Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՆՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԽՆԴԻՐԸ

Ադրբեջանն ու Թուրքիան առանց հայերի մասնակցության չեն կարող լուծել Հայաստանով անցնող ճանապարհի խնդիրը: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հերթական հայտարարությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին:

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա, բայց կա «հաղորդակցություններ» հասկացություն: «Երկրորդ պահն այն է, որ այս ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով: Ինչպե՞ս կարող են նրանք լուծել Հայաստանի խնդիրը առանց հայերի մասնակցության»,- նշեց փորձագետը: Տարասովը հատկանշական համարեց այն փաստը, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվեց Հայաստանում ընտրությունների նախօրեին: «Ուստի, գուցե, դրանով նրանք ցանկանում էին ազդել այս ընտրությունների արդյունքների վրա: Եթե այո, ապա դա նրանց չհաջողվեց: Ինչ վերաբերում է բազաների մասին հայտարարություններին, ապա դա անհեթեթություն է, դրանք չեն լինի: Բազան հայտնվում է երրորդ պետության կողմից սպառնալիքի առկայության դեպքում: Ո՞վ է հիմա սպառնում Ադրբեջանին: Ոչ ոք։ Դրդապատճառ չկա: Հետևաբար, նման հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին: Այս իմաստով Թուրքիայի հնարավորությունները խիստ չափազանցված են, իսկ ադրբեջանցիներն իրենց հերթին չեն ցանկանում կորցնել իրենց անկախությունը»,- նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը մայիսի 15-ին ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որում նշվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը: Էրդողանը չի բացառել նաև Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը:

News.am