Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին
Երեկ դատարանի որոշմամբ կալանավորման ենթարկված ու դատարանի դահլիճից Շենգավիթի ԲԿ տեղափոխված պրոֆեսոր Արմեն Չարչյանն այս պահին գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այս պահի դրությամբ նրա վիճակը ստաբիլ չէ, նա լարված և առողջական վիճակի տեսանկյունից ճնշված վիճակում է։ Գիտակցություն ունի, բայց նրան պարբերաբար բժշկական օգնություն է ցուցաբերվում, քանի որ արդեն ավելի քան 20 տարի ունի շաքարային դիաբետ ու նաև վերջերս տարել էր ծանր վիրահատություն»,– ասաց Ալեքսանյանը։
Փաստաբանը շեշտեց, որ Չարչյանն այժմ ունի առողջական վիճակի խիստ բացասական զարգացում, ինչը հանգեցնելու է բացասական հետևանքների։
Դրանից խուսափելու համար պրոֆեսորի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով, օգտվելով իր բացառիկ հնարավորությունից, վերացնել կալանավորումն ու խափանման միջոց ընտրել գրավը։
Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ գրավի համար բավական մեծ գումար են առաջարկել` 50 մլն ՀՀ դրամ։ Բայց առայժմ դատախազից պատասխան չեն ստացել։ Փաստաբանը նշեց, որ օրենքը նման դեպքերի համար 5-օրյա ժամկետ է նախատեսում, բայց հիշեցրեց, որ դեպքը անհետաձգելի որոշման է ենթակա։
Միաժամանակ Չարչյանի փաստաբաններն այսօր նաև Վերաքննիչ դատարան են դիմելու կալանքի որոշումը վերանայելու հայցով։