ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ
Շատերը զարմանում են, թե ինչու է Փաշինյանն իր համար ամրագրել Հանրապետության հրապարակը հունիսի 20-ի ընտրություններից չորս օր անց։ Այսինքն մտադիր Է միտինգներ անել հունիսի 21-ից մինչև 24-ը։ Իրականում պատասխանը բարդ չէ. Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների երկրորդ փուլի։ Հնարավոր է՝ տվյալ դեպքում նա չի սխալվում։
Իհարկե, ամեն ինչ կհստակեցնի քվեարկության օրը, բայց, դատելով ամենից, ուժերից ոչ մեկը չի հավաքի ձայների մեկ երրորդից ավելի։ Իսկ դա ակնհայտորեն բավարար չէ կառավարության ինքնուրույն ձևավորման համար, ասենք, կոալիցիոնի համար էլ կարող է չբավականացնել։ Հիմնական խաղացողներից ոչ մեկը Փաշինյանի հետ աշխատել չի ցանկանում, իսկ հաղթանակի հավանական թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հնարավոր դաշնակիցները հազիվ թե հանրագումարում հավաքեն ձայների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է չբավականացնող այն տարբերությունը ծածկելու համար, որի առկայությունը թույլ կտա անհրաժեշտ մեծամասնություն ունենալ խորհրդարանում։
Երկրորդ փուլի սցենարը իրական է ընտրողների համեմատաբար ցածր մասնակցության դեպքում։ Եթե քվեարկության համար ընտրատեղամասեր չգա Փաշինյանից հիասթափված ընտրազանգվածը, որն արդեն ոչ մի պարագայում չի քվեարկի օգտին, բայց չի կողմնորոշվել՝ ում օգտին քվեարկել։ Եթե հաջողվի համոզել այդ ընտրողներին՝ գալ ու կատարել իրենց ընտրությունը, ապա նույնիսկ այն դեպքում, եթե նրանք քվեարկեն ոչ թե «Հայաստան» դաշինքի կամ նրա հավանական դաշնակիցների, այլ քաղաքական ընտրարշավի ոչ անցողիկ մասնակիցներից որևէ մեկի օգտին, դա, միևնույնն է, ձեռնտու կլինի հավանական դաշինքին՝ ի դեմս «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության։ Օրինակ, ոչ անցողիկ հենց նույն ՀԱԿ-ի կամ «Հանրապետության» օգտին տրված ձայները կնվազեցնեն Փաշինյանի օգտին տրված ձայների տոկոսային կշիռը, քանի որ վարչական ռեսուրսի հաշվին հենց վարչապետի պաշտոնակատարի ձայներն են առավել կայուն։ Այսինքն Փաշինյանին ընտրողը հունիսի 20-ին հաստատ կգա ընտրատեղամասեր։
Կարող է հարց ծագել. ինչի՞ հաշվին է Փաշինյանը իր բազմաթիվ ձախողումներից հետո ակնկալում չպարտվել առաջին փուլում ու երկարաձգել իրեն այնքա՜ն հոգեհարազատ միտինգային գործընթացը։ Այստեղ ամեն ինչ շատ հին է, ինչպես ասվում է խորհրդային վաղեմի ֆիլմում. կաշառք և սպառնալիքներ։ Չէ՞ որ ընտրակաշառքը բնավ ընտրողներին ճղճիմ կերպով փող բաժանելը չէ քվեարկության անմիջական նախօրեին։ Այսօր տեխնոլոգիաներն ավելի նրբաբնույթ են, թեև ոչ բարդ։ Կառավարությունը վաղուց է զբաղված այդ գործընթացով. և՛ բարձրացնելով հնազանդ ոստիկանների աշխատավարձերը, որոնք ավելի շատ են ստանում, քան սահմանի դիրքերում հերթապահող անհնազանդ զինծառայողները, և՛ համաներում շնորհելով դասալիքներին, և՛ հատուկ ծրագրերով դրամական օժանդակություն հատկացնելով այն համայնքներին, որոնք լոյալ են գործող իշխանության նկատմամբ։ Չենք խոսում արդեն ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու և ողջ Հայաստանը կրկին ամենաորակյալ ասֆալտով ծածկելու խոստումների մասին...
Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա Փաշինյանը բոլորովին էլ պատահական չէ սպառնում ասֆալտին փռել ու մուրճով ջնջխել իրեն չհնազանդվող համայնքապետերին կամ արտադրական մեծ միավորումների ղեկավարությանը։ Հաշվարկը կառուցված է այն բանի վրա, թե նրանք կվախենան։ Թեպետ, եթե վախենան, էլի վատ չէ։ Բայց գլխավոր հաշվարկն այլ բանի վրա է. Փաշինյանը, ինչպես միշտ, խաղում է մարդկային ամենանսեմ կրքերի վրա, քանզի միայն դրանք կարող են օգնել իրեն ստանալ, ասենք, հենց նույն սյունեցիների մի մասի ձայները, նույնիսկ անկախ նրանից, որ Փաշինյանի քաղաքականությունն ընդհուպ մոտեցրել է ադրբեջանական դիրքերը նրանց տներին։
Փաշինյանի հաշվարկն այն բանի վրա է, որ համայնքի, պրեֆեկտուրայի, քաղաքի կամ մեծ արտադրական միավորման ցանկացած ղեկավար ունի նաև չարակամներ։ Եվ հենց իրենց ընդդիմախոսներին բերանքսիվայր ասֆալտին փռած տեսնելու նրանց ցանկության վրա է խաղում վարչապետի պաշտոնակատարը։ Պետությանը սպառնացող վտանգ հանդիսացող մարդուն բնավ չի խանգարում քաղաքական լավ մարտավար լինելը…
Այնպես որ իշխանությունը, դատելով ամենից, ակնկալում է ընտրողի յուրաքանչյուր հինգերորդ քվեն, ինչը բավարար չէ հաղթանակի և կառավարություն ձևավորելու համար, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» անցողիկ կուսակցությունների մեջ դաշնակիցներ չունի։ Բայց հասարակությանը ընտրությունների երկրորդ փուլ պարտադրելու համար կարող է բավականացնել։ Այդժամ Հայաստանին կրկին սպասվում են կոշտ դիմակայության շաբաթներ։ Բայց այն, ինչը վատ է Հայաստանի համար, ձեռնտու է ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին։ Ձեռնտու է նաև Փաշինյանին։ Հանրահավաքներն ու ճղավոցը նրա տարերքն են, և նա միշտ ուրախ է երկարաձգել իր սրտին հարազատ այդ գործընթացը։