ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ, ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այո, Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Վարչական ռեսուրսն օգտագործվեց ողջ թափով։ Զինծառայողների ուղղորդվող քվեարկություն, միջնորդավորված ընտրակաշառք՝ դրամական օժանդակության հատկացման, գյուղացիներին անտոկոս վարկեր տրամադրելու տեսքով, ոստիկանների աշխատավարձի բարձրացում, համաներման շնորհում զինծառայությունից խուսափողներին... Սա ընտրարշավի մեկնարկի նախաշեմին Փաշինյանի կառավարության ձեռնարկած քայլերի ոչ ամբողջական ցանկն է: Փաշինյանը քաղաքական լավ մարտավար է, դա հերքելը հիմարություն կլինի։

ԲԱՅՑ ԿԱ ՆԱԵՎ ԱՅԼ ՓԱՍՏ. 2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ Նիկոլ Փաշինյանը կորցրել է մոտ 200.000 ձայն։ Ընտրողների ձայների ավելի քան 22%-ը, ընտրազանգվածի ավելի քան 1/5-րդ մասը։ Երկուսուկես տարվա ընթացքում։

Բացի այդ, խորհրդարանում այժմ Փաշինյանը կունենա ոչ թե «պայմանավորված ընդդիմություն»՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի», որոնք հաճախ փոխզիջումների էին գնում Փաշինյանի հետ, ընդհուպ մինչև այն, որ նրանց ներկայացուցիչները 2018-ին ընդգրկված էին կառավարության կազմում։ Հիմա պատկերն այլ է. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները Փաշինյանի հետ փոխզիջումները բացառում են, նրան անվանում ոչ այլ կերպ, քան դավաճան ու կապիտուլյանտ։ Եվ դժվար թե այդ հարցում ինչ-որ բան կարող է փոխվել։

Ի՞նչ ճանապարհով կգնա ընդդիմությունը։ Հեշտ է ենթադրել, որ այժմ ընդդիմադիր շտաբներում դիտարկում են արձանագրված խախտումները, որպեսզի որոշեն, թե արդյոք դրանք բավարար հիմքեր տալի՞ս են եթե ոչ հանրապետության, ապա առանձին տեղամասերի պարագայում ընտրությունների արդյունքների չեղարկման հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Շատ բան է կախված նրանից, թե նպատակահարմար կհամարի արդյոք «Հայաստան» դաշինքը պայքարել երկրորդ փուլի համար, թե՞ կնախընտրի օգտագործել իր պատգամավորական մանդատները Փաշինյանի վրա հետագա ճնշում գործադրելու նպատակով։ Այո, նրա վարկանիշը 2018 թվականից ընկել է ոչ այնքան, որքան շատերը կարծում էին. մարդիկ պատրաստ չեն այդչափ արագ ընդունել սեփական սխալները, ինչպես ակնկալում էր ընդդիմությունը։ Այդուհանդերձ միտումը բավական ակնհայտ է, և դրա բեկման նախադրյալներ չկան. Փաշինյանի կառավարությունը դեռ շատ պիտի խորշելի որոշումներ կայացնի։

Մի՞թե դա չէ պատճառը, որ նույն այն Փաշինյանը, որը վերջերս սպառնում էր մուրճով սատկացնել իր ընդդիմախոսներին, այսօր արդեն խոսում է առողջ ուժերի համախմբման անհրաժեշտության մասին։

Ի վերջո, չմոռանանք, որ հանրապետության մայրաքաղաքում Փաշինյանը հավաքել է ձայների 42%։ Այլ կերպ ասած՝ Երևանը, որտեղ Փաշինյանը չկարողացավ օգտագործել վարչական ռեսուրսը ողջ հզորությամբ, արդեն մերժել է Փաշինյանին վստահության հարցում։ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» համար դա շատ տագնապալի ազդանշան է։ Չէ՞ որ հենց Երևանում է հիմնականում կենտրոնացած հանրապետության քաղաքական, գործարար, գիտական և այլ էլիտան։

Փաստացի անհնար է խոսել Հայաստանում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին։ Ընտրությունների արդյունքները ճգնաժամի լոկ մեկ փուլն են, ոչ ավելին։ Հայաստանի քաղաքական դաշտին դեռևս սպասվում են ամենատարբեր այլ վայրիվերումներ։ Իսկ ընտրողը պետք է մտապահի, որ հավանաբար մեկ տարի հետո, իսկ գուցեև ավելի շուտ (կախված Փաշինյանի վարկանիշի անկման տեմպերից), կրկին ստիպված է լինելու գնալ ընտրատեղամաս։