ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Միամտություն կլիներ կարծել, թե կապիտուլյանտի ու իր թիմի նախընտրական քարոզարշավը կարող է հիմնված լինել այլ բանի վրա, բացի հիստերիաներից, փողոցային հռետորաբանությունից, մրցակիցներին հասցերված սպառնալիքներից։ Ծիծաղելի կլիներ ՔՊ-ից ակնկալել փոքրիշատե լուրջ նախընտրական ծրագիր, որով նրանք կներկայանային մեղսունակ հասարակությանը։ Ապագայի ի՞նչ նորմալ ծրագրեր կարող են ծնվել նրանց գլխում, ովքեր պախարակում են անցյալն ու բացահայտ աղտեղում ներկայի մեջ: Ի՞նչ նոր գաղափարներ կարող են ծնել նրանք, ովքեր նույնիսկ իրենց ավելի վաղ հնչեցված խնդիրները ոչ միայն պարզապես չեն կատարել, այլ իսպառ մոռացել են դրանց մասին։

Այդ առումով, թերևս, հատուկ ուշադրության է արժանի ռազմավարական ծրագրման նիկոլական վերջին «գլուխգործոցը»։ Հիշեցնեմ. անցած տարվա նոյեմբերի կեսերին կապիտուլյանտը հայտարարեց, թե կազմել է երկիրն աղետից դուրս բերելու ճանապարհային քարտեզ, և հրապարակեց այն քայլերի ցանկը, որոնք մտադիր էր իրականացնել 6 ամսվա ընթացքում: Ու հավելեց. «2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»: Հունիսը եկավ, բայց նախընտրական ոչ մի հավաքի ժամանակ Նիկոլն այդպես էլ չհիշեց այն 15 կետերի իրականացման վերաբերյալ հաշվետու լինելու իր խոստման մասին, որոնք, իր վարկածով, պետք է կտրուկ դուրս բերեին երկիրը ճգնաժամից։ Ինքը չհիշեց՝ մենք կհիշեցնենք, թեև այսօր մի տեսակ ճղճիմ է խոսել պաթոլոգիկ ստախոսի հերթական դրժած խոստման մասին։

Նախ՝ պատկերի լիարժեք ընկալման համար հիշեցնեմ այսպես կոչված ճանապարհային քարտեզի նախերգանքը։ «Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»,- հայտարարեց Փաշինյանը։

Նշենք, որ նախանշված 15 գերակա խնդիրներից կատարվել է միայն մեկը. փոփոխություններ են մտցվել Ընտրական օրենսգրքում։ Իսկ այ մի քանի ուղղություններով նույնիսկ ոչ թե ոչինչ չի արվել, այլև ահռելի վնաս է հասցվել։ Օրինակ, նիկոլյան ճանապարհային քարտեզի առաջին կետն ասում է. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ»։ Անցած 6 ամիսների ընթացքում Արցախի կարգավիճակի հարցն ընդհանրապես հանված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից, Երևանը կոչ է անում Մինսկի խմբին զբաղվել արդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովմամբ։ Իսկ ահա նիկոլյան ճանապարհային քարտեզի ևս մեկ կետ. «Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ»։ «Շուտափույթը» ձգվում է արդեն ավելի քան կես տարի, իսկ կապիտուլյանտը հայտարարում է, թե ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր քաղաքացիները կարող են սպասել ևս մեկ-երկու ամիս:

Անիմաստ է թվարկել այսպես կոչված ճանապարհային քարտեզի բոլոր կետերը, որոնցով կապիտուլյանտն իբր մտադիր էր դուրս բերել երկիրը ճգնաժամից։ Նշենք միայն, որ այդ քարտեզով (և առանց դրա) երկիրը ամբողջ կես տարի շարունակել է կապիտուլյացիայի ենթարկվել, զիջել և կրել մի պարտությունը մյուսի հետևից։ Եվ դրա անմիջական պատասխանատուն Հայաստանի «պարտության ճանապարհային քարտեզի» հեղինակն է, կապիտուլյանտն ու պետության փլուզիչը։ Իսկ հիմա արտահերթ ընտրությունների միջոցով նա փորձում է բարդել այդ պատասխանատվությունը, ըստ էության, նրանց վրա, ովքեր իրեն մանդատ կտան երկիրն անդունդ գլորել շարունակելու համար։

Որքան էլ պարադոքսալ է, բայց Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք, լինելով կարծես թե սթափ վիճակում, մտադիր են տալ իրենց ձայնը կապիտուլյանին՝ իբր չունենալով այլընտրանք։ Շատ են նաև նրանք, ովքեր պարզապես որոշել են անտեսել ընտրությունները։ Մինչդեռ և՛ առաջինները, և՛ երկրորդները պարզապես պարտավոր են հասկանալ, որ դրանով ստանձնում են Նիկոլի նոր «ճանապարհային քարտեզի» պատասխանատվությունը՝ հավանություն տալով և սատարելով երկրի հետագա ոչնչացմանը։