Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ. «ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԵՐ ՍԿՍԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՐԴԵՆ ՀՈՒԼԻՍԻ ՍԿԶԲԻՆ»
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Բաքվում դատավարություններ են ծավալել՝ շինծու մեղադրանքներով ներկայացնելով մեր գերիներին իբրև դիվերսանտներ ու ահաբեկիչներ և ազատազրկման աներևակայելի ժամկետների դատապարտելով նրանց։
ԱՅՍՊԵՍ, ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՎԻԳԵՆ ԷՈՒԼՋԵՔՉՅԱՆԸ, որի ճակատագրի մասին «ԳԱ»-ն գրել է բազմիցս, հունիսի 14-ին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նա գերեվարվել է Մարալ Նաջարյանի հետ, որին, ինչպես հայտնի է, հաջողվեց ազատել գերությունից։ Ադրբեջանում Էուլջեքչյանին մեղադրել են ահաբեկչության, կազմակերպված հանցավորությանը մասնակցության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Ադրբեջանական դատարաններում մեր գերիների իրավունքները պաշտպանում են, եթե կարելի է այդպես անվանել, ադրբեջանցի փաստաբանները։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է դա տեղի ունենում, և վստահության ինչ աստիճան կա ադրբեջանցի փաստաբանի և նրա հայ պաշտպանյալի միջև։
Հենց այդպիսի կարծիք հայտնեց մայիսի 31-ին հրապարակված «Օր անգամ հապաղել չի կարելի։ Մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց» հոդվածում փաստաբան Հայկ Ալումյանը, հայտարարելով, որ կասկածից վեր է, որ թշնամաբար տրամադրված հասարակության մեջ ամիսներ շարունակ գտնվող և իր փաստաբանին անձամբ չընտրած մարդը երբեք չի կարողանա վստահել նրան։ Հետևաբար, նման պաշտպանությունը դատապարտված է ձախողման։
Նույն այդ հոդվածում մեր զրուցակիցը խոսեց այն անհրաժեշտության մասին, որ մեր փաստաբանները մեկնեն Բաքու՝ պաշտպանելու հայ գերիներին, նշելով, որ դրա համար կան միջազգային իրավունքի համապատասխան օրենսդրական հիմքեր:
Հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ Հ.Ալումյանի նախաձեռնությունը իրական զարգացում է ստացել։ ՀՀ Փաստաբանների պալատը քննարկումներ է կազմակերպել Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ գերիներին իրավական օգնություն ցուցաբերելու թեմայով: Քննարկումներին մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և նրա տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: Կիրակոսյանը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների գործերի քննության վերաբերյալ: Փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ գերիներին իրավական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության, ինչպես նաև հնարավոր խախտումների բացահայտման ու հիմնավորման հարցը: Պալատը մտադիր է դիմել Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններին, մասնավորապես՝ Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, Փաստաբանների կոլեգիային և այլն, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, խնդրելով օժանդակություն ցուցաբերել հայ պաշտպանների Ադրբեջան մեկնելու և նրանց անվտանգությունն ապահովելու հարցում:
Մեր զրուցակից Հայկ Ալումյանը համարում է, որ Ադրբեջանն այս հարցում դժվար թե մերժի ՀՀ Փաստաբանների պալատին: Նրա խոսքերով, անչափ ցանկալի կլիներ արդեն հուլիսի սկզբին մեկնել Ադրբեջան և գործի անցնել: Նրա կարծիքով, դա միանգամայն իրագործելի է, և ինքը՝ Ալումյանը, մտադիր է լինել փաստաբանների այդ խմբի կազմում։ Հավելենք, որ արդեն այս պահի դրությամբ մի քանի տասնյակ փաստաբաններ ցանկություն են հայտնել մեկնել Բաքու և ձեռնամուխ լինել հայ գերիների պաշտպանությանը: Նախնական քննարկումների արդյունքներով կձևավորվի 10-հոգանոց խումբ, որը բաղկացած կլինի արական սեռի փաստաբաններից։
Փաստաբանների պալատի նախաձեռնությունն արժանի է հարգանքի։ Բոլոր հիմքերը կան՝ հուսալու, որ այն կիրականացվի։ Իսկ թե որքան անհրաժեշտ են գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայ պաշտպանները, բացատրելու հարկ չկա։ Կասկածից վեր է, որ մեր փաստաբանները կանեն ամեն հնարավորն ու անհնարինը՝ հայ գերիներին պաշտպանելու համար։