Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ԱՌԵԼ ԵՐԵՎԱՆԻՑ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՏՎԱԾՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք պետք է փաստենք, որ մեր անվտանգային համակարգը այսօր փլուզված է։ Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Վայոց Ձորում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այս խարխլումն սկսվել է Վայոց Ձորից։

 

«2018 թվականի մայիսին, ադրբեջանցիները օգտվեցին մեր երկրում իշխանազավթումից և Նախիջևանի սահմանում բավականաչափ առաջ եկան։ Այդ ժամանակ 2500 հեկտար մեր վերահսկողությունից դուրս եկավ։ Արդյունքում, բոլորդ գիտեք, որ Երևանից մինչև այստեղ ադրբեջանցիները նշանառության տակ են վերցրել ճանապարհի մի քանի հատվածներ։ Այսօր նշանառության տակ է մեր բնակչության մի մասը», — ասաց Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահն արձանագրել է, որ «վերելակային» հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մատների վրա ֆռացրել է Նիկոլ Փաշինյանին։ «Այդ ժամանակից է հիմքը դրվել մեր անվտանգության համակարգի փլուզման։ Արդեն երկար ժամանակ, այդ պատիվ չունեցող մարդիկ մեր ժողովրդի մեջ կարծիք էին տարածում, որ Ղարաբաղը կտանք ու հանգիստ կապրենք Հայաստանում։ Ինչքան էինք մենք փորձում բացատրել, որ լոռեցին, գյումրեցին, վայոց ձորցին մեր հանրապետության տարբեր մարզերից զորակոչված Ղարաբաղի սահմանները պաշտպանող զինվորը պաշտպանում է ՀՀ սահմանները։ Ինչքան սրանք հնարավորություն են ունենալու բանակին հրաման տալ, այսքան ժամանակ այս բանակը չի կարող լինել մարտունակ»,- ասաց նա։

Սարգսյանը նկատեց, որ եթե մենք չունենք մարտունակ բանակ, մենք չենք կարող ունենալ անվտանգության համակարգ։ «Տա աստված, որ այս ընթացքը խաթարվի ընտրությունների արդյունքով, որպեսզի մարդիկ որոնք կգան իշխանության կարողանան վերականգնել մեր բանակը և տեր կանգնել մեր սահմաններին։ Եվ լավ կլինի, որ անվտանգության համակարգը ամրապնդի այնտեղից, որտեղ որ խաթարումն սկսվել է, այսինքն՝ Վայոց Ձորից», — եզրափակել է նա։