Ընտրական 9 հանցագործություն, որոնք սահմանված են գործող օրենքով

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է, թե ընտրական ո՞ր հանցագործություններն են սահմանված քրեական գործող օրենսգրքով։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով գործող օրենսգրքով կարգավորվող 9 ընտրական հանցագործություններին, տեղեկացնում է Sputnik Armenia։

Այսպիսով, ընտրական հանցագործություն է համարվում ընտրակաշառք տալը կամ ստանալը։ Արգելվում է ինչպես դրամական միջոցներ, այնպես էլ որևէ գույք կամ գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր և ցանկացած այլ առավելություն (ինչպես, օրինակ, աշխատանքի ընդունելը կամ որոշակի ծառայություններ մատուցելը) տրամադրելը, խոստանալը և առաջարկելը, ինչպես նաև դրանք ստանալը կամ պահանջելը։

Կաշառք ստացող անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե մինչև կաշառք ստանալու մասին իրավապահներին հայտնի դառնալը (բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում) այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին (154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։

Հանցագործություն է համարվում նաև ընտրակաշառքի միջնորդությունը. սա դրսևորվում է ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով (154.9-րդ հոդված)։

Ընտրական հանցագործություն է նաև նախընտրական քարոզարշավը բարեգործության հետ համատեղելը։ Արգելվում է թեկնածուի, կուսակցության անդամի կամ լիազորված անձի կողմից անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք տալը կամ ծառայություններ մատուցելը (154.2-րդ հոդվածի 5-րդ մաս)։

Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելը նույնպես չի թույլատրվում (149.1-րդ հոդված): Բացի այդ, արգելվում է նաև ընտրողին հարկադրել, որ վերջինս կողմ կամ դեմ քվեարկի կուսակցություններից (դաշինքներից) որևէ մեկի օգտին, կամ մասնակցի/հրաժարվի մասնակցել ընտրություններին (154.2-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Ընտրական հանցագործություն է համարվում նաև քվեարկության գաղտնիությունը խախտելը, որը կարող է կատարվել ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, քվեարկության խցիկ մուտք գործելու միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով։

Հանցանք են համարվում նաև ընտրողի կողմից երրորդ անձանց համար տեսանելի եղանակով քվեարկելը (154-րդ հոդված), ինչպես նաև քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը (149-րդ հոդված)։

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկել չի կարելի (153-րդ հոդված)։

Եվ, վերջապես, ընտրական հանցանք է համարվում ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (150-րդ հոդված):