Արշավիր Ղարամյանը կոչ է անում քվեարկել «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքների օգտին

Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ուղերձ է հղել։

«Ինչպես բոլորիս հայտնի է, հունիսի 20-ին ՀՀ-ում անց են կացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այդ ընտրապրոցեսը, ցավոք, անխուսափելի անհրաժեշտություն դարձավ այն պահից, երբ ակնառու երևաց Հայաստանի Հանրապետությունը կառավարող խմբի ապիկար ու կապիտուլյանտ էությունը։ Ընդամենը 3 տարում այս խումբը իր առաջնորդով ամբողջ աշխարհի առջև խայտառակեց հինավուրց ազգը, կոտրեց մեր ոգին, մեզ դարձրեց թշնամու հոխորտանքի և օտարների խղճահարության առարկա։

Ըստ այդմ, հարգելիներս, դիմում եմ ձեզ այս շրջադարձային պահին, նախքան քվեարկության խցիկ մտնելը, մտածե՛ք այն ընտրության մասին, որ կատարելու եք։ Գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիս ու բոլորիս ձայնը որոշիչ է լինելու Հայոց աշխարհի ապագայի համար։ Սա զուտ քաղաքական պրոցես չէ, հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները ճակատագրական են լինելու Հայոց պետականության համար։

Մենք՝ Արցախում, Հայաստանում, կամ Սփյուռքում, պետք է բոլորս անխտիր գիտակցենք, որ Հայրենիքի հզորությունը վերականգնելու, Արցախն ազատագրելու հնարավորությունների, հայի մեջքն ուղղելու համար ենք պայքարում։

Ես համոզված եմ, որ նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» (N24) և «Պատիվ ունեմ» (N6) դաշինքները, ուստի կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ ուժերից որևէ մեկին», - ասված է ուղերձում, տեղեկացնում է Aysor.am։