ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը չի բացառել Փաշինյանի կողմնակիցների պառակտումը
Հայաստանի համար կարևոր է մշակել հայկական պետականությունն ամրապնդելուն ուղղված ուղիներ, որոնք կարտահայտեն ոչ միայն, օրինակ, Երևանի, այլ նաև Արցախի և ամբողջ հայության շահերը: Այդ համատեքստում կարևոր է հաշվի առնել նաև արտաքին գործոնը: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի աշնանը Արցախում պատերազմը հրահրվել է աշխարհաքաղաքական գործոններով, քանի որ Ադրբջանին աջակցում էր Թուրքիան և Մեծ Բրիտանիան (որն այսօր վարում է ԵՄ-ն քայքայելու քաղաքականություն):
«Brexit-ից հետո Լոնդոնը շահագրգռված է, որ ստեղծի իր համար աշխարհում նոր ազդեցության ոլորտ, նախ, ԵՄ-ն քայքայելու հաշվին: Մեծ Բրիտանիան մեծացնում է իր ազդեցությունը հենց Փոքր Ասիայում Թուրքիայի հետ փոխազդեցության միջոցով՝ ամրապնդելով նաև Ուկրաինայի դիրքերը, շատ ակտիվորեն ներգրավվելով Հայաստանում և Վրաստանում: Երբեմն Հայաստանում որոշ արևմտամետ քաղաքական գործիչներին մեղադրում են Թուրքիայի շահերն առաջ տանելու մեջ՝ չնայած իրականում դրանք կողմնորոշված են դեպի Բրիտանիան: Դեռևս հայտնի չէ՝ ի՞նչ հետևանքներ կունենա տարածաշրջանում Լոնդոնի ազդեցության ամրապնդումը:
Այդ ազդեցությունն արհեստական է, դա այդ տարածաշրջանի համար չէ: Դեռևս հայտնի չէ՝ ինչ ավարտ կունենա հասունացող եվրոպական ճգնաժամը: Այդ առումով ծագում են լուրջ տարաձայնություններ Բրիտանիայի և Գերմանիայի, Բրիտանիայի և Ֆրանսիայի (որտեղ հայկական սփյուռքն ուժեղ է) միջև: Այդ ամենը չի կարող չանդրադառնալ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ուրիշ երկրներում արևմտամետ ուժերի վրա: Ուստի ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ինչ-որ փուլում կբաժանվեն երկու ճյուղի. մեկն ավելի շատ կուղղվի դեպի ԵՄ-ն, մյուսը կբռնի Բրիտանիա-Թուրքիա ուղին»,-նշել է Լեպեխինը:
Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանին դեռևս երկար ու դժվար տարիներ են սպասվում. ե՛ւ կայունության, ե՛ւ պետականությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ՝ չտրվելով տարբեր արևմտյան նախագծերին:
«Հայկական պետականության անկման սցենարը հավանական է: Եթե չլիներ Ռուսաստանի գործոնը, որը գոնե կկայունացներ իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ապա ես կարծում եմ, որ Հայաստանի կործանման գործընթացը կշարունակվեր շատ ավելի մեծ դինամիկայով: Պարտությունից հետո Հայաստանը հակազդելու համար ռեսուրսներ չունի: Ուստի եթե վերոնշյալ գործոնը չլիներ, ապա քաղաքական համակարգի խճճվածության և քաղաքական առաջնորդների ոչ միանշանակ մոտեցումների ուժով հայկական պետականության կործանման գործընթացը կընթանար շատ ավելի արագ: Սակայն դեռևս ռուսական ներկայությունը կայունացնում է իրավիճակն ու զսպում Հայաստանում արևմտամետ ուժերին լիարժեք ուղղել երկիրը, պայմանականորեն ասած, դեպի ՆԱՏՕ-ն»,-հավելել է նա:
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ հայկական պետականության ճգնաժամը երկարատև կլինի, և դեռևս դրանից դուրս գալու տարբերակներ չկան:
«Ամեն ինչ կախված է հայկական էլիտայի պայմանավորվածություններից, սակայն դա բավարար չէ, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ չնայած Փաշինյանը, Քոչարյանն ու Սարգսյանն ինչ-որ բանի մասին պայմանավորվել են՝ ժողովուրդն, այնուամենայնիվ, քվեարկել է իր սեփական տրամադրություններից ելնելով: Ուստի նրա հետ կարելի է աշխատել: Ազգի կոնսոլիդացիայի համար քիչ է իշխող կուսակցության կուրսի փոփոխությունը: Կարևոր է, որ ընդդիմությունը գիտակցի իր թերություններն ու սկսի աշխատել բնակչության հետ, առաջարկել իրական ծրագրեր իրավիճակից դուրս գալու համար»,-եզրափակել է Լեպեխինը: