Մարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՃՊԱՐԱՐՆԵՐԻ ԱՃՊԱՐԱՐՆ Ա, ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐԻ ԷԼ ՊԱԿԱՍ ՉԻ ԶԳՈՒՄ
Բանաստեղծ և հրապարակախոս Մարինե Պետրոսյանը գրում է.
«Մենք ծուղակում ենք հայտնվել։ Թակարդի մեջ։ Թակարդի մեխը «ժողովուրդ» բառն ա՝ «ժողովուրդ, ժողովրդավարություն», դրանով ա թակարդը աշխատում։
Ընկերներիցս շատերը ջղայնացել են հայ ժողովրդի վրա, որ Նիկոլը շատ ձայն հավաքեց։ Ինչ ասես գրում են՝ տեղն ա մեզ, էս ենք մենք, ուրեմն մեր ժողովուրդը Նիկոլին ա արժանի։ Բայց եկեք փորձենք նախ հասկանալ․ թե ինչու էդքան մարդ Նիկոլ ընտրեց։
Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջին՝ ատելությունը, որ Նիկոլը կարողանում ա գեներացնել իրա քաղաքական հառակորդների՝ «նախկինների» նկատմամբ։ Երկրորդ՝ պատերազմի վերսկսման նկատմամբ վախը, երբ մարդիկ վախենում են, թե նորից իրանց որդիները կգնան կզոհվեն, և էս ֆոնին՝ Նիկոլն իրա վրա ա վերցնում հաշտություն և խաղաղություն բերողի թիկնոցը։ Գիտեմ, գրածս վերջին նախադասությունը կարդալով, շատերը կասեն՝ ո՞նց, պատերազմը հրահրես, պատերազմը կարող էիր կանգնացնել չկանգնացնես, էդքան զոհեր տաս ու վերջում խաղաղության աղավնի ձևանա՞ս և ժողովուրդը քեզ հավատա՞, ուրեմն ժողովուրդը հիմար ա և արժանի ա Նիկոլին։ Չէ, իմ սիրելի ընկերներ, ստեղ հիմարության հարց չկա, մարդկանց վախի վրա հմտորեն աճպարարություն անելու հարց կա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը աճպարարների աճպարարն ա, հուշարարների էլ պակաս չի զգում։ Իրա հուշարարները աշխարհի համար քաղտեխնոլոգիաներ մշակող գլոբալ թիմից են։
Տարածաշրջանում վեկտորների փոփոխություն ա կատարվում և մենք հայտնվել ենք գլոբալ խաղի մեջ։ Եվ էդ խաղի մեջ, Նիկոլի միջոցով, մեր դեմ են օգտագործում մեր անցած երեսուն տարիների քաղաքական դիսկուրսը՝ թալանչիներ, ժողովրդի արյունը ծծողներ, գողապետություն։ Քաղաքական կոնկրետ բովանդակություն չունեցող բարոյախրատական դիսկուրս, որի միջոցով էլ հենց Նիկոլը եկավ իշխանության և որի միջոցով էլ հենց հաղթեց երեկվա ընտրություններում։
Ընկերներիցս շատերը ՀԱԿ-են ընտրել էս ընտրություններում։ Իրանց ասելով՝ ռեալիզմն են ընտրել, ռեալիստ նախագահ Տեր-Պետրոսյանին են ընտրել։ Լավ, ռեալիզմը չէր հուշո՞ւմ ընկերներիս, որ Առաջին նախագահը հաղթելու շանս չուներ, ռեալիզմը չէր ասո՞ւմ իրանց, որ Փաշինյանին հաղթելու շանս մենակ մեկ ուժ ուներ՝ Հայաստան դաշինքը։ Ուրեմն ինչո՞ւ էին իրենց նախնտրական քարոզչության առյուծի բաժինն ուղղում Քոչարյանի դեմ, ինչո՞ւ էին հորինում ու ժողովրդին վախեցնում, թե Քոչարյանը եթե գա Հադրութը հետ բերելու համար պատերազմ ա լինելու, դրանով ռեալի՞զմն էին պաշտպանում, թե «ազգակործան պատուհասին» էին օգնում հաղթել։
Իմ ընկերների մեծ մասը մտքի դաշտից են։ Էդ դաշտը քանակական առումով մեծամասնություն կազմել չի կարող։ Բայց ցանկացած երկրի մտավոր դիսկուրսը հենց մտքի մարդիկ են ստեղծում, ինչն էլ հետո տեղափոխվում ա քաղաքական դիսկուրս և ի վերջո ձևավորում էն առաջնահերթությունները, որից ելնելով բնակչության մեծամասնությունը՝ ժողովուրդ կոչվածը, ընտրում ա իրան ղեկավար։ Անգամ եթե հավանական ընտրակեղծիքներն ու վարչական ռեսուրսի օգտագործումն էլ նկատի առնենք ՔՊ-ի ստացած 53 տոկոսի մեջ, մեկ ա բոլորս էլ հասկանում ենք որ Հայաստանի բնակչության մի մեծ հատված Նիկոլին ա ընտրել իրան վարչապետ։ Դա նշանակում ա, որ թալանչիներին ասֆալտին ծեփելու նիկոլական դիսկուրսը, որը շարունակությունն էր «մազութ լափելու» և «թաթար-մոնղոլական գողապետության» ավելի հին դիսկուրսների, Հայաստանում դեռ իշխում ա։
Եվ քանի որ էդ դիսկուրսը իշխում ա, դրա օգնությամբ հմտորեն մարդկանց ուղեղներն ա մտցվում մյուս՝ գլոբալ հուշարարների համար կենտրոնական դիսկուրսը՝ «թուրքը մեր թշնամին ա դառել որովհետև իրան թշնամի ենք ասել, եկեք թուրքին էլ թշնամի չհամարենք, կդառնանք բարիդրացիներ»։ Նիկոլը ընտրություններով թարմացրեց իրա լեգիտիմությունը և հիմա անցնելու ա «բարիդրացիության» իրագործմանը, որն իրականում Հայաստան պետության վերացման ծրագիրն ա։
Թուրքիա պետությունը Հայաստան պետության բարին չի կամենում ոչ էն պատճառով, որ մենք ատում ենք թուրքերին կամ թուրքերը ատում են մեզ։ Ուղղակի Հայաստան պետության և Թուրքիա պետության շահերի վեկտորները իրար հակադիր են։ Անցած դարասկզբին Թուրքիան կայսրություն էր, եթե բուլղարների, սերբերի, հույների նման մենք էլ կարողանայինք անջատվել ու մեր պետությունը՝ Արևմտահայաստանը ստեղծել, էսօր Թուրքիան երկու անգամ ավելի փոքր կլիներ, իսկ Հայաստանը՝ երկու անգամ մեծ։ Ցեղասպանությունը թուրքերը հենց դրա համար արեցին՝ որ չկարողանանք։ Ու հիմա Հայաստանը պուճուրիկ պետություն ա, իսկ Թուրքիան հսկա երկիր՝ մեծ ախորժակով։
Էրդողանը Մեծ Թուրանի մասին ա երազում, ոչ թե գիշերները քնի մեջ ա երազ տեսնում, այլ բացահայտ՝ հանրային ելույթներում ա էդ երազի մասին խոսում, իսկ պուճուրիկ Հայաստանը խրված ա էդ երազի կոկորդի մեջ։ Դրա համար էլ երբ որ Ալիևը ասում ա՝ Զանգեզուրը մերն ա, Էրդողանը ծափ ա տալիս, երբ որ Ալիևը ասում ա՝ Սևանն ու Երևանը մերն են որովհետև էնտեղ ժամանակին ադրբեջանցիներ էին ապրում, Էրդողանը ծափ ա տալիս։ Իսկ մեր մտավոր դաշտը լուռ ա։ Իմ ընկերները տենց վուլգար բաների մասին չեն խոսում։ Իրանք սիրուն բաների մասին են խոսում, ասենք՝ ժողովրդավարության։ Ընկերներիցս մեկը գրել էր՝ իհարկե էս ընտրությունների արդյունքները լավը չեն, բայց կարևորը՝ ժողովրդավարությունը հաղթեց, խաղաղ հանգիստ ընտրություններ էին։ Այ եթե ընկերներս ու ես վուլգար բաներից խոսեինք, ասենք՝ Ալիևի ու Էրդողանի ելույթներին հետևեինք ու անդրադառնայինք, երևի ստիպված կլինեինք խոսել նաև էն մասին, թե մենք ի՞նչ ճանապարհ ենք ընտրում՝ դիմադրությա՞ն ճանապարհը թե «բարիդրացիության», այսինքն թե հանձնվելու ճանապարհը։
Պատասխանի երկու տարբերակների դեպքում էլ խոսակցությունը շատ բարդ կլիներ։ Դժվար կլիներ բարձրաձայն պնդել, թե ադրբեջանցիների հետ բարի դրացիներ դառնալու համար մենք պետք ա Սյունիքը տանք հերիք չի, նաև Սևանն ու Երևանը տանք։ Իսկ եթե դիմադրության ճանապարհը ընտրելու լինեինք, ուրեմն պետք ա բանակը ուժեղացնելուց խոսեինք, մեր երկրի տնտեսությունն ու սոցիալական կառուցվածքը վերափոխելուց խոսեինք։ Բայց հենց տնտեսությանը հասնեինք, էլի օլիգարխների թեման էր գալու, էլի հառնելու էր թալանի շուրջ պտտվող դիսկուրսի ուրվականը։ Դժվար էր լինելու էդ ուրվականին քշելը։
Ես ինքս թալանի դիսկուրսի և քաղաքական հակառակորդներին դիվականացնելու վտանգավորության մասին վերջերս հաճախ եմ գրում, բայց ինձ էլ դեռ չի հաջողվում էդ դիսկուրսը կազմաքանդել։ Դժվար ա իսկապես։ Շատ դժվար ա։ Բայց եթե մեր համար դժվար ա մեր իսկ ստեղծած դիսկուրսը փոխելը, ուրեմն եկեք չմեղադրենք ժողովրդին, որ գնում և Փաշինյան ա ընտրում՝ ինչ ա թե թալանչիներին ասֆալտին ծեփելն ա ուզում տեսնի։ Զոհին մեղադրելը ճիշտ չի։ Ժողովուրդը մեր իսկ ստեղծած դիսկուրսի զոհն ա։ Ու չի բացառվում՝ վաղը ամբողջ Հայաստան պետությունը դառնա մեր ստեղծած դիսկուրսի զոհը։ Եվ էդ դեպքում մեզ չի լինի ներում։ Մեզ՝ միտք ստեղծող մարդկանցս»։