Վարդան ԱՅՎԱԶՅԱՆ․ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՆ ԿԱՌԱՋԱՑՆԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ընտրական գործընթացին առնչվող սահմանադրական որոշ իրողությունների։

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` սահմանադրական մեծամասնության կողմից կառավարություն ձևավորելու իրավունքն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, եթե տվյալ քաղաքական ուժն ընտրություններում ստացել է քվեների առնվազն 54 տոկոսը։ Ըստ նրա` դեռ վաղ է կարծիք հայտնել ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ հայտնի չեն «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքի և մյուս ուժերի մոտեցումները: Նրանք կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները և բացառված չէ, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն ընդհանրապես հրաժարվեն մանդատներից և առաջանա նոր քաղաքական ճգնաժամ։

«Այդ դեպքում խորհրդարանը կազմված կլինի միայն մեկ քաղաքական ուժից, որն, ըստ էության, կունենա լեգիտիմության հետ կապված խնդիր ու կհայտնվի ճգնաժամային իրավիճակում։ Բայց պետք է հստակեցվի, թե ինչպիսի դիրքորոշում կցուցաբերեն հիմնական ընդդիմադիր միավորները։ Իրավական տեսակետից` սկզբում ընտրված պատգամավորներն են հրաժարվում մանդատից, այնուհետև ցուցակից դուրս գալու դիմում են գրում մյուսները։ Սա տեխնիկական կողմն է։ Եթե քաղաքական ուժը որոշի հրաժարվել մանդատներից, դա իրավական առումով իրագործելի է, որևէ խոչընդոտ չկա»,– նշեց իրավագետը։

Այվազյանի կարծիքով` ընտրություններին մասնակցած հաջորդ ուժերը չեն կարող մանդատ ստանալ, նման ընթացակարգ գոյություն չունի, քաղաքական ուժն Ազգային ժողով անցնելու համար պետք է հաղթահարի օրենքով սահմանված անցողիկ շեմը կուսակցությունների համար` 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։ Ըստ նրա` եթե «Հայաստան» դաշինքը չհրաժարվի մանդատներից, ապա այս խորհրդարանում կլինի 105 պատգամավորի տեղ, որովհետև 101 տեղը նախատեսում է Սահմանադրությունը, որին գումարվում են չորս պատգամավորներն ազգային փոքրամասնություններից։

Իրավագետի խոսքով` Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ իշխանության և ընդդիմության փոխհարաբերակցությունը չի կարող լինել ավելին, քան 2/3–ը 1/3–ից։ Որքան էլ իշխանությունը ցանկանա ձայն ստանալ, ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի առնվազն 1/3-ը։ Եթե ամեն ինչ ընթանա իր հունով և զարգացումներ չլինեն, ապա ԱԺ–ն կունենա 105 պատգամավոր, որի 58 տոկոսը կկազմեն իշխանության ներկայացուցիչները։

Sputnik Armenia