր, ամեն օր ի հայտ են գալիս փաստեր, որոնք վկայում են, որ այդ մարդու իշխանության յուրաքանչյուր ավելորդ ժամն աղետ է երկրի համար։ Պատահական չէ, որ ներկայումս կրկին սկսել են խոսել հոկտեմբերի 19-ին Պուտինի արած առաջարկի մասին։ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հաղորդեց, որ հոկտեմբերի 20-ին ԱԽ նիստում, երբ Կաթողիկոսն արցունքն աչքերին խոսում էր Արցախում կոտորածը դադարեցնելու անհրաժեշտության մասին, իսկ Գլխավոր շտաբը հերթական անգամ զեկուցել էր, որ իրավիճակը շտկելն անհնար է, Փաշինյանը լռել է այն մասին, որ նախօրեին առաջարկություն է ստացել Պուտինից: Ակնհայտ է, որ ԱԽ-ն կընդուներ այդ առաջարկը։ Այսօր ժողովուրդն արդեն հասկանում է, որ Փաշինյանը միտումնավոր է հանձնել Շուշին և Հադրութը, նա կանխամտածված տարել է պատերազմը դեպի պարտություն։ Եթե չլիներ սեփական շահերը հետապնդող Ռուսաստանի համառությունը, ապա հայկական մնացած արցախյան այդ պատառիկն էլ չէր հաջողվի պահպանել։

Ռուսաստանը հասկացավ, որ տանուլ տալ ողջ Արցախը, կնշանակի՝ Թուրքիային տանուլ տալ ողջ Անդրկովկասը։ Այսօր տարածաշրջանում ձևավորվել է սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական փոխդասավորություն։ Դրա նորությունն այն է, որ Թուրքիան արդեն Անդրկովկասում է, և դրա հետ ստիպված ենք հաշվի նստել ոչ միայն մենք, այլև Ռուսաստանը։ Կարծում եմ, Ռուսաստանը կարող էր խուսափել իրավիճակի նման զարգացումից, բայց ոչ թե վերջին մեկ-մեկուկես տարում, այլ բավական երկար ժամանակաշրջանում, երբ ձևավորում էր իր քաղաքականությունը հարավային ուղղությամբ՝ փորձելով իր ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցության ոլորտում պահել Թուրքիային և Ադրբեջանին։ Դեռ այն ժամանակ նախազգուշացումներ էին հնչում, որ դա անհեռանկար ուղղություն է. Ադրբեջանը երբեք ռուսամետ չի լինի, անկախ բոլոր նախագծերից. ուղղաթիռային ծառայությունից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ։ Նույնիսկ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում Ադրբեջանը ռուսամետ չի դառնա։

«Ղրղզստանում, Ղազախստանում և Թուրքմենստանում գերազանց հասկանում են…»

-Փոխարենը Թուրքիան կրտսեր եղբոր միջոցով ներկայացուցչություն կստանա ոչ միայն ՆԱՏՕ-ում,այլև ՀԱՊԿ-ում... Հայ-ռուսական ներկա հարաբերություններում Փաշինյանի գործոնը խաղում է բնավ ոչ վերջին դերը, այնպես չէ՞։

-Ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ հստակ կարդում է Փաշինյանին։ Նա ձեռնտու է իրենց, քանի որ տարածաշրջանային բոլոր հարցերը Պուտինը քննարկում է Ալիևի և Էրդողանի հետ։ Փաշինյանի հետ ոչ ոք հաշվի չի նստում։ Հայաստանի նոր առաջնորդն անհրաժեշտություն կստեղծի հաշվի առնել նաև հայկական կողմի դիրքորոշումը։ Եվրոպայում կատարած շրջագայությունները չեն կարող փոխել Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Ուզում եմ հավելել, որ ՀԱՊԿ-ին Փաշինյանը դիմեց այն բանից հետո, երբ հիմնովին փչացրել էր հարաբերությունները կազմակերպության հետ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելով Յուրի Խաչատուրովին։ ՀԱՊԿ-ում դա ընկալեցին որպես հարված կազմակերպության հեղինակությանը, որի համար Փաշինյանը օտար մարմին է։

ՀԱՊԿ-ը հայտնվեց բարդ ընտրության առջև։ Պարադոքսն այն է, որ ՀԱՊԿ անդամ պետության թշնամին ՀԱՊԿ մեկ այլ անդամի ռազմավարական գործընկերն է։ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, մինչդեռ Հայաստանը նրան համարում է իր թշնամին։ Դա հակասում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տառին ու ոգուն։ Ռուսաստանը հայտնվեց բարդ կացության մեջ։ Մի կողմից՝ պետք է պահպանել ՀԱՊԿ-ի քաղաքական դեմքն ու դերը, մյուս կողմից՝ ձեռքից բաց չթողնել Ադրբեջանը։

-Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բռնազավթման հետևում շատերը տեսնում են Թուրքիայի ականջները, խոսելով Ռուսաստանին ռուս-թուրքական նոր պատերազմի մեջ ներքաշելու Էրդողանի փորձի մասին։ Դա այդպե՞ս է։

-Մոսկվայում դա հասկանում են, ուզում եմ մեջբերել գործիչներից մեկի խոսքը ներկա իրավիճակի վերաբերյալ. «Մենք պետք է հասկանանք, որ այսօր Ռուսաստանն այն չէ և ոչ էլ Հայաստանն է այն, ինչ 30 տարի առաջ։ Սա ուրիշ Ռուսաստան է և ուրիշ Հայաստան»։ Այլ կերպ ասած՝ այսօր քաղաքական որոշումների կայացման վրա ազդում են այլ գործոններ։ Այսօր ավելի դժվար է որոշումներ կայացնել և իրականացնել դրանք գործնականում: Մենք սովոր ենք, որ Ռուսաստանը գիտի, թե ինչ է պետք անել հարավային ուղղությամբ, ում հետ կապել սեփական շահերը։ Մենք երկար ժամանակ կարծել ենք, թե այդ պահվածքին այլընտրանք չկա, սակայն այսօր Ռուսաստանը սիրաշահում է Թուրքիային, չնայած ռուս դեսպանի սպանությանը, խոցված ռուսական ինքնաթիռին և Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշմանը։ Ինձ այնքան էլ հասկանալի չէ այդ սիրախաղը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Կրկնում եմ, ժամանակն է, որ Ռուսաստանը հասկանա. Ադրբեջանը երբեք ռուսամետ չի լինի ո՛չ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմում, ո՛չ էլ այդ դաշինքներից դուրս։

Թուրքիան արդեն Անդրկովկասում է, և 44-օրյա պատերազմի արդյունքներով Ռուսաստանի դաշնակիցը պարտվել է Թուրքիայի դաշնակցին։ Դա հստակ երևում է միջինասիական հանրապետություններից։ Այնտեղ լսում են նաև «միջանցք» բացելու ջանքերի մասին՝ հասկանալով, որ խոսքը Մեծ Թուրանի ճանապարհի մասին է, ինչն անմիջական կապ ունի այդ երկրների հետ։ Ղրղզստանում, Ղազախստանում և Թուրքմենստանում գերազանց հասկանում են, թե ով ում է տանուլ տվել պատերազմը։ Ժամանակն է, որ Մոսկվան կողմնորոշվի և վերջնականապես հասկանա, որ հարավային ուղղությամբ Ռուսաստանն այլ ռազմավարական դաշնակից չունի, բացի Հայաստանից։ Չունի և չի կարող ունենալ։ Հարավային ուղղությամբ անվտանգության ոլորտում Հայաստանն ու Ռուսաստանը նույն սպառնալիքներն ունեն՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրանը նշել է, թե որտեղով է իր համար անցնում կարմիր գիծը. հյուսիսում հարևանության փոխդասավորության ցանկացած փոփոխություն նրա համար անընդունելի է: Ռուսաստանը նույնպես պետք է հայտարարի, թե որտեղով է անցնում իր կարմիր գիծը։

-Դրա փոխարեն՝ արտգործնախարար Լավրովը կարծիք է հայտնում, թե Էրդողանը բնավ չի մարմնավորում Մեծ Թուրանի գաղափարը, իսկ եթե հաշվի առնենք, որ ադրբեջանցիներն այսօր Սյունիքում ու Գեղարքունիքում են, ապա լոկ կռահել կարելի է, թե որտեղով կարող է անցնել Ռուսաստանի կարմիր գիծը... Դրա մեղավորը միայն Հայաստանի ներկայիս ղեկավարությո՞ւնն է:

-Չի կարելի ամեն ինչ մշտապես մեղսագրել Հայաստանի ղեկավարությանը։ Այո, մենք ոչ պիտանի իսթեբլիշմենտ ունենք, դրա համար էլ ուզում ենք փոխել այն հունիսի 20-ին, բայց կցանկանայինք, առանց կապակցելու Հայաստանի իշխանությունների հետ, հասկանալ, թե ո՞րն է ռուսական շահը։ Ռուսաստանը համաձա՞յն է ունենալ Երևանի «գուբերնիա»։ Ես հասկանում եմ, որ եթե չլիներ Ռուսաստանը, չէր մնա Արցախի հայկական պատառիկը, հնարավոր չէ թերագնահատել ռուս խաղաղապահների դերը, բայց եթե չլինի Հայաստանը, չի լինի նաև այն Ռուսաստանը, որ կա այսօր։ Պետք է հասկանալ, որ նեոօսմանիզմը կհասնի ռուսական տարածքներ։

20 տոկոս՝ պողոսների ձայների հաշվին

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն կանխատեսումներին, որ զգալով պարտության վտանգը՝ Փաշինյանը կչեղարկի ընտրությունները ցանկացած պատրվակով:

-Նրանից ամեն ինչ սպասելի է։ Չեմ բացառում, որ ընտրությունները կարող են և չկայանալ, բայց առայժմ նա համառորեն շարժվում է այդ ուղղությամբ։ Արտաքին խաղացողները դրդում են նրան գնալ ընտրությունների՝ ելնելով այն հանգամանքից, որ նա պետք է ունենա լեգիտիմ իշխանություն՝ դավաճանական ծրագրերի հետագա իրականացման համար։ Խոշոր օլիգարխները իշխանափոխությունից հաստատ կտուժեն, ուստի նրանք ամեն գնով կաջակցեն Փաշինյանի կուսակցությանը։

-Իսկ հունիսի 20-ի քվեարկության արդյունքներով կապիտուլյանտը կհանձնի՞ իշխանությունը, թե՞ կհայտարարի, իբր՝ ընտրություններում իր պարտությունը նախկին իշխանության խարդավանքներն են:

-Փաշինյանի ժողովրդականության բարձրակետը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների պահին էր, այն ժամանակ էյֆորիայի գագաթնակետին տեղամասեր եկավ ընտրողների 47%-ը, իսկ 50%-ից ավելին անտեսեց քվեարկությունը ոչ միայն այն պատճառով, որ չէր ցանկանում քվեարկել նախկին իշխանության օգտին, այլև՝ որ չէր ցանկանում քվեարկել Փաշինյանի օգտին: 3 տարվա ընթացքում նա չկատարեց ոչ մի խոստում, տապալեց պայքարը կորոնավիրուսի դեմ (կորուստները նույնքան են, որքան 44-օրյա պատերազմում), այնուհետ՝ պատերազմ, Արցախի տարածքի 75%-ի կորուստ և, վերջապես, երկու մարզերի բռնազավթում ու Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Դա չի կարող հետք չթողնել։ Շատ բան կախված կլինի ընդդիմության նախընտրական մարտավարությունից ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Եթե հաջողվի հավատ ներշնչել ընտրողներին, որ վաղը դժվարությամբ, բայց հնարավոր կլինի շտկել իրավիճակը, ապա կարծում եմ, որ Փաշինյանը հնարավորություններ չի ունենա։ Ես չեմ ասում, թե իր կուսակցությունը չի հայտնվի խորհրդարանում, բայց լոկ 15-20%-ով՝ պողոսների ձայների հաշվին։

-Իսկ փո՞ղը, վարչական ռեսո՞ւրսը, հանցաշխա՞րհը, վերջապես՝ խորհրդարանի պատերի ներսում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությո՞ւնը։

-Նա կոալիցիա կազմելու հնարավորություն չի ունենա, նման հնարավորություն կունենան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Նա բաց թողեց նոյեմբերի 10-ին հրաժարական տալու հնարավորությունը, թեպետ, չի բացառվում, որ նրան թույլ չեն տվել դա անել մինչև ծրագրի ավարտը։ Նա խոսում է 60%-ի մասին, քանի որ այլ ելք չունի։ Նույն հաջողությամբ նա կարող էր խոսել 80%-ի մասին՝ իր թիմակիցներին ոգևորելու համար։ Ընտրությունները վերջին հնարավորությունն են՝ թաղելու նիկոլականությունը, դուրս թքելու այդ գարշանքը հասարակական օրգանիզմից։ Մենք դեռ երկար ժամանակ ստիպված ենք լինելու մաքրել նրա հետևից ավգյան ախոռները, նա երկիրը հասցրել է ծայրահեղ կետի, նոր կառավարությունը բարդագույն վիճակում է հայտնվելու անվտանգության ապահովման տեսանկյունից, ես չեմ նախանձում նրանց, ովքեր լուծելու են սահմանների բարդագույն խնդիրները, որոնք ժառանգությունն են մնալու Փաշինյանից։ Դա կպահանջի ոչ սովորական քայլեր և մեծ աջակցություն ժողովրդի կողմից։

-Ձեր խոսքից կարելի է ենթադրել, թե հաղթանակն արդեն ընդդիմության ձեռքում է, իսկ ինձ հետաքրքրում է, թե կկարողանա՞ն արդյոք ընդդիմադիր երկու դաշինքները որակյալ վստահված անձանց և դիտորդների ներկայություն ապահովել բոլոր ընտրատեղամասերում. չէ՞ որ Փաշինյանի կուսակցությունն այդպիսի որակյալ կադրեր ունի, իսկ ընդդիմությո՞ւնը:

-Կարծում եմ, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները կհաղթահարեն այդ խնդիրը։ ՀՀԿ-ն տեղամասերում աշխատելու բավականաչափ փորձ ունի, ընդդիմությունը կկարողանա ծածկել բոլոր տեղամասերը և պաշտպանել դաշինքների օգտին տրված ձայները, եթե ելնենք նրանից, որ տեղամասերում խախտումներ են լինելու։

-Փաշինյանը կփորձի ամեն գնով հաղթել, նրա համար դա կենաց ու մահու խնդիր է…

-Ընդդիմությունը կջանա նույնը անել։ Թեժ է լինելու։

-Ընդհուպ մինչև քաղաքացիական պատերա՞զմ:

-Չեմ կարծում, թե բանը հասնի դրան...

Основная тема:
Теги: