ԵՐԿՈՒ ԿԵՊԻԱՎՈՐ
Ըստ երևույթին, ծաղրելով մարդկային գիտակցությունը, պատմությունը երբեմն զվարճալի զուգահեռներ է հրամցնում: Վլադիմիր Իլյիչ Ուլյանով-Լենինը նույնպես սիրում էր կեպի կրել: Ճիշտ է, այն ժամանակ տեխնոլոգիաներն այնքան էլ զարգացած չէին, և Իլյիչի կեպիի «Դուխով» դրոշմ չկար։
ԻՍԿ ԲԱՑԻ ԱՅԴ, ԸՆԿԵՐ ՈՒԼՅԱՆՈՎԸ ՔԻՆՈՏ ՄԱՐԴ ԷՐ: Վրեժ էր լուծում իր եղբոր՝ Սաշայի համար, որին ցարը կախել էր, որովհետև եղբայր Սաշան անհաջող մահափորձ էր կատարել ցարի դեմ: Մեր հերոսը նույնպես «վրիժառու» է։ Ճիշտ է, ոչ թե եղբոր, այլ հոգևոր հոր համար, որը 2008-ին խռովության հանեց մարդկանց, ինքը չտուժեց, իսկ այ 10 մարդ զոհվեց։ Երբ ընկեր Վոլոդյան որոշեց վրեժխնդիր լինել եղբայր Սաշայի համար, նա ասաց. «Մենք կգնանք այլ ճանապարհով»։ Գնաց ու լուծեց իր վրեժը։ Մեր հերոսը նույնպես որոշակի փուլում հրաժարվեց իր հոգևոր հոր ճանապարհից. Գնաց այլ ճանապարհով և նույնպես վերցրեց իշխանությունը։
Բացի այդ, մեր վրիժառուները երկուսն էլ կարճլիկ մորուս պահելու սիրահար են, համարելով, թե դա իրենց առնականություն է հաղորդում զոմբիացված ընտրազանգվածի և որոշ կանանց աչքում։ Զվարճալի է, բայց երկուսն էլ թերուս են։ Թեև զվարճալի բան չկա, պարզապես երկուսն էլ վաղ են հասկացել, որ իշխանությունը վերցնելու համար կրթությունը բնավ պարտադիր չէ: Երկուսին էլ բնորոշ է ատելությունն ինտելեկտուալ էլիտայի ու Եկեղեցու հանդեպ և սաստիկ սերը հոդվածներ ու գրքույկներ գրելու նկատմամբ։
Երկուսն էլ քայքայել են իրենց երկրի բանակն ինչպես կարողացել են։ Երկուսն էլ արդյունքում շատ տարածքներ են կորցրել։ Եղբայր Սաշայի համար վրեժ լուծողը՝ Լեհաստանը, Ֆինլանդիան, Կովկասը, Միջին Ասիան, Ուկրաինան, Մերձբալթիկան... Հետո դժվարությամբ վերականգնեցին այն բանի շնորհիվ, որ սկզբում իրենց դաշնակիցները հաղթեցին Գերմանիային, իսկ հետո իշխանության ղեկին պոպուլիստներին փոխարինելու եկան այլ մարդիկ։ Կայացման գործընթացը երկարատև էր. Կովկաս վերադարձան 1920-ին, այն էլ մասամբ. մի շարք տարածքներ վերադարձնել չհաջողվեց։ Միջին Ասիայում ճռռում էին մինչև 30-ական թվականներ։ Լեհաստանն ու Ֆինլանդիան վերադարձնել չհաջողվեց։ Մերձբալթիկան վերադարձրեցին 30-ականների վերջին... Հայաստանը, ավաղ, այդքան տարածքներ չունի։
Կարգախոսները գրեթե նույնն են, եթե հաշվի չառնենք տեխնոլոգիաների զարգացումը։ Հողը (էժան վարկերը)՝ գյուղացիներին, ֆաբրիկաները (մենք այդպիսիք չունենք)՝ բանվորներին, ժողովրդին վերադարձնել թալանվածը (թալանիր թալանը)։ Դե, և ամեն գնով խաղաղություն թշնամու հետ, որպեսզի զինվորները վերադառնան հայրենի օջախ…
Երկու դեպքում էլ իշխանության բռնազավթմանը նպաստեցին ռազմական գործողություններում կրած հարաբերական անհաջողությունները և նախկին առաջնորդների հոժարակամ հրաժարումն իշխանությունից, որոնք չցանկացան ամրապնդել իրենց իշխանությունը բռնի ուժով, արյունահեղությամբ։
Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էր մեր կեպիավորը լուծարում ոչ ամբողջությամբ իրեն ենթակա խորհրդարանը 2018-ի հոկտեմբերին։ Կարծում եք՝ դա ինքնօրինա՞կ քայլ էր։ Ընկեր Լենինը նույնպես 1918-ին ցրեց իրեն ոչ ենթակա Հիմնադիր ժողովը։ Առանց որևէ երկմտանք ապրելու այդ քայլի օրինականության ու նմանատիպ բաների առնչությամբ։ Խորհրդային պատմաբանները հետո հպարտորեն նկարագրում էին, թե ինչպես է նավաստի Ժելեզնյակը պատգամավորներին ասել. «Պահազորը հոգնե՛լ է»։ Հավանաբար, հավելել է ևս մի քանի խոսք, որոնք դասագրքերում չեն ընդգրկվել։ Ամենայն հավանականությամբ հավելել է, քանի որ ժողովի պատգամավորներն ամեն ինչ շատ արագ հասկացել ու ցրվել են։ Մենք ծով չունենք, համապատասխանաբար՝ չունենք նաև նավաստիներ, բայց փոխարենը ունենք «հեղափոխության պահապաններ»…
Դե, և վերջինը։ 1918-ին այդ մասին գիտեին հեղաշրջման բոլոր հիմնական մասնակիցները։ Հետո թեման փակեցին։ Եվ ամբողջ տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի Ռուսաստանում նախ շշուկով, իսկ հետո արդեն բացահայտ սկսեն խոսել այն մասին, որ ընկեր Վոլոդյայի համար «այլ ճանապարհով գնալը» նշանակում էր ոչ միայն թոզ փչել մարդկանց աչքին, այլև չխորշել որևէ միջոցներից ու դաշնակիցներից իշխանության համար պայքարում։
Սկսեցին խոսել, մասնավորապես, նաև այն մասին, թե ինչպես էին Լենինի համախոհները հեղափոխության համար գումարներ վերցնում այն ժամանակվա «բարերար Սորոսից» (ի դեպ, մարիխուանայի օրինականացման ակտիվ կողմնակցից)՝ Ալեքսանդր Պարվուսից (նույն ինքը՝ Իսրայել Գելֆանդ). ֆինանսական սպեկուլյանտից, որը համագործակցում էր գերմանական հետախուզության հետ։ Ինչպես պարզվում է, նաև թուրքականի (ավելի ճիշտ՝ երիտթուրքերի), ինչն էլ նրան հնարավորություն էր տվել հարստանալ։ Եվ ահա անցել է ոչ այնքան շատ ժամանակ, ընդամենը մոտ հարյուր տարի, և Ռուսաստանում, որպես արդեն ապացուցված փաստի՝ ֆիլմեր են նկարահանում այն մասին, որ առանց Պարվուսի դրամական աջակցության բոլշևիկներն իշխանության չէին գա։
...Այսօր 1917 թվականի իրադարձությունները Ռուսաստանում տարբեր կերպ են գնահատում։ Ոմանք համարում են, որ 1917-ին Ռուսաստանում հաղթել է բանվոր-գյուղացիական հեղափոխությունը: Մյուսները դա անվանում են բոլշևիկյան հեղաշրջում։ Երրորդների կարծիքով, 1917-ին Ռուսաստանում ծավալված իրադարձությունները պարզապես գերմանական հետախուզության հաղթանակն էին։ Իսկ Լենինն այդ ընթացքում շարունակում է պառկած մնալ Դամբարանում՝ որպես հիշեցում բոլոր խելամիտ մարդկանց ռազմատենչ պոպուլիզմի վտանգի մասին։ Մենք ոչ մի դաս չառանք։