Արծվանիկում չե՞ն համոզում մարդկանց չընտրել «Հայաստան» դաշինքին. ոստիկանությունը հերքել է

ՀՀ ոստիկանությունը հերքում է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի այն հայտարարությունը, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։

«Հայտնում ենք, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ։ Հետաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Armenia։