6 ՕՐ
«Ուղիղ 6 օր է մնացել այն օրվան, երբ Հայաստանի քաղաքացիները պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Թերևս ամենակարևոր ընտրությունը, համենայն դեպս՝ անկախ Հայաստանի պատմության մեջ։ 6 օրից կկարողանանք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հասարակությունը և որքանով է այն բուժվել իրեն ախտահարած վարակից»,- «ԳԱ»-ի հետ զրույցում ասաց «Ազատագրում» ժողովրդական շարժման առաջնորդ Միքայել ԲԱԴԱԼՅԱՆԸ։
«Ես արդեն խոստովանել եմ եվ ուզում եմ կրկին նշել. կյանքում ոչ մի անգամ չեմ քվեարկել։ Այո, միշտ համարել եմ, թե իմ ձայնը ոչինչ չի նշանակում։ Գուցե ինչ-որ չափով իրոք այդպես էր, բայց դա հաստատապես ճիշտ չէ այսօր։ Այսօր մեզանից յուրաքանչյուրի ձայնն ընտրություններում բնավ պարզապես քաղաքացիական պարտք չէ. դա հսկայական ավանդ է մեր Հայրենիքի փրկության և պահպանման գործում։
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր չեն գնում ընտրությունների։ Ես մտադիր չեմ վիրավորել ձեզ, ինչպես անում են շատերը, ես չեմ ուզում դատապարտել ձեզ, ես խնդրում եմ ձեզ լավ մտածել։ Ես խնդրում եմ ձեզ հիշել այն ամենը, ինչ մենք ստիպված ենք եղել վերապրել վերջին 9 ամիսների ընթացքում։ Խնդրում եմ հիշել այն ամենը, ինչ մենք կորցրեցինք և բոլոր նրանց, ում կորցրեցինք։ Ես կոչ եմ անում նայել, թե ինչ պայմաններում են մեր տղաները դիմակայում թշնամուն հենց այս պահին, և դրանում հաստատ մեղավոր չէ ոչ ոք, բացի ներկայիս իշխանությունից։ Ես հասկանում եմ, որ շատերը չեն կարող վճիռ կայացնել, հասկանում եմ, որ ձեզանից շատերը սխալվել են 2018 թվականին և այլևս չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել այսօր, բայց մենք ամենքս չունենք հիմա դրա իրավունքը: Հիմա ոչ մի հայ բարոյական իրավունք չունի անմասն մնալ. չէ՞ որ խոսքը քաղաքականության մասին չէ, աթոռների կամ մանդատների համար պայքարի մասին չէ, խոսքը հիմա մեր ամենքիս սիրելի Հայրենիքը փրկելու և պահպանելու մասին է։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իր առջև այսօր կանգնած է մի աներևակայելի չարիք, որը փորձում է մեզ բոլորիս ոչնչացնել։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ մենք բոլորս զինված ենք, և մեր զենքը մեր ձայնն է։ Տալով քո ձայնն ընդդեմ ներկայիս իշխանությունների՝ հարված ես հասցնում կատարյալ չարիքին։ Տալով քո ձայնը «Հայաստան» դաշինքին ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ թիրախային հարված ես հասցնում չարիքին։
Հունիսի 20-ին մենք պետք է պաշտպան կանգնենք Հայաստանին և փրկենք նրան։ Հայրենիքի ապագան կախված է մեզանից յուրաքանչյուրից»,- հայտարարեց մեր զրուցակիցը։