«ՄՇՏԱԿԱՅՈՒՆ» ՌԵՍՈՒՐՍ

Թեև ընտրությունների արդյունքն անսպասելի էր, թեև դա տարբեր սոցիոլոգիական հարցումների հիման վրա արվող կանխատեսումների ճիշտ հակառակն էր, թեև այն (արդյունքը) հակասում է առողջ տրամաբանությանը, այդուհանդերձ քվեարկության արդյունքներն առանձնապես չեն զարմացնում:

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԹԵՐԵՎՍ ԱՅՆ, ՈՐ ԶԱՐՄԱՑՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ: Հատկապես նրանց միջավայրում, ում պարտադրվեց խաղն առանց կանոնների, ովքեր ընդունեցին այդ մարտահրավերը՝ հուսալով (բացարձակապես անհիմն), թե կանոնները կպահպանվեն։ Պատկերավոր ասած, երեք տարի շարունակ ընդդիմությունը փորձում է շախմատ խաղալ, երբ իր մրցակիցը շախմատի նույն տախտակի վրա Չապաև է խաղում։ Այնպես որ ընտրական խաղի մասնակիցների ներկայիս շոկային զարմանքը բավական տարօրինակ է թվում։

Մի՞թե որևէ մեկը կարծում էր, թե նիկոլիզմը չի դիմի զանգվածային աղաղակող խախտումների։ Մի՞թե որևէ մեկը կարծում էր, թե չի համարձակվի հովհարային հոսանքազրկումներ կազմակերպել քվեաթերթիկների լցոնման համար։ Մի՞թե որևէ մեկին թվում էր, թե վարչական ռեսուրսը, ճնշումն ու տեռորը չեն դառնալու այս ընտրությունների հիմնական հատկանիշը։ Անցած տարվա նոյեմբերի 10-ից հետո այս և համանման բոլոր հարցերը հռետորական են դարձել։ Բոլորին էլ պիտի պարզ լիներ, որ ինքնավերարտադրման համար սրանք կդիմեն ամեն քայլի, որ կարմիր գծեր սրանց համար գոյություն չունեն։ Ըստ էության, հունիսի 20-ին մենք պարզապես ստացանք դրա հերթական հաստատումը։

Այդուհանդերձ խոսքը հիմա այլ հարցի մասին է, որը հունիսի 21-ի առավոտից զետեղվել է հետընտրական հանրային քննարկումների օրակարգում. ինչպե՞ս, որտեղի՞ց կարող էր երկրում գտնվել բացահայտ ինքնասպան ավելի քան 680 հազար մարդ։ Մինչդեռ ակնհայտ է, որ այդ հարցը պետք է տային վաղուց և նրանք, ովքեր մասնակցում էին այս ընտրություններին։ Պետք էր պարզապես վերցնել ու հաշվել կապիտուլյանտի կայուն ընտրազանգվածի թիվը։ Իսկ դա (կայուն ընտրազանգվածը) եղել է և՛ երեք տարի առաջ, և՛ երեկ, և՛ կլինի վաղը։

Դեռ մոտ տասը տարի առաջ, փորձագետների տարբեր գնահատականներով, Հայաստանում հաշվարկվում էր բազմապիսի աղանդների ավելի քան 300 հազար հետևորդ։ Ակնհայտ է, որ անցած տարիների ընթացքում այդ թիվը զգալիորեն ավելացել է, և այսօր, թերևս, կարելի է խոսել առնվազն 400 հազարի մասին։ Այդ զանգվածն ամենաեռանդուն մասնակցություն ունեցավ և՛ 2018-ի փողոցային «թավշե» միջոցառումներին, ակտիվորեն քվեարկեց նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և՛ մասնակցեց, իհարկե, այս ընտրություններին։ Այդ մարդիկ նիկոլիզմի ընտրազանգվածային ռեսուրսի հիմքն են, դա մի զանգված է, որն առավել ենթակա է մանիպուլացման և կույր հնազանդության իր «առաջնորդի» կամքին։ Եվս հարյուր կամ երկու հարյուր հազարն էլ վարչական ռեսուրսն է, նրանք, ում ֆինանսատնտեսական, սոցիալական բարօրությունն այս կամ այն չափով կախված է, այսպես ասած, օրվա իշխանությունից։ Այդ ռեսուրսը (հաշվի առնելով նաև նրանց ընտանիքի անդամներին) միշտ եղել և մնում է ընտրազանգվածի կարևոր բաղադրիչը։

Այսպիսով, մոտ 600 հազարը կապիտուլյանտի կայուն ընտրազանգվածն է, որին ավելացել են նաև ահաբեկման, ճնշման, խախտումների և կեղծիքների միջոցով կորզած քվեաթերթիկները։ Համաձայնեք, պարզ մաթեմատիկա է։ Իրականում անցած ընտրությունների արդյունքները կարող էին այլ լինել այն դեպքում, եթե չքվեարկած ընտրողների գրեթե 50 տոկոսը գիտակցեր, որ հունիսի 20-ին լուծվում է Հայաստանի և հայ ժողովրդի գոյության հարցը։ Ավաղ, դա տեղի չունեցավ և սկզբունքորեն չէր կարող տեղի ունենալ։

Ընդամենը մի քանի ամիս առաջ ահռելի կորուստներ կրած, պատերազմի ողբերգություն վերապրած հասարակությունը բացառիկ անտարբերություն ցուցաբերեց պետական և ազգային շահերի նկատմամբ. ըստ էության, բոլոր այս ամիսներին ոմանք ապրում էին առօրյա կյանքով, մյուսները՝ զվարճանում, այդպես էլ չգիտակցելով, որ կործանվող երկրի փլատակների տակ կհայտնվեն նաև իրենք։ Հենց այդ գործոնը կանխորոշեց հունիսի 20-ի քվեարկության արդյունքը։ Եվ դրանք (արդյունքները) բնավ զարմանալի չեն։

Այսօր ընդդիմության օրակարգում պայքարի հաջորդ փուլն է։ Առայժմ հստակ չէ, թե ինչպիսին է դա լինելու, ինչ մարտավարություն կընտրեն ընդդիմադիր ուժերը։ Բայց միանգամայն պարզ է մեկ բան. անհրաժեշտ է հակառակորդի և սեփական ռեսուրսների սթափ վերլուծություն ու հաշվարկ։ Նույնիսկ եթե վաղը, կես տարի կամ մեկ տարի անց, ինչպես արդեն կանխատեսվում է, տեղի ունենան հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կապիտուլյանտի գրպանում միշտ կա 600-700 հազար ձայն։ Դա հաստատուն մեծություն է, դա նրա յուրօրինակ մշտակայուն ռեսուրսն է։ Իսկ այսուհետ... մտածեք: Մտածեք, թե ինչպես հետևել կանոններին՝ առանց կանոնների ընթացող մարտում, և ինչպես արթնացնել անտարբերներին։