ՎԵՐՋ ԹԱՎԻՇԻՆ. ՀԱՃԿԱՏԱՐՆԵՐ, ՊՈԼԻՑԱՅՆԵՐ, ՑԵՐԲԵՐՆԵՐ

Նախընտրական քարոզարշավի առաջին օրը բավական նշանակալից էր և լիակատար չափով ցույց տվեց, թե ինչ կարող ենք սպասել իշխանություններից և անձամբ Փաշինյանից մինչև ընտրությունները մնացած 12 օրվա ընթացքում։ Նիկոլի հայտարարությունների և պահվածքի անհամարժեքությունը՝ շինծու, թե բնական, ցույց տվեց, թե ինչի է նա պատրաստ վերածել քարոզարշավն ու բուն ընտրությունները, ինչ քայլերի է պատրաստ դիմել դրանցից հետո և առհասարակ ինչպիսին է ձգտում դարձնել երկիրը։ Առաջին օրը ցույց տվեց նաև բոլոր նրանց անկման ողջ խորությունը, ովքեր մնացել ու քայլում են նրա հետ, ինչպես արդեն պարզ է, մինչև վերջ, գերազանց գիտակցելով նիկոլիզմի ինչպես արդեն դրսևորված, այնպես էլ հավանական բոլոր հետևանքները։

Արմավիրի մարզը, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանին առավել նվիրվածներից մեկն է և, հավանաբար, բնավ պատահական չէր ընտրվել նրա քարոզարշավի պաշտոնական մեկնարկի համար: Հատկանշական է, որ առավոտից ոչ մի հաղորդագրություն չկար այն մասին, որ պաշտոնակատարն արձակուրդ է վերցրել, և միայն սոցցանցերում բազմաթիվ գրառումների ու մեկնաբանությունների խորապատկերին իշխանությունները հետին թվով հապճեպ ձևակերպեցին նրա արձակուրդը։ Ինչն ամենևին չի չեղարկում կուսակցական նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի բացահայտ, ցուցադրական ու լկտի օգտագործման հարցը։

Հայտնի չէ, թե որքանով են ամուր Փաշինյանի դիրքերն Արմավիրի մարզում, սակայն նրա այցի արդյունքներն այնքան էլ միանշանակ չէին. մեկ անձ ծեծված է, կոպիտ, բռնության գործադրմամբ ձերբակալված է մի տարեց կին և ընդհանուր առմամբ ձերբակալված են երեք հոգի, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել: Նրանց բոլորի «մեղքն» այն է, որ հրապարակավ ու բարձրաձայն անվանել են Նիկոլին դավաճան, այսինքն արել են այն, ինչն արդեն 7 ամիս շարունակ անում են տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ ողջ երկրում ու տարբեր ձևաչափերով։

Նման գործողությունները ոչ այնքան վաղուց սկսել են որակվել որպես «խոչընդոտում նախընտրական քարոզարշավին», և հենց այդ մեղադրանքն է ներկայացվել ձերբակալվածներից մեկին։ Հիշեցնենք, որ այդ հոդվածը հապշտապ ընդունվեց խորհրդարանի կողմից մոտ երկու ամիս առաջ, Փաշինյանի Սյունիք կատարած սկանդալային այցից հետո։ Ձերբակալվածներից երկուսին մեղադրանք է ներկայացվել վարչական հոդվածով. իրավապահ մարմինների օրինական պահանջին չենթարկվելու։

Ու թեև Փաշինյանն ընդամենը մեկ օրվա ընթացքում հրամցրեց առաջին հայացքից զառանցական մի քանի հայտարարություններ, որոնք կրկին ստիպեցին կասկածի տակ առնել նրա հոգեկան առողջությունը, սակայն հենց իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ոստիկանության պահվածքը ցույց տվեց աթոռից կառչած կապիտուլյանտի պատրաստակամությունը՝ բռնություն կիրառելու, դրա բոլոր հնարավոր դրսևորումներով։ Ավելին, նա ինքը բացահայտ, հրապարակավ ասաց այդ մասին նախօրեին, Արտաշատում տեղի ունեցած միտինգում։

«Ես գիտեմ, որ դուք բոլորդ արդեն թավիշ բառից զզվում եք, որ ճիշտը ասեմ՝ ես էլ արդեն։ Հենց հիմիկվանից մենք պիտի արձանագրենք վերջ թավիշին։ Էդ լակոտ-լուկուտները, որ մայթերում,փողոցներում ափըռ-ցփըռ դուրս են տալիս, ուզում եմ ասել հետևյալը, որ հերիք եղավ, բոլ եղավ։ Ուրեմն սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք, հավսար-զգաստ,՝ որպես օրինապաշտ քաղաքացի, կա՛մ էդ ժամանակ Հայաստանի ժողովուրդն ինքը, ես էլ իրա հետ, իմ առաջնորդությամբ կանենք վերջ թավիշին»,- հայտարարեց այդ անձնավորությունը, որն իր ընդդիմախոսների հասցեին 3 տարի շարունակ պարբերաբար ժայթքում է «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» և այլ անհեթեթ սպառնալիքներ։

Եվ եթե նման բան հնչում էր Փաշինյանի համար համեմատաբար խաղաղ ու անվտանգ օրերին, ապա այն, թե ինչ կարելի է սպասել սեփական հոգեվարքի հոտն առած ու արդեն գրեթե անկյուն քշված կապիտուլյանտից, հռետորական հարց է։ Պատասխանն ընկած է մակերեսին. նրանից կարելի է սպասել ինչ ասես, ընդհուպ մինչև նոր «Մարտի 1»։ Եվ իր համար օգնականներ էլ նա ընտելացրել է բավարար քանակությամբ. հետպատերազմյան ողջ շրջանում ոստիկանությանը վարժեցնում ու պատրաստում էին հենց դրան՝ քսի տալով ու բաց թողնելով սեփական ժողովրդի վրա և վերածելով իրավապահներին նախ հաճկատարների, իսկ հետո պոլիցայների։ Այժմ, ընտրությունների նախաշեմին, դրանք վերածվել են իսկական ցերբերների՝ զուրկ խղճից, ամոթից, գթասրտությունից, կարեկցանքից, համաքաղաքացիների նկատմամբ հարգանքից։ Սառնարյուն սադիստների, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց ոտուգլխով գնած տիրոջ հրամանով։

Մոտ 10 օր առաջ, երբ համացանցում Աբովյանի դիահերձարանի սահմռկեցուցիչ լուսանկարների հրապարակումից հետո բողոքի ակցիա տեղի ունեցավ առողջապահության նախարարության մոտ, պոլիցայներն ապացուցեցին, որ արդեն լիովին պատրաստ են փաշինյանական ցերբերների դերին։ Ակցիան կայացավ, մասնակիցները շարադրեցին իրենց պահանջները, հայտարարեցին դրա ավարտի մասին և պատրաստվում էին ցրվել, երբ ոստիկանությունը քաղաքացիական հագուստով ոմն անձի հրամանով հանկարծ սկսեց կոպտորեն քարշ տալ երիտասարդներին, առանց որևէ պատճառի, ասֆալտին փռել բառացիորեն և խցկել ոստիկանական մեքենաները: Հիմա արդեն հասկանալի է, որ դա փորձ էր հենց ընտրությունների նախաշեմին, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ նախորդ 7 ամիսների ընթացքում ցուցադրվածը լոկ ծաղիկներն էին, իսկ պտուղները դեռ առջևում են։

Եվ այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, երբ արդեն «բրենդային» դարձած «Նիկոլ դավաճա՛ն» կարգախոսը բացականչելու համար ոստիկանները 10 հոգով հետապնդեցին քաղաքացուն ու ծեծի ենթարկեցին նրան, երբ չորս հոգով կոպտորեն քարշ տալով տարեց կնոջը՝ խցկեցին մեքենան, երբ բերման ենթարկեցին երեք «անհնազանդների», որոնց վրա միանգամից «գործ կարեցին», դա նույնպես դեռ պտուղները չեն։ Արտաշատում Նիկոլի արած հայտարարությունը նշանակում է, որ ամեն ինչ տասնապատիկ ավելի վատ է լինելու. ավելի լկտի, ավելի կոպիտ, ցուցադրական և հանցավոր։ Որ նրանց, ովքեր «հավսար-զգաստ» չեն կանգնի կապիտուլյանտի առաջ, նրա մտահղացմամբ սպասում են դաժան բռնություն, քրեական հետապնդում և ազատազրկում։

Ոստիկանությունում Փաշինյանի անցկացրած «բարեփոխումները» հանգեցրել են իրավապահների լիակատար հնազանդությանն ու ծառայությանը ոչ թե օրենքին և պետությանը, այլ անձամբ Նիկոլին՝ ընդդիմախոսներից ու ժողովրդից նրան անվերապահորեն պաշտպանելու նպատակով։ Անկախ նրանից, թե ովքեր են իրենց առջև. վերջերս ավարտված Արցախյան պատերազմի մասնակիցներ ու հաշմանդամներ, Առաջին ազատամարտի և Ապրիլյան պատերազմի վետերաններ, զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ծնողներ, փախստականներ, կանայք, ծերեր և նույնիսկ երեխաներ։

Բայց ոչ միայն։ Նիկոլն ուզում է Հայաստանում ստեղծել իր պատկերով և նմանությամբ հասարակություն, և իրավապահ մարմիններն այդ առումով դարձան, ցավոք, միանգամայն հաջողված փորձ։ Նա կազմավորել է անուղեղ կամ ցինիկ պոլիցայների մի ամբողջ բանակ, որոնք առանց վարանելու կկատարեն իր ցանկացած հրաման, քանզի հենց դրա համար են նրանց կրկնակի և եռակի շատ վարձատրում։ Նիկոլը պատրաստել է նրանց նաև այդ օրվա համար, երբ պետք լինի երկրորդ «Մարտի 1» սարքել՝ իշխանությունը պահելու համար։ Եվ նա կանի դա նրանց բացարձակ աջակցությամբ, առանց կասկածի նշույլի։

Միայն թե Փաշինյանը հաշվի չի առել մի օրինաչափություն, որը դրսևորվում է այդպիսի, ընդհանուր առմամբ դասական ներքաղաքական իրավիճակներում, իսկ մեր պարագայում՝ նաև պետության գոյությանը սպառնացող ահռելի վտանգի հավելումով։ Երբ նավը խորտակվում է, առնետները, ինչպես հայտնի է, փախչում են այնտեղից։ Ընտրություններում կրած պարտությունն անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ պոլիցայները վայրկենապես կկողմնորոշվեն ու կանցնեն հաղթողի կողմը։ Հենց վարժեցնողի դեմ ուղղելով կենդանական բոլոր այն նսեմ բնազդները, որ ամիսներով բուծել են իրենց մեջ։