ՈՒԶՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՐՈՂ
Ինչքան ավելի քիչ ժամանակ է մնում քվեարկության օրվան, այնքան ավելի է ընկնում կապիտուլյանտի վարկանիշը, այնքան ավելի հաճախ է նա կրկնում «պողպատե մանդատի» թեզը, այնքան աճում է ագրեսիան նրա ելույթներում, իսկ ձեռքին հայտնվել է մուրճը՝ գլխավոր գործիքը նիկոլիզմի զինանոցում։ Զավեշտալի է, իհարկե, նայել, թե ինչպես է Նիկոլը թափահարում պետական համակարգի գործնականում հիմնահատակ ու մեթոդաբար փլուզման եռամյա գործընթացը խորհրդանշող այդ առարկան։
Է՛լ ավելի զվարճալի է, երբ Նիկոլն ասում է, թե ուզում է այդ մուրճով դեռ ինչ-որ բան կառուցել։ Արարման համար, ընդհանրապես ասած, միայն մուրճը քիչ է։ Անհրաժեշտ է փորձ, ուղեղ, հմուտ ձեռքեր և կառուցելու ցանկություն։ Բայց երբ չկա թվարկված ամենը, իսկ դա չկա, չի եղել երեք տարի շարունակ և չի կարող լինել ո՛չ Նիկոլի, ո՛չ իր թիմի պարագայում, ապա մուրճը կարող է խորհրդանշել միայն այն ամենի կործանման գործընթացի շարունակությունը, ինչը դեռևս դուրս է մնացել նիկոլիզմի տարածման տիրույթից։ Ուղիղն ասենք, բացառությամբ էքստազի մեջ գտնվող նիկոլապաշտների, դժվար թե որևէ մեկի աչքին կարող է համակրելի լինել մուրճ ճոճող հիստերիկի կերպարը, որը խոսում է պատրաստվող վրեժի մասին։ Եվ դժվար թե դա չեն գիտակցում Նիկոլն ու իր թիմը։ Չենք կարծում, թե նրանք այնքան հիմար են, որ չհասկանան. նախընտրական հարթակում ագրեսիվ արտառոց պահվածքը չի կարող ավելացնել իրենց կողմնակիցների թիվը։ Քաղաքացիներից շատերը, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում տան իրենց ձայնը, նայելով կատաղության հերթական ախտանշաններին, դժվար թե որոշեն քվեարկել այն թիմի օգտին, որի առաջնորդն անհամարժեք պահվածք է ցուցաբերում։ Ավելի ճիշտ՝ գժի տեղ դնում իրեն։
Նշենք, որ տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով, ընտրողների մոտավորապես 15%-ը թեև մտադիր է գնալ ընտրությունների, սակայն դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու։ Եվ հենց այդ 15%-ի (պլյուս-մինուս) հավանական ձայների համար են այսօր հիմնականում պայքարում ընտրարշավի մասնակիցները։ Իսկ քաղաքացիների այդ խմբին՝ տատանվողներին, անմեղսունակության նոպաներով հաստատ չես հրապուրի։ Ուրեմն ինչի՞ համար են Նիկոլի պողպատե մանդատները, վենդետաները, մուրճերն ու բոլոր այլ ագրեսիվ անհեթեթությունները: Իր ընտրազանգվածի մոբիլիզացմա՞ն։ Չենք կարծում։ Դա առանց այդ էլ մոբիլիզացված է նիկոլապաշտների համեմատաբար կայուն թվի շրջանակներում։ Իրականում ակնհայտ է, որ ագրեսիվ մարտավարությունն այստեղ նպատակ է հետապնդում ոչ թե ներգրավել նոր կողմնակիցների, այլ վախի մթնոլորտ ստեղծել հենց այդ չկորոշվածների համար, որպեսզի նրանց մեջ սկզբունքորեն իսպառ մարի ընտրական գործընթացներին մասնակցելու ցանկությունը, որպեսզի մի կողմ քաշվեն, այսպես ասած՝ շառից-փորձանքից հեռու։ Գաղտնիք չէ, որ ընտրազանգվածի ցածր մասնակցությունը ձեռնտու է Նիկոլին։ Դրա համար էլ, ըստ էության, նա վախեցնում է մարդկանց տարբեր զարհուրիկներով ու հիստերիաներով։
Այս մռայլ պատկերի մեջ միանգամայն ներդաշնակորեն են տեղավորվում կանխատեսումները քվեարկության օրն անխուսափելի բախումների և ընտրություններից հետո գրեթե քաղաքացիական պատերազմի վերաբերյալ։ Մինչդեռ որքան ավելի շատ են առողջ ուժերը խոսում զարգացման այդօրինակ սցենարների մասին, այնքան ավելի են նպաստում հասարակական գիտակցության մեջ վախի ահագնացման նիկոլական մարտավարությանը։ Այո, անվիճելի է, որ Նիկոլը պատրաստ է հերթական անգամ արյուն թափել, այո, Նիկոլն ընդունակ է ամենաստոր գործողությունների ու քայլերի, այո, նա արյան գետեր է ուզում տեսնել։ Բայց մեկ բան է ուզելը, այլ բան՝ կարողանալը։
Փորձը ցույց տվեց, որ Նիկոլը ոչինչ չի կարողանում։ Միակ բանը, որ նա կարողանում է, ամեն ինչ վերահսկողությունից դուրս թողնելն ու քաոս ստեղծելն է։ Նա կարող է սադրել տեղային քաղաքացիական բախումներ, բայց ինչ-որ լուրջ պայքար կազմակերպել ի վիճակի չէ։ Այդ մարդը մարտավարական առումով ունակ է միայն մանր ստորությունների, որոնք հանրագումարում ձևավորում են ահռելի չարիք։ Եվ էլի մի բան. դժվար թե այսօր քաղաքացիական լուրջ բախումների դեպքում նրա թիմը կարողանա մոբիլիզացվել։ Դժվար թե նրանցից շատերը, ովքեր այսօր կանգնած են Նիկոլի կողքին լոկ կոնֆորմիզմի նկատառումներից ելնելով (իսկ այդպիսիք, թերևս, մեծամասնություն են նրա թիմում), շարունակեն կողքին մնալ լուրջ բախումների դեպքում։ Մանավանդ երբ արդեն հաստատ գիտեն Նիկոլի դերասանական ամպլուայի մասին. գիժ խաղալ։ Առավելևս երբ տեղյակ են սեփական մեղքն ու պատասխանատվությունը իր թիմակիցների ուսերին բարդելու նրա սովորության մասին։
Եվ ընդհանրապես Նիկոլը բնավ մարտիկ չէ, նա պարզապես դասալիք է և այդպիսին կլինի ցանկացած լուրջ դիմակայության պարագայում։ Նույնիսկ Երևանի փողոցներում։ Այնպես որ նա այսօր էլ բլեֆ է անում՝ փորձելով ահաբեկել հասարակությանը, ներքին վախ բորբոքելով իր շինծու անհամարժեքության հանդեպ։ Բլեֆ է անում՝ սպառնալով կադրային զտումներով ու վենդետաներով, պողպատե մանդատներով ու մուրճով։ Եվ առաջին հերթին նա փորձում է վախեցնել այն 15% ընտրազանգվածին, որի ընտրական, քաղաքացիական պասիվությունն է ակնկալում։ Հետևաբար, հենց այդ ընտրազանգվածը (որը մեծապես առանցքային է քվեարկության արդյունքների առումով) պետք է գիտակցի, որ սարսափելի Նիկոլը ոչ այլ ինչ է, քան օճառի պղպջակ, որ խելագար Նիկոլը ողորմելի երևույթ է, այլ ոչ թե սարսափելի։ Վերջապես, նա, իհարկե, ուզում է արյան գետեր տեսնել Երևանի փողոցներում, բայց անկարող է նման աղետ կազմակերպել և չափազանց թույլ է դրա համար։ Ինչպես ասում են իմպոտենտների մասին, ուզում է, բայց չի կարող.. Իսկ մուրճը ակնհայտորեն ուժ չի տա նրան...