ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻՑ ՊԱՐԶ Է ԴԱՌՆՈՒՄ, ՈՐ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲԻՐՏ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Lragir.am-ի զրուցակիցն է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Պարոն Հարությունյան, ընտրությունների արդյունքները ինչպե՞ս եք գնահատում, ձևավորված խորհրդարանն արտացոլո՞ւմ է հասարակության ընտրությունը։

Վերահաշվարկի առաջին թվերը, որ եկան, արդեն պարզ է դառնում, որ տեղի են ունեցել բիրտ ընտրախախտումներ։ Ինչպե՞ս կարող են կուսակցության ձայները վերահաշվարկի արժամանակ 10-12 անգամ ավելանալ։ Դա, կարծում եմ, ակնհայտորեն ցույց է տալիս ընտրությունների ժամանակ խախտումների քանակը։ Այս վերահաշվարկն ուղղակի ցույց է տալիս ընտրախախտումների բիրտ բնույթը։

Միջազգային դիտորդները հիմնականում ժողովրդավար որակեցին ընտրությունները։

Ես իրենց դիտարկումները գնահատում եմ քաղաքական, այլ ոչ թե իրական։

«Հայաստան» դաշինքը և այլ ուժեր հայտարարել են, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով։ ՍԴ դիմելը ի՞նչ կարող է փոխել։

Այդ գործընթացը պետք է ընթանա և Կենտրոնական ընտրական հանձնաժողովով, և Սահմանադրական դատարանով։ Ինչպես տեսել եք, այսօր նաև ի հայտ են եկել զինծառայողների կողմից ուղղակի վերահսկելի քվեարկության մասին տեղեկություններ։ Երբ այդ ամենը պարզ կդառնա, նոր կարելի է գնահատել։

Իշխանությունները հայտարարեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ընտրությունների արդյունքներով 2/3 ձայն է ունենալու խորհրդարանում և սահմանադրական մեծամասնություն է կազմելու։ Սա ի՞նչ է ենթադրում։

Իրենք 2/3 չէին կարող ունենալ, անգամ եթե ձայները չփոխվեին։ Նրանք կունենային 2/3 մինուս 1։ Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեն՝ ասելով «սահմանադրական մեծամասնություն»։ Չկա նման հասկացություն։

Կան տեսակետներ, որ գործող Սահմանադրությունը պետք է փոխվեր նախքան ընտրություններ անցկացնելը, որպեսզի հնարավոր լիներ ավելի ժողովրդավար ընտրություններ ունենալ։

Ես կարծում եմ՝ Սահմանադրություն փոխելով՝ մենք չէինք կարողանա փոխել որևէ բան վարչական ռեսուրսի բիրտ կիրառման, վերահսկելի քվեարկության հարցում։ Չէինք կարող Սահմանադրության դեմն առնել, որ ինչ-որ հանցագործներ արհեստականորեն 10-12 անգամ նվազեցնում են կուսակցություններից մեկի ձայները։

Դուք խոսում եք վարչական ռեսուրսի կիրառման մասին, իշխանությունն էլ խոսում է ընդդիմության կողմից ընտրակաշառք բաժանելու, ընտրախախտումների հին մեթոդները կիրառելու փորձերի մասին։ Անգամ ձերբակալություններ եղան ընտրակաշառքի գործերով։

Ընտրակաշառքն անթույլատրելի է։ Եվ կապ չունի՝ դա ընդդիմության դաշտից է, թե իշխանության։ Բնական է, որ իրավապահ մարմինները կենտրոնացել էին հենց ընդդիմադիր թեկնածուների վրա։ Տեսնենք, թե ինչ հետևանքների հանգեցնելու դա, և այդ գործերն ինչ ավարտ կունենան։

Lragir.am