ԿՀԱՂԹԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հունիսի 15-ին Նիկոլ Փաշինյանը այցելեց Սյունիք, որպեսզի ապրիլին այնտեղ իսկ ձախողված այցից հետո ապացուցի բոլորին, թե ինքն իր երկրում կարող է գնալ ուր կամենա, և ոչ ոք չի համարձակվի խոչընդոտել իրեն։ Նույն օրը Գորիսից 70 կմ հեռավորության վրա Բաքվի ճիվաղ Ալիևը հայկական Շուշիում հյուրընկալում էր Արցախում գործած ոճիրների գծով իր հանցակից Էրդողանին։ Նպատակներից մեկն ապացուցելն էր, թե ինքը կարող է «իր հողի» վրա ընդունել թուրք եղբայրներին։ Ինչպես գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, թուրքերը Շուշիում իրենց հանդիպումը կազմակերպել են Հայաստանի պետական դրոշի օրը, որին Փաշինյանը դավաճանեց և հանձնեց Ադրբեջանի պետական դրոշի օրը: Կասկածից վեր է, որ դա չի կարող պարզապես զուգադիպություն լինել։

Սյունիքի այն քաղաքներից ու գյուղերից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, ուր այցելեց ոստիկանության պահախմբերով, դիպուկահարներով ու իր հետ շրջող զանգվածախմբով հոծ պատվարված Փաշինյանը, կանգնած են Ադրբեջանի ԶՈՒ զորքերը: Բայց Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, ճղավյունով թափահարելով մուրճը, սպառնալիքներ ու հայհոյանքներ էր տեղում բնավ ոչ թշնամու հասցեին։ Փաշինյանը նույնիսկ չհիշատակեց այն մասին, որ մայիսի 12-ից թշնամու ստորաբաժանումները միանգամայն անկաշկանդ տեղակայվել են Հայաստանի տարածքում։ Ոչ, նա սպառնում էր իր հայրենակիցներին՝ Սյունիքի «անհնազանդ» մարզպետներին ու քաղաքապետներին, հայտարարելով, թե նրանց բանտ է սպասում, հոգևորականներին, գիտնականներին, ինչպես նաև դաշնակցականներին՝ այն բանի համար, որ նրանք այրում են Թուրքիայի դրոշը... Սա հորինվածք չէ և ոչ էլ զգայական խաբկանք։ Թուրքերի փոխարեն խորապես վիրավորված Փաշինյանը հայտարարեց, թե իբր՝ Թուրքիայի դրոշն այրող ՀՅԴ անդամները հունիսի 20-ին այրելու են իրենց դրոշը... Հնարավո՞ր է նման բան պատկերացնել։ Ոչ։ Բայց այդուհանդերձ իրականություն է։

Դրանք հստակ մեսիջներ էին, որոնք Նիկոլը հնչեցնում էր՝ հասցեագրելով հայ ժողովրդի դեմ ոճրագործությունների գծով իր մեղսակիցներին՝ Ալիևին ու Էրդողանին։ Դա իր հավատարմության հերթական հավաստիքն էր թուրքական շահերին ու նպատակներին և յուրօրինակ երդում հայկական Սյունիքից, որի մի մասը թուրքերի կողմից բռնազավթված է մայիսի 12-ից ի վեր, բայց Փաշինյանը մատը մատին չի տալիս այն ազատագրելու համար։ Հակառակը, նա շարունակում է գործել իր տերերի հետ համահունչ, նախապես մշակված սցենարով, զուգահեռաբար և ցուցադրաբար։ Եվ նույնիսկ չի էլ թաքցնում դա։ Ինչպես սահմաններին, այնպես էլ ներքին դաշտում, որտեղ թուրքերն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա մնա իշխանության ղեկին։

ВЫИГРАЕТ ЛИ АЗЕРБАЙДЖАН ВЫБОРЫ В АРМЕНИИ?

Այսօր ուղիղ 5 շաբաթ է լրանում այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք և մնացին այնտեղ՝ Սյունիքում, իսկ հետո Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ 5 շաբաթ շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը մնում է բռնազավթված, իսկ թշնամին ահաբեկչական գործողություններ է իրականացնում ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Եթե վերհիշենք ժամանակագրությունը, ապա ապշեցուցիչ է, թե որքան հստակ ու տեխնիկապես անթերի է արվել ու արվում այդ ամենը. ինչ խոսք, Նիկոլիկի քաղտեխնոլոգները լավ են տիրապետում իրենց գործին։

Սկզբում շատ մեծ աղմուկ բարձրացավ, հնչեցին հայտարարություններ, պահանջներ, խոստումներ և այլն։ Այնուհետ ՀՀ իշխանություններն ասացին, թե ուզում են լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով և բանակցություններ են վարում: Այդ ամենն ուղեկցվում էր երդմնալի հավաստիացումներով, թե ոչ մի թիզ հող չի զիջվելու թշնամուն։ Այնուհետ Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ «խորհրդատվության համար» և խորհուրդ ստացավ ամեն ինչ լուծել խաղաղ ճանապարհով։ Մայիսի 18-ին Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ «ահեղ» հայտարարությամբ, թե իբր՝ եթե ադրբեջանական ուժերը ողջամիտ ժամկետում չլքեն ՀՀ տարածքը, ապա ՊՆ-ն կդիմի հարցի լուծման այլ, այդ թվում՝ ուժային մեթոդների։ Թե ինչ «ողջամիտ ժամկետի» մասին էր խոսքը, այդպես էլ մնաց անհասկանալի, քանզի այդ ժամանակից ի վեր անցել է գրեթե մեկ ամիս, իսկ «այլ» մեթոդներն ինչպես որ չկային, այնպես էլ չկան:

Հետո Նիկոլը հայտարարեց, թե, իբր՝ եթե ՀԱՊԿ-ին դիմելն անարդյունավետ լինի, Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Դա մայիսի 26-ին էր։ Դրանից մեկ օր առաջ Գեղարքունիքի մարզում գնդակահարել էին 32-ամյա հայ պայմանագրային զինծառայողին, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, ադրբեջանցիները գերեվարեցին վեց հայ զինծառայողների։ Օրերս վերադարձած 15 գերիներից 4-ը այդ խմբից էին, այսինքն սեփական երկրի տարածքում գերեվարված զինվորների վերադարձը Փաշինյանը հայտարարեց իր մեծ նվաճում, թեև հենց իր մեղքով են այդ տղաները հայտնվել գերության մեջ…

Հենց իր մեղքով. եվ դա կասկածի ենթակա չէ, քանզի արդեն պարզ է, որ թշնամու զինվորները՝ ավելի քան 1000 հոգի թվաքանակով, Հայաստանում կմնան առնվազն մինչև հունիսի 20-ի ընտրությունները։ Այս 5 շաբաթների ընթացքում նրանք ոչ միայն չեն հեռացել, այլև առաջ են շարժվել, խրամատավորվել, տեղավորվել, դիրքեր են կառուցում, ինժեներական աշխատանքներ իրականացնում. մի խոսքով՝ զգում են իրենց վստահ, հանգիստ, և գլխավորը՝ անվտանգ։ Ի տարբերություն Հայաստանի քաղաքացիների, որոնց նրանք սպառնում են, վնաս պատճառում և որոնց ուղղությամբ կրակում են։ Իսկ Փաշինյանն ու իր կառավարությունը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունը, արդեն ՈՉԻՆՉ չեն ձեռնարկում երկրի սահմանամերձ շրջաններից թշնամուն հեռացնելու համար։ Նրանք այդ մասին արդեն չեն էլ խոսում, և ոչ ոք չգիտի՝ բանակցություններ դեռևս ընթանո՞ւմ են, ո՞վ և ո՞ւմ հետ է բանակցում, հատկապես ինչի՞ մասին և ինչպիսի՞ք են արդյունքները։

Նախընտրական այցերով գնալով Տավուշ և Գեղարքունիք, իսկ երեկ նաև Սյունիք, վարչապետի պաշտոնակատարը մի բառ անգամ չասաց թշնամական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Սև լճի 30%-ի համար չարժե պատերազմ սկսել։ Այն մասին, որ այդ 30%-ը մեր Հայրենիքի մասն է, այդ տոհմազուրկ արարածը գիտակցաբար լռեց, փոխարենը մի քանի անգամ Սև լիճն անվանեց «սև ջուր»։ Ակնհայտ է, որ թուրքապաշտ Փաշինյանի համար հայկական ամեն ինչ դժգույն է, անդեմ ու սև

Եվ միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է կանոնավորապես մշտադիտարկում իրականացնում, այցելում այդ շրջաններ, փաստահավաք աշխատանքային խումբ է ստեղծել և զեկույցներ է կազմում, որոնցից էլ մենք իմանում ենք իրական վիճակի մասին։ Օրինակ, որ կրակում են հովիվների ուղղությամբ, անասուններ առևանգում, վախեցնում գյուղացիներին, գողանում նրանց ունեցվածքը, անկանոն հրաձգություն բացում, փակում ջրի աղբյուրները։ Եվ այդ ամենը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի անդամ երկրի ինքնիշխան տարածքում… Եվ այդ ամենի մասին Հայաստանի իշխանությունները լռո՛ւմ են։

Պաշտպանության նախարարության հատուկենտ, դեպքից դեպք հրապարակած հաղորդագրություններն ամենևին էլ այն մասին չեն, թե հատկապես ինչ է ձեռնարկվում թշնամու զորքերը դուրս բերելու համար։ Ոչ, Պաշտպանության նախարարությունը լոկ հայտնում է, թե իբր՝ կանխվել են ինժեներական աշխատանքներ կատարելու փորձերը, վերադարձվել են առևանգված անասունները, չի հաջողվել, փառք Աստծո, գերի տանել խաղաղ բնակիչներին, դադարեցվել է հրաձգությունը հայկական գյուղերի ուղղությամբ... Ասես՝ այդպես էլ պետք է լինի, և պետք է շնորհակալություն հայտնել նախարարությանը, որ կասեցրել են, կանխել, վերադարձրել մեր իսկ հողի վրա։ Ընդ որում հարցական է, թե որքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը. չէ՞ որ միանգամայն հնարավոր է, որ մեզ խաբում են նույնքան լկտի ու ցինիկ կերպով, ինչպես պատերազմի 44 օրերին։

Այս ամենը վաղուց նման է ինչ-որ անիրական բանի։ Եվ արդեն ոչ ոք չի կասկածում, որ հարևան ահաբեկչական պետության զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանում կմնան առնվազն մինչև ընտրությունները, քանզի դա ոչ մի «սահմանազատում» էլ չէ, այլ տարածքային զավթախուժում, որն իրականացվում է Հայաստանի իշխանությունների լիակատար և անվերապահ աջակցությամբ։ Եվ եթե Փաշինյանին հաջողվի ինչ-որ հրաշքով մնալ իշխանության ղեկին, այն տարածքները, որոնք այսօր բռնազավթված են, թուրքերին կհանձնվեն արդեն պաշտոնապես, ընդ որում՝ ոչ միայն դրանք, այլև մնացյալը։

Հենց այս համատեքստում պետք է ընկալել տեղի ունեցող ամենը։ Եվ ամենևին էլ պատահական չէ երեկվա վերնագիրը Բաքվի կոնտակտ.ազ կայքում. «Կհաղթի՞ արդյոք Ադրբեջանը Հայաստանի ընտրություններում»։ Այդպես է որ կա. կա՛մ թուրքերը կհաղթեն այս ընտրություններում՝ պահպանելով Նիկոլին, կա՛մ կհաղթեն հայերն ու կփրկեն իրենց երկիրը։ Ինչպես որ ամենևին էլ պատահական չէր Փաշինյանի երեկվա այցը Սյունիք՝ Շուշիում Ալիևի և Էրդողանի հանդիպման հետ միաժամանակ։ Դա երեք դաշնակիցների եռակի մեսիջն էր՝ ուղղված Հայաստանին ու հայ ժողովրդին, որ Շուշիից ու Հադրութից հետո զավթվելու է նաև Սյունիքը, Ադրբեջանին են հանձնվելու գյուղեր ու տարածքներ Տավուշի և Գեղարքունիքի, իսկ գուցեև այլ մարզերում։

Եվ եթե թուրքերին հաջողվի իշխանության ղեկին պահել իրենց հանցակցին, ապա նոյեմբերի 8-ին՝ «Ադրբեջանի պետական դրոշ» կոչեցյալ լաթի օրը, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Շուշի և ստրկաբար կխոնարհվի իր տերերի առջև։ Եվ որպեսզի դուրս շպրտենք թշնամու զորքերը մեր Հայրենիքի տարածքից, որպեսզի ազատագրենք Սյունիքը, Գեղարքունիքն ու Տավուշը, իսկ հետո նաև Շուշին, Հադրութն ու ողջ Արցախը թուրքերի նողկալի ներկայությունից, պետք է սկզբի համար վռնդել հենց իրեն՝ կապիտուլյանտին ու դավաճանին, և մաքրել Հայաստանը նրա նույնքան նողկալի ներկայությունից։ Մնացել է ընդամենը երեք օր։