Սաղաթելյան․ Քո տղուն հերություն արա ու էդ երեխեքին մի խառնի քաղաքականության մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր երկրում պտտվում է պարտության, ամոթի և խայտառակության ուրվականը։ Այս մասին Եղեգնաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

 


«Պարզվում է նաև այդ ուրվականը մշտապես հարբած է, այսօր ընկել էր Հայաստանի գյուղեր, կրկին ջղաձգվել էր, կրկին զառանցում էր։ Մենք աշխատում ենք դրան չանդրադառնալ, խոսենք Հայաստանի ապագայից, այն ապագայից, որը մենք միասին կերտելու ենք։ Եկեք պայմանավորվենք, որ հունիսի 20-ին փակելու ենք այդ պարտության էջը, և այս քաջ Նազարին ուղարկելու ենք պատմության աղբանոց»,- ասել է նա։

Սաղաթելյանի խոսքով` Փաշինյանը ժողովրդին վախեցնում է նոր պատերազմով, նաև իր զիջումները հիմնավորում է նոր պատերազմի վտանգով:

«Էս մարդը շարունակում է մեր ժողովրդին վախեցնել պատերազմով, հաճախ, նաև այս օրերին իր զիջումները հիմնավորում է, թե որպիսի նոր պատերազմ չլինի, պետք է նոր տարածքներ տալ։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ որքան զիջումներ անենք, այդքան զիջումները ավելի են շատանալու։ Այս զիջումների և պարտության դեմը կարող է առնել միայն հզոր բանակը, միայն այն մարդիկ, ովքեր կարող են դիմագրավել մեր պետականությանը սպառնացող վտանգներին։

Նա ասում է՝ եթե գան այլ ուժեր, երկրին բերելու են պատերազմ։ Մեզանից շատ պատերազմի դառնությունը որևէ մեկը չի տեսել, մենք լավ գիտենք՝ ինչ է պատերազմը, եկեք՝ նայենք մեր թիմը՝ Ռոբերտ Քոչարյան, անցել է պատերազմի ողջ թոհ ու բոհով, կորցրել է մարտական ընկերներ, հարազատներ, նայեք Սյունիքը՝ Վերածնվող Հայաստան թիմը, այս օրերին կրկին կանգնած ենք Սյունիքի սահմանը և զգում են այդ դառը վտանգը։ ՀՅԴ-ն առաջին պատերազմին մասնակցել է, նույնիսկ ունեցել է առանձին գումարտակը Շուշիի։ Վերջին պատերազմին մենք ունեցել ենք 55 զոհ, կորցրել ենք մեր ընկերներին։ Մենք գիտենք՝ ինչ է կորուստը, իսկ այս սրիկաները չգիտեն, մեր երկիրը բերել, հասրել են անդունդի եզրին։ Պետք է հեռացնենք սրանց, ուրիշ տարբերակ չկա, հանուն Արցախի, հանուն մեր արժանապատվության, հանուն մեր պետականության։ Այո, հունիսի 20-ը նաև մարտի օր է»,- ասել է նա։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է իր որդուն` Աշոտին, փոխարինել Ադրբեջանում գտնվող հայ գերիներով, Սաղաթելյանը կարծում է, որ սա «կապիկություն» է:

«Այսօր այդ հողատուն դիմել է Ալիևին, ասել է՝ պատրաստ եմ իմ որդուն հանձնել մնացած գերիների դիմաց։ Այս մարդը շարունակում է իր կապիկությունները։ Տղա ես՝ քո տղուն հերություն արա ու էդ երեխեքին մի խառնի քաղաքականության մեջ։ Մենք գիտենք, որ հանուն աթոռի քո երեխուն, կնոջն էլ, ժողովրդին էլ փորձելու ես տալ Ալիևին։ Մենք ունենք թիմ, ունենք կամք, ունենք վճռականություն, մենք գիտենք՝ ինչ բեռի տակ ենք մտնում։ ճանապարհին մեր ընկերները ներկայացնում էին սահմանային իրավիճակը, նախագահ Քոչարյանն ասաց՝ հասկանո՞ւմ եք՝ ինչ բեռի տակ ենք մտնում։ Մենք գիտենք այդ բեռը, մենք պատրաստ ենք այդ բեռը պատվով տանել հանուն ձեզ՝ հանուն Վայքի, հանուն Եղեգնաձորի, հանուն Սյունիքի, հանուն Արցախի և մեր ժողովրդի»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am։