ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԴՈԿՏՈՐ ՉԱՐՉՅԱՆԻՆ

Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով

Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…

Պրոֆեսորի փաստաբան Արամ Վարդեվանյանը հայտարարեց, որ ոչ ոք չէր էլ կասկածում, որ Մելիքսեթյանը նման որոշում կկայացնի: «Հենց որ գործը փոխանցվեց նրան, իրավական հանրությունում սկսեցին խոսել այն մասին, որ Չարչյանի կալանավորումն անխուսափելի է»,- ընդգծեց փաստաբանը: Նրա խոսքերով, դատավորի ընտրությունը կատարվել է էլեկտրոնային համակարգի շրջանցումով, դոկտոր Չարչյանի գործը դատավոր Մելիքսեթյանին է փոխանցել Երևանի դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը: Հիշեցնեմ, որ խոսքը հենց այն դատավորի մասին է, որը ոչ այնքան վաղուց որոշել էր, թե «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը Արա Սաղաթելյանն է…

Ակնհայտ է, որ պրոֆեսորի դեպքում խոսքը քաղաքական հալածանքի մասին է, Չարչյանը երկրորդ նախագահի համոզված կողմնակիցն է և «Հայաստան» դաշինքի անդամ։ Երկրում մեծ համբավ վայելող բժիշկը ողջ կյանքում զբաղվել է նրանով, որ կյանքեր է փրկել, բուժել ավտովթարներից ոսկրային բարդ կոտրվածքներ ստացած մարդկանց, ծանրագույն վնասվածքներից հետո ոտքի կանգնեցրել նրանց, առաջ մղել գիտությունը, ուսուցանել ապագա բժիշկներին:

Քրեական հետապնդում հարուցելու համար հիմք է դարձել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործընկերների հետ պրոֆեսորի շփման ձայնագրությունը, որը հրապարակել է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքը, և դա միակ աղբյուրն է «հիմնավոր կասկածների» համար, թեև, ըստ պրոֆեսորի փաստաբանների, այդ ձայնագրությունը հավասարազոր է տեղեկատվության անանուն աղբյուրի, ուստի չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար: Ավելին, կալանքի սանկցիան տրվել է այն ենթադրության հիման վրա, թե գտնվելով ազատության մեջ՝ դոկտոր Չարչյանը կարող է խոչընդոտել արդարադատությանը, ճնշում գործադրելով վկաների վրա։ Իսկ հիմա՝ ամենամեծ անհեթեթությունը. խոսքը այն վկաների մասին է, որոնք արդեն ցուցմունք են տվել հօգուտ պրոֆեսորի։ Ինչո՞ւ պիտի Չարչյանը ճնշում գործադրի նրանց վրա, ովքեր առանց այդ էլ ցուցմունք են տվել, որպեսզի պաշտպանեն իրեն կալանավորումից։

Ավաղ, այս եվ այլ հարցերը ավելորդ գլխացավանքի շարքից են. Չարչյանին ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի զինակիցը լինելու համար, մնացյալ ամենը մանրուքներ են։ Ձայնագրությունից հետևում է, որ բժիշկը իր գործընկերներին կոչ է արել անպայման մասնակցել արտահերթ ընտրություններին, սակայն ոչ մի կերպ չի փորձել պարտադրել իր կարծիքը կամ ճնշում գործադրել՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով: Նրանք, ովքեր կյանքում թեկուզ մեկ անգամ շփվել են բժշկի հետ, կհաստատեն, որ այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են ճնշումն ու հարկադրանքը, խորապես խորթ են նրա էությանը և ոչ մի կերպ չեն կապակցվում նրա կերպարի հետ: Խափանման միջոցը՝ կալանքը, կբողոքարկվի ուրբաթ օրը։ Չարչյանը ստիպված է եղել բացատրել, որ վարչական արձակուրդում գտնվելը բնավ չի նշանակում՝ հրաժարում բժշկական պրակտիկայից, և լինելով արձակուրդում՝ աշխատանքի է եկել հիվանդներին բուժելու, այլ ոչ թե ինչ-որ մեկի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Եթե Վերաքննիչ դատարանում գործը հայտնվի «վնգստացող դատավորի» (Փաշինյանի բնորոշումը) ձեռքին, ապա պրոֆեսորը կալանքի տակ կմնա մեկ ամիս։ Համա՜ թե գտան՝ ում մեկուսացնել հասարակությունից։

Բժիշկների գործերը

Մինչ սրտի վիրահատություն տարած բժիշկը գտնվում է բանտախցում, հարց տանք. ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քրեական գործ չի հարուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի կողմից Ընտրական օրենսգրքի այն հոդվածի խախտման փաստի առթիվ, որ ընտրությունների նախօրեին ցանկացած քարոզչություն արգելված է:

Հայտնի է, որ հունիսի 19-ին Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է իր համախոհներին՝ ուղղորդիչ խոսքով: Ինչո՞ւ է օրենքի հանդեպ այդչափ ակնհայտ ոտնձգությունը մնացել անհետևանք։ Ինչո՞ւ այդ տեսանյութը չի դարձել ուսումնասիրության առարկա, չէ՞ որ ակնհայտ է ԸՕ-ի խախտումը։

Ավաղ, այս հարցերը նույնպես ավելորդ գլխացավանքի շարքից են. չէ՞ որ Չարչյանին, կրկնեմ, կալանավորել են ոչ թե այն պատճառով, որ նա իր ենթականերին խորհուրդ է տվել հունիսի 20-ին գնալ ընտրությունների, այլ որովհետև դավաճան-թերուսի ռեժիմը գենետիկ ատելություն է տածում գիտական աստիճաններ և մասնագիտական փայլուն հեղինակություն ունեցող մարդկանց նկատմամբ։

Առաջին արտահերթ ընտրություններից հետո (2018թ. դեկտեմբերի 9) ռեժիմը թիրախ էր դարձրել նշանավոր բժիշկ Արա Մինասյանին, որը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան և ընդ որում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայրն է։ Դոկտոր Մինասյանին հիշում են Արցախյան առաջին ազատամարտի բազմաթիվ մասնակիցներ... Հետո սկսվեցին հալածանքները 2017 թվականի գումարման խորհրդարանի նախկին խոսնակ, հայտնի բժիշկ Արա Բաբլոյանի դեմ. նոր իշխանությունը փորձում էր նրա դեմ քրեական գործ սարքել ծառայողական դիրքի չարաշահման հոդվածով: Դա Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հալածանքների թեժ պահին էր։ Այդ ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ հայկական առողջապահությունը ղեկավարում էր նախարար Արսեն Թորոսյանը, որին լեզուդ չի պտտվում անվանել բժիշկ։

Այդ նախարար կոչեցյալը համավարակի թափ առնելու պահին վերադարձավ Հարավային Կորեայից և մամուլի ասուլիսի ժամանակ անմիջապես հայտարարեց լրագրողներին, որ հրաժարվել է տեստ հանձնել։ Իսկ բացի այդ, Թորոսյան ասաց, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ և դիմակը կրելը պարտադիր չէ։ Այդ նախարարը վիրավորանք հասցրեց Արա Մինասյանին և նույնիսկ դատարանի որոշումից հետո հրաժարվեց ներողություն խնդրել վաստակավոր բժշկից։

Այդպիսին է այս իշխանության գենետիկ կոդը. այդ խաժամուժն ատում է նրանց, ովքեր հարգանք են վայելում հասարակության մեջ, ովքեր իրենց գիտելիքներով ու մասնագիտական հմտություններով օգուտ են բերում մարդկանց: Պարոնայք շարիկովները միշտ, բոլոր հեղափոխությունների ժամանակներում ատել են պրոֆեսոր Պրեոբրաժենսկիներին: Նրանք, ովքեր կարողանում են լոկ մակաբուծել ուրիշի արածի հաշվին և փլուզել այն, ինչը կառուցել են այդ ուրիշները, ատում են պրոֆեսիոնալներին: Իրենց ամենաոխերիմ թշնամիներ համարում նրանց, ովքեր կարողանում են ինչ-որ բան անել սեփական ձեռքերով։ Ապաշնորհները միշտ վրեժ են լուծում տաղանդավոր ու հաջողակ մարդկանցից, հոգու խորքում նրանք գիտակցում են, որ ընդունակ չեն արարման։

Մինչ բժիշկները ողջ երկրում մտահոգված էին Չարչյանի ճակատագրով, լուր եկավ այն մասին, որ իշխանությունը քաղաքական դրդապատճառներով փորձում Նևրոզների կլինիկայի գլխավոր բժշկի պաշտոնից հեռացնել մեր հայրենակիցներից շատերին քաջ հայտնի Ցոլակ Հակոբյանին։

Թորոսյանի ոչ պրոֆեսիոնալիզմը մեծ թվով կյանքեր խլեց մեզանից, բայց դրա համար ոչ ոք նրան չկալանավորեց ու պատասխանատվության չենթարկեց։ Պարզապես մինչև վերջերս իշխանությունն օրենքի անունով արգելում էր կորոնավիրուսից մահացածների դիահերձումը, ուստի Թորոսյանի անձնական առնչությունն այդ մահերին չի հաջողվի ապացուցել։ Այդ վայ-գործչի ցինիզմը բավականացրեց՝ ներողություն խնդրելու ժողովրդից, որ Հայաստանում յուրաժամանակ միջոցներ չեն ձեռնարկվել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Նման բանի համար ներողություն չեն խնդրում, դրա համար պատասխանատվության են ենթարկվում օրենքի ողջ խստությամբ, քանզի դա նույնիսկ բժշկական սխալմունք չէ, դա մաքառող տգիտություն է։ Հենց այդ հատկանիշի շնորհիվ էլ Թորոսյանը զբաղեցրեց վարչապետի խորհրդականի աթոռը՝ նախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո։

Ինչպեսև կանխատեսել ենք անթիվ-անհամար հրապարակումներում, վերարտադրությունից անմիջապես հետո իշխանությունը (իմա՝ Փաշինյանը) անցել է տոտալ բռնաճնշումների։ Դոկտոր Չարչյանը առաջին զոհն է, նրան կհաջորդեն ուրիշները, ապաշնորհ իշխանավորները իրենց չարությունը թափելու են գիտնականների, բժիշկների, իրավաբանների, դիվանագետների և ուսուցիչների վրա: Բոլոր նրանք, ովքեր պրոֆեսիոնալի հեղինակություն են վայելում, Նիկոլի ու իր հրոսակախմբի անձնական թշնամիներն են։ Իրենց գործում վարպետ մարդիկ սաստիկ նյարդայնացնում են իշխանությանը, նրա մեջ ցանկություն առաջացնելով անհապաղ փակել այդ մարդկանց ճաղերի հետևում։ Իշխանությանը պետք են միայն մանկուրտներ ու ժեխ, դրանց մանիպուլացնելը հեշտ է, քանի որ պատրաստակամ արձագանքում են «դըմփ-դըմփ-հո՛ւ» կարգի անհոդաբաշխ հրահանգներին և հեշտությամբ հավատում, թե Շուշին հայկական քաղաք չէ, իսկ դոկտոր Չարչյանը պետք է նստի բանտում։

Основная тема:
Теги: