ՈՉ ԱԴԵԿՎԱՏԻ ՄՈԴԵԼԸ…
Կոմպրոմատը, որով սպառնում էր Սերժ Սարգսյանը, օգնեց ցույց տալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների ողջ էությունը։ Այդ մասին հայտարարել Է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաք իր նախընտրական այցի ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։
Նա հիշեցրել է, որ նախօրեին Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցները հայտարարել են կոմպրոմատի մասին, որը ջախջախելու է Փաշինյանին ու իր ողջ նախընտրական քարոզարշավը: Բայց Փաշինյանի խոսակցության հրապարակված ձայնագրությունից, իբր, պարզ է դառնում, թե ինչ փակուղային վիճակում է ինքը ժառանգել բանակցային գործընթացը 2018-ի մայիսին։ Իշխանափոխության հետ դա կապ չունի, ասել է նա։ Դեռևս 2016 թվականի հունվարին, երբ Հայաստանում իշխանափոխության մասին ոչ ոք չէր էլ մտածում, միջնորդներն առաջարկել են հրաժարվել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ է ԼՌԵԼ. նա, ըստ երևույթին, նույնիսկ չի հասկացել, թե ինչ տեղի ունեցավ, չի գիտակցել հայտնի ձայնագրության հրապարակման հնարավոր հետևանքները՝ միամտորեն սպասելով ընտրազանգվածի շրջանում այդ տեղեկատվական ռումբի «պայթյունային» հզոր ալիքի։ Իրականում ակնհայտ է, որ ներքին սպառողի արձագանքն այդ ձայնագրության հրապարակումով ակնկալվում էր ամենավերջին հերթին։ Սերժ Սարգսյանը, բնականաբար, շատ լավ հասկանում է, որ այսօր Արցախի շուրջ բանակցային գործընթացի բովանդակությամբ դժվար թե հնարավոր լինի փոխել ընտրողների համակրանքն ու հակակրանքը։ Բոլոր նրանք, ում հետաքրքրում է այս թեման, վաղուց կողմնորոշվել են։ Բոլոր նրանք, ովքեր արդարացիորեն համարում են, որ տեղի ունեցածի պատասխանատվությունն ու մեղքն ամբողջությամբ ընկած է կապիտուլյանտի ուսերին, արդյունքում ոչ մի նոր բան չիմացան։ Թերևս միայն լրացուցիչ փաստով ամրապնդեցին այն համոզմունքը, որ բանակցային գործընթացը գիտակցաբար տապալվել է Փաշինյանի կողմից, ինչն էլ, համապատասխանաբար, հանգեցրել է պատերազմի։ Իսկ նրանք, ովքեր Փաշինյանին չեն համարում աղետի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն և հավատում են այն զառանցանքին, թե Քոչարյանի ու Սարգսյանի խղճի վրա են պատերազմն ու դրա հետևանքները, իրենց կարծիքը հաստատ չեն փոխի։ Նրանց ընդհանրապես քիչ են հետաքրքրում և՛ բուն Արցախը, և՛ առավելևս բանակցային ողջ գործընթացի էությունը։ Այնպես որ, կրկնում եմ, ներքին լսարանին ձայնագրությունը գործնականում չտպավորեց, նախընտրական մրցավազքում դիմակայող ուժերի վարկանիշում էլ շտկումներ չմտցրեց։
Այդուհանդերձ թերագնահատել ձայնագրության հրապարակման հետ կապված պատմությունը չի կարելի։ Եվ դրա (ձայնագրության) ամենավառ դրվագի մասին էլ մոռանալ հաստատ չարժե։ Ըստ էության, բացահայտումն ամենևին էլ այն չէր, թե ինչ էր Փաշինյանը մտածում ու ասում խնդրի էության վերաբերյալ։ Գրառման ողջ «աղը» այն է, թե ինչպիսին է Փաշինյանի գործողությունների մոդելն այն իրավիճակներում, երբ իր առջև բարդ հարցեր են դրված։ Մոդելը, պարզվում է, պարզունակ է այլանդակության աստիճան. պարզապես ձևանալ ոչ ադեկվատ։ Այստեղ, ի դեպ, ակամայից մտաբերեցի մի փոքրիկ դրվագ, երբ Փաշինյանը անթերի խաղաց ոչ ադեկվատի դերը ՀԱՊԿ գործընկերների առջև, նիստի ժամանակ գրպանից հանելով հեռախոսն ու լուսանկարելով ստորագրվող փաստաթղթերը…
Մինչեվ հունիսի 9-ը Փաշինյանը միջազգային գործընկերների առջև հանդես է եկել էքսցենտրիկ մարդու կերպարով։ Նրա անհասկանալի բազմաթիվ քայլերը, խոսքերը, ամենայն հավանականությամբ, վերագրվել են արտառոց պահվածքին։ Այժմ, ըստ էության, այդ բլեֆը բացահայտված է, հիմա բոլորի համար հասկանալի են այդ մարդու անտրամաբանական, անբացատրելի գործողությունների դրդապատճառները։ Բայց այդ բացահայտման գլխավոր հասցեատերերը, թերևս, Փաշինյանի արտաքին հրահանգիչներն են։ Ակնհայտ է, որ նրանց համար էլ տհաճ անակնկալ պետք է դառնա Փաշինյանի վարքագծի մոդելը բարդ իրավիճակներում։ Ո՜վ գիտե, թե ում հետ, երբ և ինչ հարցում է նա գժի տեղ դրել իրեն, ինչ «կոնվեյերից թռել»՝ ձևանալով ոչ ադեկվատ…
Ամենայն հավանականությամբ, հիշյալ ձայնագրության հրապարակման արդյունքն արժե ակնկալել հունիսի 20-ից հետո, երբ միջազգային դիտորդները կհնչեցնեն իրենց գնահատականները անցած ընտրությունների վերաբերյալ։ Լուրջ խաղացողները ահավոր չեն սիրում, երբ վայ-ճարպիկները բլեֆ են անում։