ԴՈՒՇԱՆԲԵԻ ՎԵՐԵԼԱԿԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ. ԵՎ ԴՈՒ ԴԱՐՁԱՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՎԱՃԱՆ
Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը բազմաթիվ մեկնաբանություններ է առաջացրել քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում: Փաշինյանի կողմնակիցները ցնծում են. հնարավոր «չամիչի» հանդեպ իրենց վախը չարդարացավ, թեև առանց այդ էլ պարզ էր, որ երրորդ նախագահը երբեք չի նսեմանա Նիկոլի անձնական կամ ընտանեկան կյանքից կեղտոտ սպիտակեղեն լույս աշխարհ հանելու աստիճանի։ Ուսապարկերի ցնծությունը կապված է նաև այն բանի հետ, որ Փաշինյանի կողքին մնացած և Աշոտիկի հետ կապված պատմությունից հետո «իր որդուն զոհաբերած Հիսուսի հետ» նրան համեմատող «բիոզանգվածը» պարզապես անկարող է հասկանալ հրապարակված ձայնագրության էությունն ու իմաստը և ընկալում է դա բացառապես որպես ապացույց, թե իրենց կուռքը, իբր, «հրաժարվել է հանձնել հողերն ու դառնալ դավաճան»։
Իրականում ձայնագրությունը ոչ միայն էական գծեր ավելացրեց Փաշինյանի վաղուց հայտնի պատկերին. մանր արկածախնդրի, որը բացարձակապես պիտանի չէ բուլվարային թերթոնի խմբագրից ավելի բարձր որևէ ղեկավար պաշտոն զբաղեցնելու։ Ոչ միայն ընդգծեց նրա իսպառ զուրկ լինելն այն ըմբռնումից, թե ինչ է նշանակում լինել երկրի ղեկավար և կրել, բացի ամենից, նաև ազգի համար ճակատագրական որոշումների ընդունման պատասխանատվությունը։ Եվ այն փաստարկները, թե իբր՝ «այդ ժամանակ ընդամենը 4 օր էր, ինչ նա ստանձնել էր վարչապետի պաշտոնը», չեն գործում, քանզի պետության փաստացի ղեկավարի պաշտոնին նորմալ քաղաքական գործիչները սեփական պատասխանատվության խոր գիտակցմամբ են մոտենում նույնիսկ ոչ թե առաջին իսկ օրվանից, այլ իշխանության գալուց դեռ շատ առաջ։
Իսկ գլխավորն այն է, որ ձայնագրությունը բավական էական օղակ է ավելացնում իրադարձությունների այն շղթային, որը սկսվել է, ինչպես արդեն պարզ է, ոչ թե «Դուշանբեի վերելակով», այլ 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, միջանկյալ կերպով ավարտվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և շարունակվում է առ այսօր Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Կարճ ասած, այս ձայնագրությունը հայ ժողովրդի դեմ իրականացված հրեշավոր դավաճանության և հանցագործության պատմության մեկնարկի վկայությունն է։
Եվ այսպես, Փաշինյանը պատմում է, որ Սոչիում կայացած գագաթնաժողովում առաջին հանդիպման ժամանակ Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևն իրեն առաջարկել են լուծել Արցախի հարցը Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված մշակումների հիման վրա։ Այն է՝ հանձնել Արցախի Հանրապետության շրջակա ազատագրված շրջանները (այսպես կոչված՝ անվտանգության գոտին), շփման գծում տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՏՄ երկրների խաղաղապահներին՝ հայկական երկրորդ հանրապետության անկախության ճանաչման դիմաց։ Երեք երկրների առաջնորդները Փաշինյանին հավաստիացրել են, որ Ալիևը հասկանում է. Արցախը այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։
Նիկոլը (շեշտենք, բացառապես իր պատմածի համաձայն) ի պատասխան պահանջում է, որ կարգավիճակի մասին հայտարարվի հրապարակավ՝ փաստաթղթի տեսքով, և ինքը կարողանա ներկայացնել դա ժողովրդին ու հարցնել. համաձայն եք, թե՞ ոչ։ Նրան պարզաբանում են, որ Ալիևը դա անել չի կարող, քանի որ անմիջապես կհայտարարվի դավաճան։ «Ես հասկացա, որ ինձ ուզում են դնեն էն նույն կոնվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով Ապրիլյան պատերազմն էր։ Ինձ էդտեղ պարզ էր, էդտեղ իմ խնդիրը ձևակերպվեց, որ ինչ ձևով ուզում է լինի, պետք է էս կոնվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ ոչ ադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել»,- ասում է Նիկոլը։
Նախևառաջ հիշեցնեմ, որ 2016 թվականի հոկտեմբերի սկզբին, այսինքն Ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց, Ալիևը խոստովանեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Դա ասվել էր կառավարության նիստում, ընդ որում այնպես, որ այդ մասին հայտնի դառնա։ Այսինքն Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանում էր, որ միջազգային կոնսենսուս կա Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման անհրաժեշտության հարցում, եթե հայկական կողմն իր հերթին համաձայնի տարածքային զիջումների։ Հիշեցնեմ նաև, որ Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունն աննախադեպ հաջողության հասավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների տեսքով, որոնց համաձայնել միջնորդները ստիպեցին նաև Ալիևին։
Այսպիսով, 2018 թվականի մայիսին բանակցային գործընթացն արդեն մոտեցել էր մի վիճակի, որը, ամենայն հավանականությամբ, առավելագույնս շահավետ էր մեզ համար, հաշվի առնելով հայկական կողմերի համար խիստ անբարենպաստ հիմքը, որ «հոգատարությամբ» դրել էր Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան տանդեմը դեռևս 1992-1994 թվականներին։
Նշենք ևս մեկ կարևոր հանգամանք։ Ձայնագրությունն ապացուցում է նաև Փաշինյանի բացարձակ անտեղյակությունն ինչպես առհասարակ Արցախյան հարցի, այնպես էլ կարգավորման գործընթացի էության ու բովանդակության մասին։ Դա բացատրելի է, եթե հաշվի առնենք, որ նա կառավարության ղեկավար և գլխավոր բանակցող էր դարձել գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ։ Սակայն բացարձակապես անբացատրելի և անընդունելի է իր իսկ ընդունած այն փաստը, որ գործի էությանն իրեն ծանոթացրել են բնավ ոչ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը, ինչն ինքնին հասկանալի կլիներ։ Ոչ, Փաշինյանը նախընտրել է բանակցությունների ընթացքի մասին տեղեկություններ ստանալ Պուտինից ու Ալիևից։ Դա անհավանական է, բայց փաստ, որը շատ բան է բացատրում այսօրվա իրողությունների տեսանկյունից։
Այսպիսով, Փաշինյանը իշխանության գալուց անմիջապես հետո հրաժարվել է ընդունել Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունն Արցախի հարցում (ինչպես կպարզվի շատ շուտով՝ ոչ միայն), որը նրան հնարավորություն էր տալիս խաղաղ ճանապարհով հասնել Արցախի անկախության ճանաչմանը՝ փոխզիջման միջոցով։ Նա եզրակացրել էր, թե իրեն ուզում են «քցել» ու դավաճան ներկայացնել, հետևաբար՝ պետք է «թռնել կոնվեյերից»՝ իրեն գժի տեղ դնելով, ձևանալով ոչ ադեկվատ մարդ։ Այդ «մտքի թռիչքը» լիակատար չափով հնարավոր է գնահատել լոկ այն հանգամանքի գիտակցմամբ, որ միջազգային ասպարեզում գիժ ձևանալ է որոշել... պետության ղեկավարը։
Անցնենք առաջ։ Կարգավորման այդպիսի ծրագրից Հայաստանի նոր ղեկավարի հրաժարման տակ տեսականորեն կարող էր թաքնված լինել երկու հնարավոր պատճառ։
Վարկած առաջին. այդ մարդը կողմնակից է «ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքին, գիտակցելով 7 շրջանների հավանական կորստի բոլոր վտանգները և Արցախի սահմաններին Ադրբեջանի անմիջական մոտեցման բոլոր սպառնալիքները, այդ թվում՝ բուն Հայաստանի համար։ Այդպիսի մարդը պետք է օժտված լինի ռազմավարական ու մարտավարական լայն և խորը մտածողությամբ և ոչ միայն հասկանա ավելի քան քառորդ դար ձգված բանակցային գործընթացի ընթացքն ու տրամաբանությունը բեկելու իր խնդրի ողջ բարդությունը, այլև պատկերացում ունենա, թե հատկապես ինչպես դա անել։
Երկրորդ տարբերակը կողմնակից լինելն է Տեր-Պետրոսյանի ծրագրին, որը վերջինս շարադրել է 1992թ.մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում. ինքնավար հանրապետություն՝ Ադրբեջանի կազմում։ Որքան էլ ջանան առաջին նախագահի կողմնակիցներն ապացուցել (դա կրկին փորձում էր անել, օրինակ, Առաջին ալիքի եթերում երեկվա բանավեճի ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցչուհին), թե նա, իբր, ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ճանաչման պայմանով փոխզիջումային լուծման կողմնակից է եղել, ինքը՝ Տեր-Պետրոսյանը, միանգամայն հստակ շարադրել է իր տեսլականը դեռևս Արցախյան առաջին պատերազմի թեժ պահին։ Այս երկու մոտեցումների միջև պայմանականորեն «ոսկե» միջին կարելի է համարել այն տարբերակը, որն առաջարկվել է Նիկոլ Փաշինյանին 2018 թվականի մայիսի 12-ին և որից նա հրաժարվել է։
Փաշինյանի անցած ողջ քաղաքական ուղին, իր հոդվածներում ու գրքերում նրա արտահայտած մտքերը, գաղափարական ու գործնական մտերմությունն առաջին նախագահի հետ, ապացուցում են մեկ բան. Նիկոլը երբեք չի եղել ու չէր կարող լինել «ոչ մի թիզ հող թշնամուն» հայեցակարգի կողմնակից։ Նրա կառավարման բոլոր երեք տարիները ցույց տվեցին, որ այդ արարածի համար Արցախը երբեք չի եղել Հայրենիք, Արցախը իր և իր թիմի համար եղել է լոկ բեռ, գլխացավանք, որից պետք էր ազատվել «լավ ապրելու» համար, ինչպես խոստացել էր «Սերգո ջան»-ին Նիկոլի հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի համար ավելի նախընտրելի էր իրեն ապուշի տեղ դնել լուրջ քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ՝ խաղալով երկրի հեղինակության ու վարկի հետ, քան համաձայնել այն ուղեգիծը շարունակելուն, որը ժառանգություն էր թողել նախկին իշխանությունը։ Հենց այդ պատճառով էլ նա չորսուկես ամիս անց արեց հաջորդ ու վճռական քայլը Դուշանբեի վերելակում։
Ուշադրություն դարձրեք. Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին։ Ուղիղ երկու տարի անց՝ գրեթե նույն օրը սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը, որն էլ միջանկյալ վերջակետ դրեց այն պայմանավորվածություններին, որոնց խորհրդանիշն էր դարձել փաշինյան-ալիևյան հայտնի վերելակը։ Այդ օրվանից Նիկոլը ձեռնամուխ եղավ Ալիևի հետ համատեղ «կարգավորման» ծրագրի անմիջական իրականացմանը. Այն ծրագրի, որն ինքը հետագայում անվանեց «իր սեփական կետ»՝ լկտիաբար հայտարարելով, թե «ինչի մասին որ պետք է, էն էլ բանակցում ենք»։ Նա չէր ստում. նա «բանակցում» էր գժի դիրքերից՝ հընթացս պատրաստվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին։
Երրորդ նախագահի հրապարակած ձայնագրությունն ապացուցում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ողջ ապիկարությունը, այն, որ նա չէր էլ պատրաստվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ դիվանագիտական բարդ, տքնաջան ու ծանր աշխատանք տանել բացառապես ի նպաստ հայ ժողովրդի և հայոց պետականության շահերի: Նա չէր էլ պատրաստվում օգտագործել այն ամեն դրականը, որ կուտակվել էր նախորդների կողմից, դեն նետելով բացասականը։ Նա ոչ միայն ընդունակ չէր, այլև ի սկզբանե մտադիր էլ չէր ինչ-որ բան անել դրա համար. նա եկել էր հակառակն անելու՝ իրականացնելու Արցախի զավթման թուրքական ծրագիրը։
Բայց նույնիսկ դա նա արեց հայ ժողովրդի համար ամենահրեշավոր, ամենասարսափելի, ամենաարյունալի և աղետալի ճանապարհով։ Եվ արդեն կես ճանապարհին, երբ հնարավորություն կար կանխել շուրջ 2000 հայրենակիցների մահը և պահպանել Արցախը ԼՂԻՄ-ի սահմաններով, նա կանգ չառավ ու գնաց մինչև վերջ՝ այն ծրագրով, որը մշակվում էր Բաքվում և Անկարայում։
Այս ամենին Փաշինյանը տալիս է մեկ բացատրություն. իբր՝ ինքը չէր ուզում դավաճանի անուն հանել։ Սուտ և կրկին անգամ սուտ, ու նաև՝ եսակենտրոնություն ու երեսպաշտություն, քանզի փոխարենը Փաշինյանը գործեց ոչ միայն պարզապես դավաճանություն, այլև ծանրագույն ոճիրներ ազգի և պետության դեմ, որոնք երբեք ու ոչ մի արդարացում ունենալ չեն կարող։ Եվ շարունակում է նույնն անել այսօր, փորձելով մնալ իշխանության ղեկին, որպեսզի ավարտին հասցնի 2018 թվականի մայիսի 12-ին սկսածը։