Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Իմ և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի զրույցը չստացվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբկցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ Ստրասբուրգում, Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։

Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որևէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են։ Սեիդովը պնդում էր, որ բոլոր ռազմագերիներին իրենք վերադարձրել են։

Փորձեցի վերջինիս բացատրել, որ ինքը հրաշալի հասկանում է, որ տղաները որևէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ ու նրանք օր առաջ պիտի վերադարձվեն Հայաստանին, սակայն վերջինս սկսեց արտաբերել ադրբեջանական ագիտպրոպի բոլոր հիմարագույն թեզերը։

Ի դեպ, Սամեդ Սեիդովը նաև հայտարարեց, որ իրենց հանձնված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Իմ դիտարկմանը, որ Հայաստանն առանց որևէ նախապայմանի ազատ արձակեց մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել, դրան էլ Սամեդը գրպանում դրված պատասխան ուներ, թե չկա որևէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։

Սեիդովը որևէ բացատրություն չուներ նաև, թե ինչո՞ւ են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

Փաստորեն, Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։

Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում և Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում, ինչի մասին ես խոսելու եմ այստեղ՝ այսօր ու վաղը։

News.am