ՍՊԱՍԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՃՈՃԱՆԻՎԻ՞Ն
Դե ինչ, համաքաղաքացիներ, բուռն քարոզարշավը վերջապես ավարտվեց, և եկավ «լռության օրը», երբ ընտրությունների մասնակիցների մասին հրապարակավ արտահայտել սեփական կարծիքն արգելված է։ Այնպես որ կփորձենք առանց նշելու անուններն ու կոնկրետ քաղաքական ուժերին՝ ամփոփել տպավորությունները։
Սկսեմ նրանից, որ քարոզարշավի մեկնարկից արդեն մի քանի օր անց սկսեցի խմել։ Վալերիանի կաթիլներ։ Չունենալով ալկոհոլային պրակտիկա՝ քնելուց առաջ կոնծում էի այդ անշառ թուրմը, որպեսզի գոնե գիտակցությունից անդին, քուն մտնելու պահից մինչև զարթուցիչի ծլնգոցը, պտույտներ չգործեմ քաղաքական դաշտում։ Առանձնապես չէր ստացվում, և ես արթնանում էի ջախջախված, ասես ամբողջ գիշեր բանավիճած լինեի ընտրությունների մասնակիցների հետ։ Ես պատրաստ էի վիճել նրանց հետ ցերեկով, բայց միասին գիշերնե՞ր անցկացնել։ Թո՛ւյն տվեք ինձ, թո՛ւյն։
Քարոզարշավի իրենց ընտրած մարտավարությամբ ընտրությունների մասնակիցները բաժանվել էին երկու ճամբարի։
Առաջին ճամբարում ագրեսիա և ատելություն էր տիրում։ Ճնշում մրցակցի վրա։ Սուտ ու բլեֆ։ Հարկ եղած դեպքում՝ խաղի կանոնների մանր խախտումների մարտավարություն։ Սաստիկ անհրաժեշտության դեպքում՝ պարզապես մարզակոշիկի սեպերով հարված ոսկորին, որպեսզի մրցակցին ընդմիշտ տանեն դաշտից։ Եվ հուսալիության համար՝ նախապես պայմանավորվածություն մրցավարի հետ: Իսկ Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողները որպես իրողություն կընդունեն հայտարարված արդյունքը, մանավանդ որ խաղը տեսնելու են այն տեսքով, ինչպես որ այն կմոնտաժեն հեռարձակման կազմակերպիչները։ Իսկ թե հետո ինչ ցույց կտա պատմություն-մայրիկի դեղագործական կշեռքը՝ ի՞նչ տարբերություն։ Չէ՞ որ պարգևն այսօր է տրվում։
Այո, իրավացի են գիտնականները, երբ ասում են, որ մեր լուսատուի մակերեսի հրավիժակներն ու բծերը ազդում են մարդկանց վրա։ Եվ ամռանն այդ ազդեցությունը, ըստ երևույթին, առանձնակի ուժգին է դրսևորվում։ Առաջին հերթին տուժում են նրանք, ովքեր ավելի մոտ են արևին. որքան ավելի բարձր է տվյալ պահին ճախրել մարդը, այնքան ուժգին է խփում նրա գլխին արևը։ Նորմալ երկրներում քաղաքացիները ժամանակ առ ժամանակ թարմացնող սառը ցնցուղ են կազմակերպում նրանց համար, որպեսզի մի քիչ ուշքի գան։ Իսկ մեզանում դրանք իրենց համար սավառնում են երկնքում հպարտ մենության մեջ՝ իրենց վրա վերցնելով արեգակնային ճառագայթման հիմնական հարվածը։
Նրանք հիշեցնում են ուղևորատար օդանավի խելագարված օդաչուի, որին թվում է, թե ինքը պարաշյուտ ունի։ Եթե նախապես չպոկես նրանց թևերը, ապա այնպիսի՜ ապագա կկառուցեն մեզ համար. չենք հասցնի ախ քաշել։
ԵՐԿՐՈՐԴ ՃԱՄԲԱՐՈՒՄ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԷՐ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԸ, այն կենսադրույթը, որ ամեն ինչ վճռում են ինտելեկտը, աշխատանքն ու կամքը, իսկ կանոնները պետք է նույնը լինեն բոլորի համար, և չի կարելի, ախր իրոք չի՛ կարելի պարզապես խաղատախտակից ճանկել տանուլ տալիք դիրքում գտնվող խաղաքարերն ու զարկել մրցակցի երեսին:
Չէ, առաջին ճամբարում էլ, իհարկե, դեմ չեն շախմատ խաղալ, բայց դա արդեն բոլորովին այլ խաղ է։ Պատկերացրեք, թե Պողոսն ու Պետրոսը շախմատ են խաղում։ Պողոսը միշտ խաղում է սևերով և առանց թագուհու։ Երբ նա խնդրում է, որ ինքն էլ խաղա սպիտակներով ու թագուհիով, Պետրոսը լուռ նրա երեսին է դնում չռած մատներով փրչոտ ձեռքն ու ուժեղ հրում։ Երբ Պողոսը ոտքի է կանգնում, Պետրոսը նրանից խլում է երկու նավակները. մեկը՝ աջ ձեռքով, մյուսը՝ ձախով։
Պողոսը տառապալից մտածում ու քայլ է անում։ Եթե Պողոսի քայլը Պետրոսին դուր չի գալիս, նա բռունցքով հարվածում է Պողոսի դեմքին և հրամայում ուրիշ քայլ անել։ Ինքը՝ Պետրոսը չի մտածում քայլերի մասին, քայլ է անում միանգամից, երկու անգամ անընդմեջ: Եթե Պողոսը սկսում է դժգոհել, կուլիսներից դուրս են գալիս իրավապահները, բռնում Պողոսի ձեռք ու ոտքից և գլխով զարկում պատին։
10-րդ քայլից հետո Պետրոսն առաջարկում է Պողոսին հանձնվել։ Եթե Պողոսը չի հանձնվում, նրան կապկպում են ու գլուխը մտցնում ջրով դույլի մեջ։ Իսկ Պետրոսը քայլ է անում ձիով։ Ընդ որում Պետրոսի ձին խաղատախտակի վրա շարժվում է ոնց խելքին փչի, և տախտակից նրան հեռացնելն արգելվում է։ Դրա համար ծեծում են աքացիներով ու նվաստացնում բարոյապես։ Դե, ո՞նց է ձեզ համար այդպիսի խաղը։
Իսկ բացի այդ երկրորդ ճամբարում տիրում էին համեստությունը, ողջամտությունն ու հնարավորությունների իրական գնահատականը, ինչը հաճախ հաջողության գրավականն է։ Պատկերացրեք հետևյալ իրավիճակը։ Նույն փողոցում գտնվում են չորս դերձակների արհեստանոցներ։ Առաջինի ցուցանակին գրված է. «Լավագույն դերձակը երկրում»։ Երկրորդին՝ «Լավագույն դերձակը Եվրոպայում»։ Երրորդին՝ «Լավագույն դերձակն աշխարհում»։ Չորրորդին՝ «Լավագույն դերձակն այս փողոցում». Ինչ եք կարծում, ո՞ր արհեստանոցը կնախընտրեն մարդիկ։ Ճիշտ է, վերջինը։
«Լռության օրը» մենք, իհարկե, չենք համոզում համաքաղաքացիներին, որ հունիսի 20-ին գնան հենց տվյալ կոնկրետ «արհեստանոց», այսինքն տան սեփական ձայնը այս կամ այն քաղաքական ուժի օգտին։ Մենք պարզապես ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին՝ գնալ ընտրությունների։ Քանզի մեր մասնակցությունից, հետևաբար՝ ընտրությունների արդյունքներից է կախված. կլինի արդյոք Հայաստան, թե ոչ։ Եվ սա ամենևին էլ պաթետիկա չէ և ոչ էլ չափազանցություն։
Այո, ապագան հայտնի չէ, բայց դրա նախօրինակները լիառատ են անցյալում։ Նյուտոնի բինոմը չէ. պատմության միանգամայն պարզ կրկնվող մեխանիզմներ են։ Բավականին վառ նախազգուշացնող կարմիր լամպերը թարթում են մոտավորապես նույն տեղերում: Այսօր այդ լամպերը շատ ուժեղ են թարթում:
Իհարկե, մենք կարող ենք ուշադրություն չդարձնել դրանց վրա և քարանալ։ Բայց հետո, մի ոչ այնքան գեղեցիկ օր այնտեղ, որտեղ քարացել ենք մենք, կզարկի հենց այն պատմական ճոճանիվը. չուգունե վիթխարի գունդը՝ Կլիո անունով։ Ու վերջ. կու-կո՛ւ։
Պատմության ճոճանիվը մեր անտարբերության դեպքում կզարկի անպայման, դա այն հատուկենտ բաներից է, որոնց անխուսափելիությունը կարելի է երաշխավորել: Սպասելու ենք, մինչև որ զարկի՞, քույրեր և եղբայրներ։