ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀԻՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ

Ըստ սոցհարցումների վերջին տվյալների, եթե գործող իշխանությունը չդիմի զանգվածային ընտրակեղծիքների, «Հայաստան» դաշինքն ընտրություններում հաղթելու լավ հնարավորություններ ունի, ինչը թույլ կտա ձևավորել կոալիցիոն կառավարություն։

Մյուս կողմից, կարելի է անխուսափելի համարել նաև այն, որ ներկայիս իշխող թիմը, որը փլուզեց Արցախի պետականությունն ու շարունակում է քայլել հայկական պետությունների ոչնչացման ճանապարհով, չնայած դրա ողջ ակներևությանը՝ կարող է ձայների տասնյակ տոկոսներ ակնկալել ապագա խորհրդարանում: Այս անհեթեթ իրողություններն ակնառու վկայությունն են այն բանի, թե ինչ հիմնավոր «աշխատանք» է կատարվել Հայաստանում որոշակի ուժերի կողմից։ Այնքան լավ են «աշխատել», որ ընտրողների մի հոծ զանգված առ այսօր շարունակում է ապրել աղճատված իրականության մեջ։

Այսինքն Փաշինյանը, լուրջ հարվածներ հասցնելով Հայաստանի և Արցախի պետականությանը, այդուհանդերձ բավականաչափ ձայներ կստանա խորհրդարանում, որպեսզի հետագայում էլ շարունակի կործանարար գործունեությունը՝ անհասկանալի մարդկանց իր թիմի հետ։ Բարդելով իր ձախողումների պատասխանատվությունը բացառապես «նախկինների» վրա։ Իբր՝ այդ նրանք են ձախողել և՛ սպառազինումը, և՛ բանակցային գործընթացը։ Ընդ որում 2020-ի պարտությունը Փաշինյանը մեղսագրում է ոչ միայն իր անմիջական նախորդին՝ Սերժ Սարգսյանին, այլև 13 տարի առաջ նախագահի պաշտոնը լքած Ռոբերտ Քոչարյանին…

Այդ հարցում նրան խրախուսում են նաև այլ ուժեր։ Այսպես, Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե Ռոբերտ Քոչարյանի մեղքն այն է, որ չի հասկացել, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին։ Այսինքն, ըստ Տեր-Պետրոսյանի, 2008-ին Քոչարյանը կարող էր ենթադրել, որ 2018-ին Հայաստանում իշխանության է գալու Փաշինյանը և ամեն ինչ հողմացրիվ է լինելու...

Սա ասում ենք, նկատի ունենալով, թե ինչպիսի ծանր ժառանգություն կստանա Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում, և որքան դժվար է լինելու նրա համար լուծել թողած խնդիրների կույտը՝ ընդդիմախոսների վայնասունի ուղեկցությամբ, որն անխուսափելի է այդօրինակ կատաղի վայրահաչի և մանիպուլյացիաների գերազանց հնարավորություններ ընձեռող ներկայիս գործող խորհրդարանական համակարգում։

Հայտնի բոլոր մեծաթիվ խնդիրներին գումարվում է նաև այն, որ լավագույն դեպքում՝ հաղթանակի պարագայում Քոչարյանը պետք է սահմանադրական բարեփոխում անցկացնի և վերադառնա կառավարման կիսանախագահական եղանակին, որպեսզի ազատվի Հայաստանի վերածննդի փորձերն արգելակող քաղաքական բալաստից։ Նկատի ունենք ոչ միայն ապագա ընդդիմության խմբակցությունը խորհրդարանում՝ իր հավերժ ճղավող առաջնորդի գլխավորությամբ, այլև նախագահի ինստիտուտը խորհրդարանական համակարգի օրոք, ավելի կոնկրետ՝ դրա ներկայիս «տեղապահին», որն իրեն ակնհայտորեն ավելի հարմարավետ է զգում Լոնդոնում։

Սակայն չլուծված բազմաթիվ խնդիրների պայմաններում երկիրը հերթական անգամ դեպի քվեատուփեր տանելն ավելորդ ստրես է։ Բացի այդ, Քոչարյանի ներկայիս ոչ բոլոր դաշնակիցներն են կողմ կառավարման կիսանախագահական համակարգի վերադառնալուն։

Քոչարյանի վարչապետության օրոք հավանական կոալիցիոն կառավարության համար ևս մեկ լրացուցիչ խնդիր կդառնա այն, որ ժառանգություն ստացած բազում խնդիրները «հողի վրա» հարկ կլինի լուծել այն պայմաններում, երբ շատերը կոշտ լուծումներ կպահանջեն ընդհանրապես ու կոնկրետ Փաշինյանի և մասնավորապես նրա ընկերախմբի նկատմամբ։ Ընդ որում խոսքը ոչ այնքան այն թիմի մասին է, որը սատարել է նախկին նախագահին դեռևս 2018-ի ապրիլից։ Նրանք հասկանում էին, թե ինչ պատուհաս կարող է բերել Հայաստանի գլխին նոր «քայլող» իշխանությունը, և մտավախություններն արդարացան։ Քոչարյանից կոշտ որոշումներ կպահանջեն ավելի շուտ նրանք, ովքեր հավատացել են Փաշինյանին, իսկ հիմա հուսախաբ են եղել, ուստի որպես «փոխհատուցում» կպահանջեն թամաշա՝ երազանքին դավաճանած և պատրանքները փլուզած թիմի նկատմամբ կոշտ հաշվեհարդարի տեսքով։

Այս բարդ պայմաններում նոր իշխող թիմի համար կարևոր է լինելու դաշնակիցների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությունը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Արցախին, որի զարգացման նոր փուլի համար ռուս խաղաղապահների գործունեությանն այլընտրանք չկա։ Ռուսաստանի օգնությունը նոր իշխող թիմի համար կարևոր կլինի բուն Հայաստանում բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման գործում։ Այստեղ անհրաժեշտ է հայ-ռուսական հարաբերությունների նոր մակարդակ, որը հնարավոր է միայն այն դեպքում, եթե և՛ Հայաստանի քաղաքական վերնախավում, և՛ Ռուսաստանի քաղաքական վերնախավում ենթագիտակցության մակարդակով տիրի այն ըմբռնումը, որ Երևանում համարժեք իշխանության առկայության դեպքում հայկական պետականության հաջողությունը Ռուսաստանի հաջողությունն է, իսկ ռուսական պետականության հաջողությունը՝ Հայաստանի։

Մանավանդ որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում չեն կարող չհասկանալ. Հայաստանի նկատմամբ սոցիալական դաժան փորձարարության պատճառներից մեկը, փորձարարություն, որը մեծ ողբերգության փոխարկվեց ինչպես ընդհանրապես հասարակության, այնպես էլ տասնյակ հազարավոր կոնկրետ ընտանիքների համար, ամփոփված է նաև արևմտյան որոշ երկրների հակառուսական քաղաքականության մեջ, որոնք Ռուսաստանի դաշնակիցների թուլացումը համարել և համարում են միանգամայն կարևոր գործոն Մոսկվայի հետ հիբրիդային դիմակայության մեջ։

Основная тема:
Теги: