ԹՇՆԱՄՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Այսօր Երևանում «Լազարյան ակումբի» նիստի ժամանակ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ անդրադարձել է Ադրբեջանի կողմից 15 ռազմագերիների վերադարձմանը՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:
«Ուզում եմ անդրադառնալ մի իրադարձության, որը տեղի է ունեցել բառացիորեն 2 օր առաջ։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ միջնորդությամբ գործարք է կատարվել, և Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Ադրբեջանին է փոխանցել Ակնայի (Աղդամ) շրջանի ականադաշտերի քարտեզները։
Հարցը չափազանց նրբաբնույթ է. գերիներ են վերադարձել։ Կարծում եմ, շատերը գիտեն, որ 90-ականներին, պատերազմի ժամանակ, ռազմագերիները դաշտային հրամանատարների միջոցով վերադառնում էին հենց գործարքի արդյունքում։ Իսկ ավելի կոնկրետ՝ մենք վճարում էինք։ Ձեր խոնարհ ծառան բազմիցս կատարել է նման գործարքներ։ Բայց, կներեք, դա ընդամենը փող էր։ Իսկ երկու օր առաջ տեղի ունեցած գործարքը ազգային անվտանգության լրջագույն հարց է։ Եվ այստեղ կան մի քանի տեսանկյուններ։
Նախ, ունենալով հենց Աղդամի շրջանի ականադաշտերի քարտեզները (իսկ այդ տարածքում 97 հազար ական կա), Ադրբեջանը հնարավորություն է ստանում արագացված ռազմականացնել Աղդամի շրջանն ու բնակեցնել այն։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի սպառնալիք է դա Արցախի և Հայաստանի համար։ Երկրորդ. այն, ինչ Ադրբեջանը պետք է կատարեր 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության համաձայն, հիմա դարձել է գործարք, ընդ որում՝ ոչ համարժեք։ Եվ ես խիստ կասկածում եմ, թե գերիների ազատման հարցում Բաքվի վրա գործադրվող միջազգային ճնշումը չի նվազի»,- նշել է քաղաքական գործիչը։
Շահնազարյանի կարծիքով, այժմ Ադրբեջանի վրա գործադրվող միջազգային ճնշման տեմպերն առնվազն կնվազեն։ Նրա խոսքերով, պարզ է նաև, որ ԱՄՆ-ը տվյալ իրավիճակում ներկայանում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, այլ հանդես գալիս շատ ավելի լայն լիազորություններով: Ընդ որում Վրաստանը հայտարարել է, որ բանակցություններն ընթացել են 2-3 ամիս։
«Արդյունքում՝ տեղի ունեցածը ոչ միայն ակնհայտ հարված է Արցախի և Հայաստանի ազգային անվտանգությանը, այլև վկայություն, թե ինչպես են բացահայտվում աշխարհաքաղաքական խաղացողների շահերը հենց Հայաստանի և Արցախի համատեքստում,- նշել է Դ.Շահնազարյանը:- Ուշադրություն դարձրեք նաև ընտրված պահի վրա. գործարքը կայացել Է Մեծ Բրիտանիայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ և Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման նախօրեին։ Զուգադիպությո՞ւն է։ Ոչ, իհարկե։ Բնական է, որ ԱՄՆ-ը որոշակի շահաբաժին է ստանում այդ հանդիպումից առաջ»։
ԱԱԾ նախկին ղեկավարի կարծիքով, Մոսկվայում պետք է բավական լուրջ վերաբերվեն վերոնշյալ գործարքին։
«Ո՞րն է Ռուսաստանի ԱԳՆ քաղաքականությունը։ Սկզբում հաշտեցում, հետո ինչ-որ կարգավորում, Ղարաբաղի կարգավիճակի որոշում և այլն: Սակայն միանգամայն ակնհայտ է, որ դա չի գործում, որովհետև ամեն օր մենք լսում ենք ադրբեջանական ղեկավարության հերթական հակահայկական ելույթները: Ադրբեջանը այս ղեկավարության օրոք նացիստական պետություն է, և սա ոչ թե հուզական, այլ միանգամայն կշռադատված գնահատական է։ Տեսեք, ռուս լրագրողներին թույլ չեն տվել «Եվրո-2020»-ը լուսաբանելու համար մեկնել Ադրբեջան՝ հենց այն պատճառով, որ նրանք իբր այցելել են Հայաստան։
«Հաշտեցում, հետո կարգավորում» բանաձևը չի աշխատում։ Վախենամ, որ իրավիճակն այսօր նույնիսկ դուրս է գալիս վերահսկողությունից։ Արդեն կան ապացույցներ, որ ադրբեջանական զորքերի կազմում ընդգրկված են թուրք զինծառայողներ ՝ չնայած իրենց պաշտպանության նախարարության հերքմանը։ Սա արդեն փաստ է, կան նաև լուսանկարներ։ Տեղեկություններ կան նաև, որ հարյուրավոր ջիհադիստներ, ստանալով ադրբեջանական քաղաքացիություն, այժմ ծառայում են Ադրբեջանի սահմանապահ զորքերում, ընդ որում՝ այն զորամիավորումներում, որոնք տեղակայված են Արաքսի ձախ ափին, այսինքն՝ Իրանի հետ սահմանին։ Պատերազմը ավարտված չէ, բայց ըստ որում թշնամուն են փոխանցվել մեր ազգային անվտանգությանը լրջորեն սպառնացող տեղեկություններ։ Այսպիսիք են իրողությունները»,- ամփոփել է Դավիթ Շահնազարյանը։