Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ. Հայաստանին անապատացում է սպառնում

Հայաստանին անապատացում է սպառնում: Այս մասին «TALK TIME» հաղորդման եթերում ասաց գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երկրի տարբեր մարզերում արդեն երկար ժամանակ է՝ գործում է ոռոգման միևնույն ռեժիմը: Նա պարզաբանեց, որ ոռոգման խնդիրները չի կարելի կապել միայն կլիմայական փոփոխությունների հետ, կարևոր է նաև կառավարել ջրային ռեսուրսները, կարևոր է ջրամբարների կառուցումը:

«Դեռևս մեկ ամիս առաջ պետք էր քննարկել խնդրի լուծման տարբերակները: Երբ ազդանշաններ հայտնվեցին, որ քիչ տեղումներ են լինելու և օդի ջերմաստիճանը բարձր է լինելու, արդեն այդ ժամանակ պետք էր առաջարկել խնդրի լուծումները, գնահատել հնարավոր ռիսկերն և դրանք նվազագույնի հասցնել Արմավիրում, օրինակ, այս պահին կան լուրջ կորուստներ (բանջարեղենի): Պետք է մտածել փոխհատուցման մասին»,-նշեց Հարությունյանը:

Նա անթույլատրելի անվանեց Սևանում ջրի մակարդակի պահպանման հարցով իշխանության քաղաքականությունը բնակչության աղքատության մակարդակի բարձրացման հաշվին:

«Դա անվտանգության հարց է: Լճում ջրի մակարդակը միշտ տատանվել է: Մեր դեպքում մարդկային գործոնը հանգեցրել է գյուղատնտեսության ոլորտում ճգնաժամի: Հարցերը լուծելու փոխարեն մոլորեցնում են մարդկանց: Գյուղատնտեսության ոլորտում պետք են նոր մոտեցումներ, պետք են համակարգային ծրագրեր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկրաժամկետ հեռանկարում»,-նշեց նախկին փոխնախարարը:

«Գերատեսչությունը պետք է փոխանցել ջրային ռեսուրսների կառավարման՝ համակարգված քաղաքականության համար: Նախ պետք է կարգի բերել ոլորտը, ապա մտածել կաթիլային ոռոգման մասին: Մարդիկ, ովքեր չեն իրականացնում իրենց գործառույթները, պետք է պատիժ կրեն»,-հավելեց Հարությունյանը:

Նրա պնդմամբ՝ նոր իշխանությունները բարեփոխումների իրականացման համար ունեին երեք տարի, և այդ ժամկետը բավարար էր առաջընթաց գրանցելու համար, տեղեկացնում է News.am: