Վրաստանի ԱԳՆ․ Թբիլիսին 2-3 ամիս աշխատել է հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ

Վերջին 2-3 ամիսներին Վրաստանը աշխատել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ` 15 հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, տեղեկացնում է News.am:

«Այս արդյունքին հասնելու համար վերջին 2-3 ամիսների ընթացքում շատ ակտիվ աշխատել ենք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ: Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք նման արդյունք և ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, որոնք գիտակցեցին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ փոխադարձ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, - ասել է Զալկալիանին:

Նա նաև հավելել է, որ արդյունքների հասնելու համար Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շուրջօրյա կապ է պահպանել ամերիկացի գործընկերների հետ: «Վարչապետն աձնամբ 24 ժամ աշխատում էր և մեր հիմնական ռազմավարական գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին անձամբ մասնակցում բանակցային գործընթացին: Օրեր առաջ Թբիլիսի է այցելել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռայքերի գլխավորած պատվիրակությունը: Այնուհետև Երևան, ապա Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որից հետո կրկին վերադարձել է Թբիլիսի, և բանակցությունները շարունակվել են այստեղ», - ավելացրել է նա, գրում է ՏԱՍՍ-ը: